«1998 թվականից հետո Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է ընդդիմություն եղել, եթե գտնում է՝ իրեն ստեղծել են, ես կարծիք չունեմ: Ինձ չեն ստեղծել, ես եղել եմ ընդդիմություն եւ ոչ մեկի կամքով չեմ եղել ընդդիմություն, եթե ընդդիմությունը, որպես ընդդիմություն ինձ պետք է ստեղծեր այն ժամանակվա գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը կամ ինչ-որ մեկի կամքով ու թելադրանքով, հնարավոր է՝ ինչ-որ քաղաքական ուժերի հետ եղել են այդպիսի պայմանավորվածություններ, բայց շարքային կուսակցականն այդ մասին չի իմացել, եղել է կուսակցության կազմում մոլորյալ կուսակցական՝ չիմանալով, որ ինքը կեղծ ընդդիմություն է:
Եթե կան այդպիսի փաստեր, պետք է հրապարակել, որ ամեն մեկն իմանա՝ ինչքան է ինքը խաբված եղել, թե, ի վերջո, այդ քաղաքական ուժը, որը գնացել է իշխանությունների հետ համագործակցության ու պատրաստ է եղել լինել պատվիրված ընդդիմություն, լավ կլինի, որ բացահայտվի ու այսուհետեւ նման գործելաոճ քաղաքական դաշտում որեւէ անձ իրեն թույլ չտա»,- նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կատարած հայտարարությանը, թե «մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում»:
Զոյա Թադեւոսյանը չբացառեց պատվիրված ընդդիմության գոյությունը՝ միաժամանակ պնդելով, որ իր կասկածները ՀԱԿ-ին չեն վերաբերում. «Խոսում եմ ու մտածում՝ հնարավոր է նման բան եւ չեմ կարող բացառել, համենայնդեպս, այն քաղաքական ուժին, որում ես գտնվում եմ, չի վերաբերում: Ես պատվեր չեմ տեսել եւ չեմ կարող կասկածել, մենք ինչ արել ենք, արել ենք ազնիվ, եղել ենք վճռական, ու որեւէ մեկը չի կարող ասել, որ ՀԱԿ-ին ցուցում են տվել գնալ պայքարել կամ ասել են՝ մի պայքարեք, ժամանակավորապես դադարեցրեք:
Կրկնում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանն ունի փաստեր, թող հրապարակի: Ես կասկածամտության ու ակնարկների միջոցով ինչ-որ բան տեղ հասցնելու նպատակով ակնարկ անելը ճիշտ քաղաքականություն չեմ համարում: Քաղաքականության մեջ էլ մարդն ազնիվ ու ուղղամիտ պետք է լինի, ես չէի ցանկանա քաղաքական նոր իրադրությունում շարունակվեր նույն ակնարկների կամ տարբեր ուղերձների միջոցով ժողովրդին ինչ-որ բան հասկացնելու պրակտիկան, թող ուղիղ ասի, ժողովուրդն իմանա՝ ընտրություններից առաջ որ քաղաքական ուժին ձայն տա, որին ընդհանրապես մերժի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ