Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ստիպված էր դառը ճշմարտությունն ասել». Սամվել Նիկոյան

Նոյեմբեր 12,2018 21:15

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանին դուր է եկել Ղազախստանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` 350  հազար աշխատողների եւ 800 հազար չաշխատողների, աշխատելու ցանկություն չունեցողների եւ պահանջողների մասին, որը հանրային լայն արձագանք գտավ:

Շատերը հիշեցին անգամ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի համանման հայտարարությունները`Հայաստանի համայնքների միության վերջին համագումարում:

«350  հազար մարդ աշխատում է եւ 800 հազար մարդ պահանջում է էդ 350  հազար մարդուց, ասում է`մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու: Է, ոչ մեկ չի ասում, որ էս 350  հազար մարդը ճռռում ա, 800 հազար մարդ ուզում ա ավելի շատ ճռռա: Մենք պիտի մարդկանց քաջալերենք աշխատանքի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ՀՀԿ-ական գործիչը որակում է «սթափ մտածողի, պետության ղեկավարի» դիրքորոշում: «Իշխանությունը չի կարող միայն գեղեցիկ բառեր ասել, իշխանությունը պետք է անի գեղեցիկ գործեր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Նիկոյանը`հավելելով, որ իշխանության արածի եւ ասածի նպատակը պետք է արդյունքը լինի:

«Ամբողջ իշխանության բեռը զգալով ինքն արեց այդ հայտարարությունը, որը նախկին իշխանությունը եվս արել էր: Սոցցանցերում տեսել եմ`իրար կողք Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները`իրենց բովանդակությամբ եւ իրենց էությամբ միմյանցից չտարբերվող: Եթե խնդիրը կա, յուրաքանչյուր իշխանության ղեկավար, կառավարության ղեկավար, պատասխանատու մարդ, գալիս է նրան, որ ստիպված է դառը ճշմարտություններ ասել: Ես դա դրական եմ գնահատում: Կցանկանայի, որ որեւիցե մեկը չօգտվեր առիթից եւ ասեր`բա~հիշում եք, դուք ութ ամիս առաջ ասում էիք, որ ժողովուրդը լավ չի ապրում, որովհետեւ մեղավորը սա է, նա է, որ դուք լավ ժողովուրդ եք, այն բոլորը գողացել են եւ այլն, եւ այլն»,- ասաց Սամվել Նիկոյանը` հավելելով, որ մարդիկ ներշնչված էին այն գաղափարով, որ իրենց վատ ապրելու մեղավորներն իրենք չեն այլ «գողացողները» եւ սպասում էին, որ պետք է ինչ-որ մեկից այդ գումարները խլեն, տան իրենց, որ ապրեն:

Սամվել Նիկոյանն արձանագրում է`առաջին անգամ վարչապետից անկեղծ գնահատական լսեցինք, ինչը ողջունելի է. «Ոչինչ, ութ ամիս առաջ ինչ ասել`ասել է, կարեւորը, հիմա գոնե ճիշտ բաներ ասի: Եւ ոչ միայն այդ հարցում, այլ մնացած հարցերում եվս»:

Դիտարկմանը`փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ գնում է ՀՀԿ-ի իշխանության ճանապարհով, մինչդեռ իշխանության եւ պետության խնդիրը հանրության համար համապատասխան միջավայրի ստեղծումն է, որտեղ  ներդրումներ կլինեն, աշխատատեղեր կբացվեն: Սամվել Նիկոյանը`պետության եւ իշխանության առաքելության մասով համամիտ է, բայց արձանագրում է, որ այս տարին այդ առումով անբարենպաստ էր, քանի որ «ներդրումները հանգիստ են սիրում»:

«Ոմանց, այդ թվում նաեւ Նիկոլին, թվում է, որ այ հեղափոխություն է, այ արդարություն ենք հաստատել, սա ենք արել, նա ենք արել, ինչ-որ դրական կողմնորոշիչներ է ասում եւ իրեն թվում է, որ ինքը դրանով կարող է ներդրումներ հրապուրել: Մինչդեռ կապիտալը հանգստություն, պաշտպանվածություն է սիրում: Համ ասում են`փռեմ ասֆալտին, ծեփեմ պատին, համ ասում են`ներդրումներ…եթե դու տրամադրում ես հասարակությանը հարուստ մարդկանց, գործարարների դեմ, վարկաբեկում ես նրանց, կասկածանքներ ես առաջացնում, արդյունքը լինում է այն, որ ոչ մեկը չի ցանկանում ներդրումներ անել: Ի վերջո, ներդրում անողը հարուստ մարդն է»,- ասաց պարոն Նիկոյանը:

Հարցին`այս արտահերթ ընտրությունները լուծելո՞ւ են ներդրումների խնդիրն, ինչպես իշխանությունն է ակնկալում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ, կլուծեն: Մեր հասարակության այդ 800 հազար մարդը դեռեւս նստած սպասում են, որ ինչ-որ մեկից գումարները խլելու է`տա իրենց, որ ապրեն. թերեւս այդ 800 հազարը, գլոբալ առումով, կլինի այն բազան, որի վրա հիմնվելու է այս իշխանությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս նիւթով եւս, նորէն, ծուռ կերպով է կատարւում «ընկերային ցանցերու» քննարկումը:

    Եթէ թէ՛ նախկին նախագահը եւ թէ՛ այժմու վարչապետը նոյն բանն են ասում, այս մասնայատուկ նիւթով, դա կը նշանակէ հմնականօրէն մի բան՝ թէ իրենց ըսածը անհերքելի իրականութիւն է, ճշմարտութիւն է:

    Այժմու վարչապետը այսպիսի առիթներով է որ ցոյց կու տայ թէ նա ունի հարկաւոր հմտութիւնը, կատարելու համար իր ստանձնած պետական գերագոյն պատասխանատւութիւնները: Դժբախտաբար, աննախատեսելի, հազուադէպ եւ կամայական են միայն, անակընկալի պէս են՝ այսպիսի ճշմարտախօսութեան, լրջութեան պահերը: Մաղթենք որ աւելի յաճախակի դառնան, ընտրութիւններէն ետք:

  2. Հ.Շ. says:

    so, i have mixed feelings about this latest brouhaha on the so-called social networks

    in the sense that, there you have it!, yet another proof that Pashinian is just another typical politician, namely a liar who easily manipulates a dumbass population with gross deception, cheap lies and obvious illusions, etc. etc.,
    sure, that is good… սիրտ կը պաղեցնէ… օ՛խ ըլլայ խմբուողներուն

    but this also means that what Pashinian is saying there, on that specific point, is… true

    basically մեծ մասամբ թեմպելներու երկիր մըն է, where a lot people are just lazy bums, who want to live, and live well s’il-vous-plaît, on outside assistance, government handouts and whatnot

    so… I don’t know how to feel about this one…

  3. Քաղաքացի says:

    Մեկ հոգեբանական դիտարկում: Նույն մտքերն ու արտահայտությունները տարբեր մարդկանց շուրթերից տարբեր ազդեցություն են գործում: Նոր իրողության մեջ չարժե վկայակոչել նախքին իշխանություններին և հավասարության նշաններ դնել: Անիմաստ է: Այո, երևույթը ակներև է, սակայն անհրաժեշտ է տեսնել երևույթի արմատը: Երբ տեսնում ես արմատը, քննադատությունը դառնում է կառուցողական: Ցանկացած համակարգ ձևավորում է, և դա անհերքելի փաստ է: Աշխատել աշխատելու համար բանաձևը, որոշակի իմաստ պարունակում է իր մեջ: Սակայն աշխատում են ապրելու և գոյատևելու համար, սա է աշխատանքի հիմնական իմաստը: Երբ աշխատանքը չի ապահովում գոյատևման նվազագույն պահանջները, այդ աշխատանքը դադարում է իրենից արժեք ներկայացնել: Տասնյակ տարիների այս իրողությունը, ձևավորել է համարժեք մոտեցում: Այսօր բոլոր հայածքները, բոլոր քննադատությունները, բոլոր սպասումները ուղղված են դեպի մեկ անձ: Եթե այդ մեկ անձը կարողացավ, գոնե, հիմքը դնել այն համակարգի, որտեղ ամեն ինչ կախված չէ մեկ անձի ինչ լինելուց, ուրեմն, կեցցե ինքը: Իսկ այդ ճանապարհին կլինեն բազմապիսի ճիշտ ու սխալ քննադատություններ և պահաջներ, այն պարզ պատճառով, որ նրանք պարզապես չեն կարող չլինել այս հիմնովին թալանված, արժեզրկված և բարոյալքված համակարգում: Իսկ մենք, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, քաղաքացի դարնալու և առաջնահերտություններում չհիմնվելու լոլիկի ու ձմերուկի գների փաստի վրա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930