Հայկական զինված ուժերի համար լավագույն որակի ներքնազգեստն արդեն իսկ արտադրված է տեղական ընկերության կողմից. առաջին խմբաքանակը ՊՆ պահեստում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա վստահեցրեց, որ նոր արտադրանքի որակը կտրուկ տարբերվում է նախորդից, միայն թե պետք է մտածելակերպի հարցը լուծել:
«Մեր զինծառայողները պետք է վստահեն լվացքատներին, ինչպես աշխարհում է ընդունված, կամ իրենք լվանան, որովհետեւ նոր ներքնաշորերի որակը շատ բարձր է: Եթե չցանկանան լվանալ, տանից են նորն ուզելու…»,-նկատեց Դավիթ Տոնոյանը:
Ինչ վերաբերում է խնդրին, որ ծնողները շարունակում են իրենց զինվորների համար «տուլիկներ» ուղարկել, Տոնոյանը նախ առաջարկեց դրանք «փոքրիկ արկղեր» անվանել, որոնք ուշադրության ընդունված միջոց են, ապա տեղեկացրեց՝ մտադիր են առաջիկայում հասնել նրան, որ բանակի սննդի մատակարարմամբ զբաղվեն լավագույն ընկերությունները, որոնք կհաղթեն պիլոտային ծրագրի մրցույթում:
Ինչ վերաբերում է տեղական ռազմարդյունաբերությանը, Տոնոյանը տեղեկացրեց, որ Արցախի պաշտպանության բանակում արդեն իսկ ներառված են հայկական արտադրության հարվածային անօդաչուներ:
«Այլ նորություններ էլ ունենք, որոնք ներառված են մեր բանակում: Խոսքը նոր զինատեսակների մասին է»,-հայտնեց Դավիթ Տոնոյանը՝ նպատակահարմար չգտնելով փակագծեր բացել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ