Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն լինելու է «կոնստրուկտիվ ընդդիմություն». Գագիկ Մինասյան. (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2018 20:30

ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված բոլոր անձինք կառաջադրվեն նաեւ ռեյտինգային ընտրակարգով: Այս որոշումն ընդունվել է երեկ, ՀՀԿ խորհրդի նիստում: Այդ մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը:

Հիշեցենք, ՀՀԿ խորհուրդը երեկ որոշում կայացրեց, որ կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Կլինի՞ Գագիկ Մինասյանը ՀՀԿ նախընտրական ցուցակում, թե`ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եկեք երկու օր էլ սպասենք եւ դուք կիմանաք մարդկանց ողջ կազմը`ովքեր կլինեն եւ ցուցակում եւ ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն»:

Տարբեր վերլուծաբաններ ՀՀԿ-ի այդ որոշումը «քաղաքական ինքնասպանություն» են որակում`նկատի ունենալով այն, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներից կարճ ժամանակ է անցել եւ մարդիկ չեն հասցրել մոռանալ այն վնասները, որոնք կրել են ՀՀԿ-ի իշխանության տարիներին`Aravot.am-ի դիտարկմանը, Գագիկ Մինասյանը պատասխանեց.

«ՀՀԿ-ն մեծ պատմություն ունեցող կուսակցություն է եւ այդ պատմության ընթացքում արել է իսկապես բազմաթիվ դրական գործեր: Համոզված եմ, որ այդ ընթացքում նաեւ արվել են գործեր, որոնք լավ կլիներ, որ չարվեին: Հիմա, մեր քարոզչության նպատակը լինելու է այն, որ կարողանանք ցույց տալ եւ դրականը, եւ բացասականը եւ բերենք հիմնավորումներ, որ մենք այլեւս հեռացել ենք մեր բացասական դրսեւորումներից, բերենք հիմնավորումներ առ այն, թե ինչով ենք կարեւոր գտնում մեր ներկայությունը»:

Գագիկ Մինասյանը կարծում է, որ այսօր այնպիսի իրավիճակ է, որ ընտրողը ձայն տա վարչապետի ղեկավարած կուսակցությանը, թե մեկ այլ կուսակցության, որը սատարել է գործող կառավարությանը`նույնն է լինելու: Ուստի, նա կարծում է, որ իշխանության կամ իշխանամետ բեւեռում ամեն ինչ շատ որոշակի է: Մեր զրուցակցի կարծիքով, վերջն ամիսներին միակ քաղաքական ուժը, որը հետեւողականորեն քննադատել է գործող իշխանությանը եւ նրա քաղաքականությունը`արտաքին, ներքին, Արցախի հարցում, եղել է ՀՀԿ-ն. «Սակայն, մենք դա արել ենք ոչ թե դեստրուկտիվ, ինչպես մեր անկախության պատմության ընթացքում մեր բոլոր ընդդիմությունները, այլ ամեն ինչ անում ենք կոնստրուկտիվ`ցույց տալով նաեւ դրա դրական մոտեցումը»: Իբրեւ օրինակ, մեր զրուցակիցը բերում է 2019-ի բյուջեի նախագիծը: Թեեւ այն չի արդարացրել հեղափոխական սպասելիքները, ավելին, կարեւորագույն մի շարք ցուցանիշներով աճի տեմպերի նվազում ունենք, բայց, Գագիկ Մինասյանի կարծիքով այն պետք է ընդունվի, որպեսզի կառավարության համար լրացուցիչ խնդիրներ չստեղծվեն: «Ես մեծ համոզմունք ունեմ, որ հենց այդպես էլ կլինի»,- այսպես պատասխանեց նա հարցին`խմբակցությունում կա՞ որոշում, որ նախագիծն ընդունվի:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930