Վերջերս գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Չկա իմ մասին մի փաստաթուղթ, որտեղ կոռուպցիայի մասին է գրված»:
Նախարարի պաշտոնակատարը հղում է արել վերահսկիչ պալատի 2017 թվականի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում կատարած ստուգումներին եւ նշել, որ այս հաշվետվությունում հիմնադրամին վերագրվող որեւէ կոռուպցիոն գործոն չի բացահայտվել:
Գեղամ Գեւորգյանն այն ժամանակ եղել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը, իսկ վերահսկիչ պալատն իր ստուգումների արդյունքում կազմած եզրակացությունում ներկայացրել է մի շարք ոչ արդյունավետ կառավարման եւ կասկածելի աշխատանքների օրինակներ:
Ներկայացնենք ՎՊ-ի այս հիմնադրամում այլ բացահայտումները, ընդամենը մի քանիսը:
Ըստ ՎՊ-ի, հիմնադրամի ստեղծման օրվանից մինչեւ 2018 թվականը հատկացվել է 272 միլիոն 209 հազար դրամ, որից 81,6 միլիոնը ծրագրային խորհրդատվությունների համար: Սակայն, ՎՊ-ն արձանագրել է՝ հիմնադրամը մինչեւ 31.12.2017 թվականը որեւէ անհատական խորհրդատվություն գյուղացու համար չի իրականացրել, ո՛չ վճարովի, եւ ո՛չ էլ անվճար: Գործունեության առաջին եռամսյակում հիմնադրամի աշխատակիցների շուրջ 35-ը որեւէ գործունեություն չի իրականացրել, իսկ 30%-ի գործունեության բնույթն անորոշ է եւ հստակ չէ:
ՎՊ-ն արձանագրել է՝ «Գյուղական խորհրդատվական ծառայությունների մատուցման համար հիմնադրամի համար 2 պայմանագրերով նախատեսված 272,209,800 դրամ գումարը շուրջ 28%-ով ավելի է լուծարված կառույցների ֆինասնավորումից (212.613.300 դրամ), այն պարագայում, երբ մատուցվող ծառայությունները քանակապես զգալիորեն կրճատվել են: Պետական բյուջեից ստացած միջոցները հիմնադրամը հիմնականում ծառայեցրել է կենտրոնական գրասենյակի աշխատակիցների համար բարձր աշխատավարձ սահմանելուն: Հիմնադրամի կենտրոնական գրասենյակի աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը համապատասխանաբար 210% ավելի է ԳԱՀԿ-ից եւ 40% ավելի ԾԻԳ-ի նույն ցուցանիշից»:
ՎՊ-ի ստուգումների համաձայն՝ 2017թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին հիմնադրամի հիմնական գործունեությունն իրականացնող 86 մարզային խորհրդատուներից 30-ն իրենց աշխատանքային պայմանագրերով սահմանված որեւէ գործունեություն չեն իրականացրել, սակայն ստացել են աշխատավարձ:
ՎՊ-ն մեկ այլ, այսպես ասած՝ հիմնադրամի ոչ արդյունավետ աշխատանքի օրինակ է ներկայացրել. «Շահառուների համար կազմակերպվող դասընթացներն, ընդհանուր առմամբ կրել են ոչ կանոնակարգված բնույթ, իսկ դրանց կազմակերպման արդյունքում շահառուների ստացած գիտելիքների եւ վերջն արդյունքի գնահատման չափ որոշիչները բացակայում են: Դասընթացների թեմաներն ընտրվել են առանց հաշվի առնելու առանձին մարզերում կամ համայնքներում առկա գյուղատնտեսական խնդիրներն ու զարգացման պահանջները»:
Բացի այս, ըստ ՎՊ-ի, համապատասխան պայմանագրով հիմնադրամին փոխանցված գույքը՝ այդ թվում՝ 30 միավոր ավտոմեքենա եւ 47 միավոր գյուղատնտեսական խոշոր տեխնիկա, ամրացվել է հիմնադրամի մարզային կառույցներին. «Այս տեխնիկայի օգտագործում ընթացակարգերը սահմանված չեն եղել: Յուրաքանչյուր մարզային կառույց շահագործում է ընդամենը մեկ ավտոմեքենա»: ՎՊ-ն փաստել է՝ «Արդյունքում 47 գյուղտեխնիկա անգործության է մատնված»: Նկատենք, սա այն դեպքում, երբ գյուղացիները մշտապես դժգոհում են սեզոնին ոչ բավարար եւ ոչ համապատասխան ու նորմալ աշխատող զուսատեխնիկայի բացակայությունից:
Ընդ որում, ՎՊ-ն նաեւ նշում է՝ «Հատկանշական է, որ այդքան մեքենասարքավորման առկայության պարագայում, 2017-ի բյուջետային հայտով եւ բյուջեի նախահաշվով «Այլ մեքենաների եւ սարքավորումների» ձեռք բերման համար նախատեսվել էր 14.9 միլիոն դրամ:
2017 թվականի համար նախատեսված 20 ուսուցողական տեսանյութերը, ինչպես ՎՊ-ն է եզրակացրել, բովանդակային առումով նպատակային չեն, տարածվել են միայն համացանցի միջոցով, եւ 2018թ. հունվարի 15-ի դրությամբ ունեցել են միջինում ընդամենը 82 դիտում:
«Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող շենքում 640 քմ ազատ տարածքի առկայության պարագայում հիմնադրամը 5 տարի ժամկետով, ամսական 2.475.000 դրամ գումարով վարձակալել է 573.32քմ մակերեսով տարածք: 2017թ. տարածքի վարձակալության համար վճարվել է 6,307.0 հազ. դրամ, իսկ 2018թ. համար ծախսը կկազմի 29.7 մլն. դրամ»,-նշված է ՎՊ հաշվետվությունում:
ՎՊ-ն արձանագրել է՝«Լուծարված կառույցներից փոխանցված մեծաթիվ վարչական սարքավորումների եւ գույքի առկայության պարագայում հիմնադրամը ձեռք է բերել բազմաթիվ նմանատիպ իրեր»:
ՎՊ-ն եզրահանգել է՝ հիմնադրամի եւ գյուղատնտեսության նախարարության միջեւ առկա է փոխգործակցության ոչ բարձր մակարդակ, ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերի կրկնողություններ, կողմերի ֆունկցիոնալ ոչ հստակ դերեր եւ պատասխանատվության անորոշ շրջանակ, առկա է ծախսերի, հաստիքացուցակի եւ օգտագործվող ռեսուրսների խնայողության, օգտակարության եւ արդյունավետության ոչ բարձր մակարդակ (Հիմնադրամի ղեկավարության բարձր աշխատավարձերը չեն համապատասխանում հանրային ոլորտում գործող պաշտոնյաների աշխատավարձերի մակարդակին: Տնօրենի աշխատավարձը 1,5 միլիոն դրամ է, այսքան աշխատավարձ է ստացել Գեղամ Գեւորգյանը: Սակայն նրա աշխատանքի արդյունավետությունը ՎՊ-ն է գնահատել, ընդհանուր առմամբ՝ ոչ արդյունավետ:
Aravot.am-ը հիմնադրամում ՎՊ-ի որոշ բացահայտումներին անդրադարձել էր, որին նաեւ պարզաբանում էր տվել Գեղամ Գեւորգյանը: Ըստ այդ բացահայտումների, այս հիմնադրամը, Գեւորգյանի գլխավորությամբ, պետական փողերով 700 միլիոնանոց ծրագիրը տվել է ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ ոլորտում անփորձ որդուն: Արդյունքում, այս ծրագրի իրականացման գործընթացում էլ ՎՊ-ն կասկածելի երեւույթներ էր բացահայտել: Հիմա սա կոռուպցիոն ռիսկ է պարունակում, թե՝ ոչ, հավանաբար համապատասխան մարմինները կրկին պետք է անդրադառնան, քանի որ իշխանություն ու իրավիճակ է փոխվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ