Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախիջեւանի հետ հատվածում հայկական կողմը դիրքային բարելավում ունի». ՊՆ պաշտոնակատար

Նոյեմբեր 12,2018 20:15

«Նախիջեւանի հետ հատվածում միջդիրքային տարածությունը կրճատված է՝ ոչ հայկական կողմի հաշվին, ավելին՝ այդ հատվածում հայկական կողմը դիրքային բարելավում ունի եւ ոչ մեկ վայրում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե իրենց զինված ուժերն այս տարի Նախիջեւանի  հատվածում հողեր են «ազատագրել», ասաց ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել», ինչպես իրենք են այդ բառն օգտագործում: Դրանում լրագրողները համոզվել են՝ այցելելով համապատասխան հատվածներ: Դա եղել է միջդիրքային տարածության (Նախիջեւանի հատվածում ՀՀ-ի հետ սահմանազատում չկա, այդ պատճառով կողմերի ԶՈՒ միջեւ տարածությունը կոչվում է ոչ թե չեզոք գոտի, այլ միջդիրքային տարածություն.-խմբ.) կրճատում՝ Նախիջեւանի հանրապետության տարածքում, որտեղ ՀՀ ԶՈՒ-ն երբեւէ վերահսկողություն չի իրականացրել»,-վստահեցրեց Դավիթ Տոնոյանը:

«Դիմել ենք միջոցների, որպեսզի չեզոքացնենք նրանց հնարավոր առաջխաղացումը: Այդ գործողությունները հաջողությամբ ենք կատարել»,-նշեց Դավիթ Տոնոյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե սահմանամերձ հայկական բնակավայրերի համար կատարվածը որքանո՞վ է սպառնալիք հանդիսանում հակառակորդի կողմից դիտարկվելու տեսանկյունից, ՊՆ ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց՝ հրամանատարական կազմը տեղի բնակչության հետ աշխատանքներ է տանում եւ բացատրում, որ դիրքային տեղափոխությունները չպետք է ընկալել որպես սպառնալիք. «Մենք նվազեցրել ենք ռիսկերը, իսկ խնդիրը՝ բարձրացրել միջազգային գործընկերների առաջ»:

Ապա Տոնոյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ ադրբեջանցի լրագրողները չեն հետաքրքրվում իրենց բնակիչների անվտանգության մասին եւ նմանօրինակ հարցեր չեն բարձրացնում իշխանությունների առաջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930