ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս հաստատված օպերատիվ կապը, որի միջոցով կողմերն արագ տեղեկացվում են սահմանային միջադեպերի մասին, մինչ այս պահը գործում է անխափան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Հարցին՝ «երկու երկրների հրամանատարական կազմերի միջեւ ուղիղ կապ հաստատելու հարց քննարկվե՞լ է», նա պատասխանեց, որ հարցը բարձրացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջ:
«Կարծում եմ՝ դա ռիսկերը նվազեցնելու եւ միջադեպերը կանխելու հարցերում լուրջ միջոց կարող է հանդիսանալ: Ամեն դեպքում, մենք հարցը բարձրացրել ենք Մինսկի խմբի առաջ»,-նշեց Դավիթ Տոնոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ