Թեեւ ՀՀ պաշտպանական բյուջեն ավելացվել է, սակայն առաջիկայում սպաների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձանագրեց ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Փոխարենը, ՊՆ-ն հնարավորություն ունի խնայողությունների հաշվին աշխատավարձ բարձրացնել՝ հավելավճարների տեսքով: Մենք ունենք նման հնարավորություն եւ առաջնահերթություն ենք տալու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին: Բյուջեի ավելացման դեպքում նոր հնարավորություն կունենանք խոսելու զինծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին»,-տեղեկացրեց Դավիթ Տոնոյանը:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, որ սպաները մինչ օրս հերթում սպասում են օրենքով իրենց հասանելիք բնակարաններին, Դավիթ Տոնոյանը մատնանշեց՝ ՊՆ բնակարանային ֆոնդում X բնակարան կա, եւ բնակարանի կարիք ունեցողների թիվը գրեթե հավասար է այդ թվին. «1400 սպաներից 122-ն արդեն իսկ բնակվում են իրենց հասանելիք բնակարաններում, դրանք արդեն մասնավորեցվել են: Խոսքը վերջին մեկ ամսվա գործընթացի մասին է: Դրանք այն զինծառայողներն են, որոնք որպես կարիքավոր, այսինքն՝ օրենքով, ստացել են բնակարաններ»: Մյուս՝ դեռեւս բնակարանի սպասող սպաների առնչությամբ էլ նախարարի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ եկող տարում նրանց հերթն էլ կհասնի:
Դավիթ Տոնոյանն այնուհետեւ տեղեկացրեց, որ իր որոշմամբ՝ հարմար պայմաններով հիպոթեկային վարկ վերցնելու հնարավորություն կտրվի արդեն իսկ տասից քսան տարի ծառայած, կամ ծառայությունն ավարտած սպաներին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ