«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, Ճանապարհների դեպարտամենտի պետ Իրակլի Կարսելաձեի և պետի տեղակալ Լևան Կուպատաշվիլիի հետ։
Քննարկվել են երկու երկրների միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն» կամրջի կառուցման հետ կապված կազմակերպչական հարցեր։
Կողմերը ներկայացրել են նաև իրենց երկրներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, քննարկել են ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Վազգեն Պետրոսյանը և Իրակլի Կարսելաձեն պայմանավորվածություն են ձեռք բերել սերտորեն համագործակցել ճանապարհաշինության և ճանապարհների վերականգնման ոլորտներում և իրականացնել փորձի փոխանակում:
Նշենք, որ Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի դյուրին կդարձնի, կբարձրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Նոր կամուրջը եզակի է, այն համատեղ ծրագիր է. կամրջի մի մասը կլինի Վրաստանի տարածքում, մյուսը` Հայաստանի: Կամրջի նախագծման, կառուցման աշխատանքները հայկական և վրացական կողմերը ֆինանսավորելու են հավասար չափաբաժիններով։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ