Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է առաջարկել երեք թեկնածու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հայտարարությունն արվել է երկրում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը:
«Այբբենական կարգով հաջորդ երկիրը Բելառուսն է, և մենք պետք է պատրաստ լինենք առաջարկելու մեր թեկնածությունը. ես այսօր երեք թեկնածու ունեմ, որոնց կարող եմ առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ ղեկավարի ընտրության ժամանակ եղել են «բազմաթիվ տարբերակներ»: Նա ընդգծել է, որ ոչ մեկը չի փորձել «ճնշել Հայաստանին», հարցն ինչ-որ մեկի հաղթելու կամ պարտվելու մեջ չէ: «Փաշինյանը կառավարությունում պետք է պարզապես գլուխ հանի իրավիճակից»,- ասել է նախագահը՝ կասկածի տակ դնելով, որ անցումային փուլում գտնվող երկիրը կկարողանա գլուխ հանել իրավիճակից:
Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ կազմակերպության նոր ղեկավարի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի Սանկտ-Պետերբուրգում, որտեղ «Փաշինյանը պատասխան կտա»:
Լուկաշենկոն պատմել է Աստանայում նոյեմբերի 8-ին անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի մասին՝ նշելով, որ ՀԱՊԿ նոր ղեկավարի հարցն իրոք քննարկվել է, սակայն «տևել է գուցե 15 րոպե»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ