Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրին վերջին հրաժեշտն է տալիս իր լեգենդին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 12,2018 18:02

Գյումրու Անի թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցում, որտեղ քիչ անց տեղի կունենա լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը, մեծ թվով գյումրեցիներ՝ մարզիկներ, մտավորականներ, բժիշկներ, դերասաններ, ուսանողներ գալիս են իրենց վերջին հրաժեշտը տալու։ Մարդկանց հոսքը եկեղեցի չի դադարում։ Տղամարդիկ, ի նշան հարգանքի, հանելով գլխարկները, խոնարհվում են նրա աճյունի առաջ ու հեռանում։

Ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը նոր էր վերադարձել Գյումրի՝ Աշխաբադի աշխարհի առաջնությունից, անմիջապես եկել էր Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ հրաժեշտ տալու գյումրեցի լեգենդին։ Վերջինս ասաց․ «Ծանր կորուստ է ամբողջ հայ ազգի և ծանրամարտի աշխարհի համար, անժամանակ կորուստ է»։

Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը, որը մոտ է եղել Յուրի Վարդանյանի հետ, նշեց, որ վերջինս մինչև իր կյանքի վերջին վայրկյանը չկտրվեց իր հայրենի քաղաքից։ «Յուրայի երկու տղաները ծնվել են իմ մոտ՝ մեծը և միջնեկը, փոքրը ծնվեց ԱՄՆ-ում։ Մեծ որդին ծնվեց Գյումրու ծննդատանը, երկրորդի ժամանակ ես Ախուրյանում էի աշխատում, կինը եկավ Ախուրյանում ծննդաբերեց, կատակում էի, թե Ամերիկայի ժամանակ ինչո՞ւ ինձ չկանչեցիք», -ասում է Ֆելիքս Գրիգորյանը։

Ֆելիքս Գրիգորյանն ասում է , որ վերջին անգամ նրան հանդիպել է հոր հուղարկավորության ժամանակ, նա արդեն հիվանդ էր։ Դրանից հետո նրան ճանապարհել են ԱՄՆ՝ հասկանալով, որ նա դժվար թե կարողանա այլևս իր ոտքով գալ հայրենիք։ Ըստ բժշկի, նա երբեք չմեծամտացավ։

Յուրի Վարդանյանի քրոջ որդին էլ՝ Հարություն Եղոյանը, որը նույնպես ծանրամարտիկ է, Օլիմպիական հերթափոխի քոլեջի վաստակավոր մարզիչ, հիշում է քեռու մի խորհուրդը․ «Ամեն հաջողությունից հետո անմիջապես մոռացիր քո հաղթանակի մասին, որովհետև դա կխանգարի քեզ»։ Քեռին անգամ իր օլիմպիական համազգեստն է նվիրել քրոջ որդուն։

Րոպեներ առաջ լեգենդար ծանրորդի աճյունը եկեղեցուց դուրս բերվեց արցունքների ու ծափահարությունների ներքո, եկեղեցու բակում կանգնածները ծաղիկներն էին նետում նրան տանելու ճանապարհին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930