Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանին հարցրեցին՝ ձեզ ինչո՞ւ պիտի ընտրեն, երբ 6 ամիս առաջ են հեռացրել իշխանությունից: Աշոտյանը պատասխանեց, որ հիմա իրենք իշխանության գալու համար չեն առաջադրվել, այլ՝ ընդդիմություն լինելու. «Ինչու պետք է ձայն տան, որովհետեւ մենք փորձառու ենք, գիտելիք ունենք, մեր թիմն ապացուցել է, որ կենսունակ թիմ է, որովհետեւ մեր թիմից ակնկալիքները ժամանակին մասամբ չեն բավարարվել, մասամբ բավարարվել են, որովհետեւ այսօր Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեր գործը պարտադիր կուտակայինի, բյուջեն ասում է իներցիոն է, սեփական միտք չունի»:
Հարցին՝ կես տարի առաջ էլ էիք դուք այդպիսին, ինչո՞ւ ձեզ մերժեցին՝ Աշոտյանը պատասխանեց, որ այն ժամանակ իրենց մերժել են՝ որպես իշխանություն, այսօր իրենց որպես իշխանություն չեն ընտրելու:
Մեր հարցին՝ ՔՊ-ից ասում են, որ ՀՀԿ-ում կարող ուժեր կային, որոնք արժանի էին, որ լինեին խորհրդարանում, բայց պետք է ազատվեին ՀՀԿ-ի դաջվածքից՝ Աշոտյանն արձագանքեց. «Դաջվածքի սիրահարներ կան ՔՊ-ի թիմում, ՀՀԿ-ի թիմը ավելի պահպանողական է»:
Խոսելով Դավիթ Շահնազարյանի՝ իրենց ցուցակում լինելու մասին՝ Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ն միշտ էլ իր ցուցակում ընդգրկել է ոչ ՀՀԿ-ականների, ժամանակին էլ զարմանում էին, որ Հրայր Թովմասյանին, Ներսես Երիցյանին, Դավիթ Սարգսյանին. «ՀՀԿ-ն պլատֆորմ է, տալիս է հնարավորություն բոլոր այն մարդկանց, ովքեր կիսում են սպառնալիքները»:
Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանին, որը ՀԱԿ-ում ՀՀԿ-ին մեղադրում էր Մարտի 1-ի համար՝ Աշոտյանն ասաց, որ «Մարտի 1-ի քաղաքական համերաշխության էջը բացվել է վաղուց մեզ համար: Երբ Ալեքսանդր Արզումանյանը դարձել է դեսպան, երբ Մարտի 1-ի մեջ եղած երկու կողմերի հետ քաղաքական բանակցություններ էին տեղի ունենում 2010-11-ին, երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Սասնա ծռերի», ապրիլյան պատերազմի ժամանակ սատարում հայտնեց գործող իշխանություններին, հիշեք դա, խնդրում եմ: Մարտի 1-ի քաղաքական հետեւանքները վաղուց վերացված են, որովհետեւ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ապրիլյան, պատերազմի, «Սասնա ծռերի» ժամանակ եղած հայտարարությունները, Ալեքսանդր Արզումանյանի դեսպան նշանակվելը ու բազմաթիվ այլ դեպքերով կարող ենք ասել, որ քաղաքական զարգացումների վրա Մարտի 1-ը այդ ազդեցությունը չի թողել: Սա, կարծում եմ, աներկբա ճշմարտություն է»:
Աշոտյանը նաեւ հեգնեց՝ բա Նիկոլ Փաշինյանն ասում էր գործը բացահայտված է. «Եթե բացահայտված է, ուղարկեք գործը դատարան: Մի հատ տեսեք Նիկոլը բացահայտել է, թե չէ, նոր մեզ կմեղադրեք: Նիկոլ Փաշինյանին հարցրեք՝ ինչո՞ւ մինչեւ հիմա գործը շարունակվում է, էդ ո՞նց է բացահայտված: Ի դեպ, որտե՞ղ է գրած, որ մեր ուժայինները պետք է իրեն զեկուցեն, ո՞նց է իմացել, որ գործը բացահայտված է, ինչո՞ւ պիտի զեկուցեն՝ բանկային հաշիվների վրա ինչքան փող կա, ում ինչ սպառնալիք կա, ում ինչ կոռուպցիոն բանի մեջ են մեղադրում, էս ի՞նչ վիճակ է: ժամանակին նման բան Սերժ Սարգսյանն ասեր՝ ի՞նչ կասեիք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ