ՀՀ ՊՆ-ն Շվեդիայից JAS-39 Gripen կործանիչներ ձեռքբերելու մասին պայմանավորվածություն այս պահին չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կործանիչներ գնելու մասին մամուլում առկա տեղեկատվությանը, ասաց ՀՀ ՊՆ ԺՊ Դավիթ Տոնոյանը` տեղեկացնելով, որ շվեդական կողմի հետ բանակցություններ են ընթանում։ «Մենք ուսումնասիրում ենք բոլոր առաջնահերթությունները։ Համապատասխան որոշումներ ենք կայացնում` ըստ որակի, գնի եւ մատակարարման ժամկետների։ Առկա է այլ առաջարկ այլ գործընկերոջ կողմից, որը լուրջ ուսումնասիրվում է, եւ մոտ ժամանակներս որոշում կկայացնենք»,-նշեց Դավիթ Տոնոյանը։
Արդյոք ռուսական կողմի առաջարկի մասին է խոսքը, նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, ապա նշեց. «Ընտրությունը կատարված է, ֆինանսատեխնիկական հարցերն են որոշվում»: Թե կոնկրետ ինչ որոշման մասին է խոսքը, Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նպատակահարմար չգտավ մանրամասնել։
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ