Այսօր Aravot.am-ը Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանից հետաքրքրվեց, թե նոր կառավարության վեցամսյա գործունեության ընթացքում սննդի ոլորտում ինչպիսի փոփոխություններ է նկատել: Պարոն Պիպոյանի խոսքով, ցավոք սրտի՝ շուկայում առկա իրավիճակը սննդի տարբեր ոլորտներում շարունակում է մնալ խնդրահարույց:
«Բայց այստեղ կա համակարգային խնդիր: Այսինքն՝ կոսմետիկ լուծումներով հնարավոր չէ ապահովել անվտանգության ոլորտում: Հնարավոր չէ ապահովել միս-մսամթերքի, հացի ոլորտում»:
Ըստ Դավիթ Պիպոյանի, անհրաժեշտ են նորագույն մոտեցումներ, որոնցից մեկը հետագծելիության համակարգի ներդրումն է»,-ասաց պարենային իրավունքի փորձագետը՝ նշելով, որ այդ մասին արդեն 7 տարի է՝ ահազանգում են:
Նրա խոսքով.«Բնական է, որ վեց ամիսը եւ առկա ֆինանսական միջոցները չէին կարող բավականացնել, որպեսզի կարողանային նախ՝ իրատեսական ծրագիր մշակել, որովհետեւ իրատեսական ծրագիր ենթադրում է իրատեսական բյուջե»:
Դավիթ Պիպոյանն ասաց, որ այս տարի կենտրոնը չիրականացրեց գենետիկորեն մոդիֆիկացրած պտուղ-բանջարեղենի փորձաքննությունը՝ երկրում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով, քանի որ ծրագրերն իրենց ժամանակացույցից հետ ընկան եւ հնարավոր չեղավ սեզոնով պայմանավորված, այդ պտուղ-բանջարեղենները հայթայթել:
«Ցավոք սրտի եւս մեկ տարի պատկեր չունեցանք: Սա կարեւոր է նրանով, որ մենք հաճախ քննարկում ենք՝ ի վերջո պիտի արգելենք, թե չարգելենք տրանսգենային գյուղատնտեսությունը: Բայց փաստացի մենք այսօր իրավիճակ չունենք, որ հասկանանք՝օրենք ընդունելով կամ չընդունելով իրավիճակի ինչպիսի փոփոխություն կունենանք, կամ գենի վրա ինչպիսի ազդեցություն կթողնի»:
Դավիթ Պիպոյանը հույս ունի, որ այս տարվա չհատկացված միջոցները չեն խանգարի, որպեսզի 2019 եւ 2020 թվականների ընթացքում այս աշխատանքներն իրականացվեն. «Գիտական կազմակերպության համար ծրագրերը լավ են, բայց հիշեք՝ լինի դա մոնիթորինգային թե գրանտային ծրագիր, ունի ավարտվելու տենդենց: ԶԼՄ-ներն ինձ հաճախակի զանգահարում են, ասում են՝ նախկինում դուք շատ ակտիվ էիք, ձեր հետազոտությունների հետ կապված ասուլիսներ էիք հրավիրում, ներկայումս պասիվ փուլ եք անցել: Իրականում, ցավոք սրտի, պետք է շեշտեմ, որ Դավիթ Պիպոյանն ընդամենը մասնագետ է, ոչ թե Վանգան, որ հոտ քաշելով ասեմ՝ սննդամթերքը վտանգավոր է, թե՝ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ