Ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանի մայրը՝ Նարինե Մինասյանը, այսօր «Զվարթնոց» օդանավակայանում հուզված ու անհամբեր սպասում էր, թե երբ է գրկելու աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր որդուն:
«Շատ հուզված եմ ու հպարտ: Անհամբեր սպասում եմ որդուս տեսնելուն: Հպարտ եմ, որ իմ Գոռը, մյուս ծանրորդները եւ մարզիկները իրենց ծանրակշիռ խոսքն են ասում աշխարհի բոլոր երկրներում, ուրախություն են պարգեւում հայ ժողովրդին», – Aravot.am-ին ասաց տիկին Նարինեն:
Նա շատ լավ է ճանաչում Գոռ Մինասյանի մրցակիցներին: Բայց ավելի լավ ճանաչում է իր որդուն: «Վստահ եմ, որ Գոռը մի օր անպայման կհաղթի Տալախաձեին, որովհետեւ աշխատասեր է, պայքարող, երբեք չի ընկճվում եւ միշտ իր նպատակին հասնում է: Նա անպայման կհաղթի, քանի որ թիկունքին ունի Գագիկ Ծառուկյան, որը միշտ բոլոր հարցերում նրան աջակցում, ոգեւորում է, գնահատում նրա ու բոլոր մարզիկների աշխատանքը: Գոռը անպայման կհաղթի իր անձնական մարզչի, հավաքականի մարզիչների շնորհիվ, որոնք հարազատի պես նրա կողքին են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ