Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռոսսիա 24» հեռուստաալիքի եթերում հարցազրույց է տվել Նիկոլայ Սվանիձեին և պատմել իր ինքնակենսագրական գրքի մասին:
Գրքում, մասնավորապես, տեղ են գտել այնպիսի դրվագներ, ինչպիսիք են Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և այդ հարցում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումը:
«Այդ շարժման առաջնորդներն այստեղ՝ Հայաստանում, նրանք, այնուամենայնիվ, մտածում էին Հայաստանի անկախության մասին, համենայն դեպս նրանց մի մասը անկախության լուրջ կողմնակիցներ էին… Ես շարժման առաջնորդ էի Ղարաբաղում: Ղարաբաղի վերաբերմունքը ԽՍՀՄ-ի նկատմամբ միանգամայն այլ էր: Մենք մեր խնդրի լուծումը տեսնում էինք հենց Խորհրդային Միության շրջանակում… Մենք այնքան անկեղծորեն էինք հավատում «վերակառուցմանն» ու «հրապարակայնությանը», որ մեզ թվում էր, որ սա պահ է, սա հնարավորություն է լուծել մեր խնդիրները, և մենք համոզված էինք, որ դրանք կլուծի հենց Մոսկվան: Հայաստանում, իհարկե, կային ուժեր, որոնք լրջորեն մտածում էին անկախության մասին, որոնք այդ անկախության կողմնակիցն էին, բայց այդ գաղափարների գերակշռում հասարակության մեջ չի եղել»,- ասել է Քոչարյանը:
Նա նաև նշել է, որ Ղարաբաղում և հետխորհրդային այլ հանրապետություններում առաջ եկած հակամարտությունները ցույց տվեցին, որ խորհրդային տարիներին ազգերի մեջ ամեն ինչ չէ, որ հարթ էր: Նրա խոսքով՝ ամեն ինչ միավորած էր մեկ ծանր կենտրոնի՝ Մոսկվայի շուրջ: Եվ երբ գաղափարախոսությունն ինքը սկսեց «ճեղքեր» տալ, երբ կենտրոնը սկսեց թուլանալ, խորհրդային միությունը սկսեց ճեղքեր տալ այնտեղ, որտեղ առավել սուր էին արտահայտված ազգամիջյան խնդիրները:
Ընդ որում, նրա խոսքով, այդ ժամանակ Մոսկվան պատրաստ չէր իրավիճակին, և «գլուխն ավազի մեջ էր թաղել» ոչ թե նրա համար, որ չէր ուզում տեսնել՝ ինչ է կատարվում, այլ որովհետև չգիտեր՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում:
https://www.youtube.com/watch?v=l6dYTElN84E
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ