«Զվարթնոց» օդանավակայանում ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականին դիմավորելու էր եկել նաեւ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը: Aravot.am-ը նրանից տեղեկացավ, թե ինչ զգացումներ ունի աշխարհի չեմպիոնի մայրը:
-Տիկին Լուսինե, շնորհավորում ենք ձեր որդու փառահեղ հաղթանակի առիթով:
-Շնորհակալություն: Սիմոնի հատկապես այս հաղթանակը, վստահ եմ, շատ ուրախացրեց մեր ժողովրդին: Ուրախ եմ, որ հայ ժողովրդի համար կարողացել եմ այդպիսի զավակ մեծացնել: Շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին իր կատարած աշխատանքի համար, Սիմոնի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանին, որ շատ մեծ դեր է կատարել տղայիս կայացման գործում, Փաշիկ Ալավերդյանին, Վիգեն Խաչատրյանին, բոլոր նրանց, ովքեր միշտ ու ամեն հարցում տղայիս հետ են:
-Ասում են, որ Սիմոնի մրցելույթներին չեք հետեւում:
-Ճիշտ են ասում: Բայց Աստված եմ կանչում, որ անվնաս մասնակցի ու ծանրաձողը բարձրացնի: Աստված միշտ նրա հետ է:
-Երբ մեկնում էր Աշգաբադ, ի՞նչ ասացիք նրան:
-Առաջինն առողջություն եմ մաղթել, անփորձանք մասնակցություն ու վերադարձ: Ասացի հավատում եմ՝ կապացուցի աշխարհին, որ կա մի ազգ, որն ունի այսպիսի ուժեղ զավակներ:
-Որպես աշխարհի արդեն լիարժեք չեմպիոնի մայր, ի՞նչ զգացումներ ունեք:
-Երջանիկ եմ ու ցանկանում եմ, որպեսզի բոլոր մարզիկների մայրերը նույնպես այսպիսի երջանկություն ապրեն:
-Ձեր մյուս զավակն էլ արդեն ճանաչված ծանրորդ է:
-Արսենս եղբորից ոչնչով պակաս չէ: Մարզիչները նրանից էլ սպասելիքներ ունեն: Նրա մոտ էլ ամեն բան լավ կլինի: Երկու եղբայր պիտի ապացուցեն, որ կարող ուժ են հայ ազգի համար:
-Եթե մի օր Սիմոնն ու Արսենը նույն քաշային կարգում իրար հետ մրցեն, ո՞ւմ ավելի շատ կերկրպագեք:
-Երկուսին էլ: Տարբերություն չկա. թող մեկն առաջինը լինի, մյուսը՝ երկրորդը: Ափսոս, որ ծանրամարտում երկու առաջին տեղ չկա:
-Չնայած ձեր տղաների ելույթներին չեք հետեւում, բայց հավանաբար ծանրամարտի կանոններից գլուխ հանում եք: Աշգաբադում Սիմոնի երրորդ մոտեցումը պոկում վարժությունում մրցավարները չգրանցեցին: Ճի՞շտ վարվեցին:
-Ոչ: Սիմոնը քաշը բարձրացրել էր: Մրցավարները սխալ վարվեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ