Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այս տարվա գյուղատնտեսական անկումն աննախադեպ է համարում՝ նշելով, որ ոչ մի տարի այսքան շատ մշակաբույսերի, մասնավորապես՝ կարտոֆիլի, սմբուկի, վարունգի, լոլիկի ցանքատարածություններ չենք կորցրել:
«Մեկ տարում այսքան նահանջ, պատմության մեջ չի եղել»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Բերբերյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենի պատճառը գյուղոլորտում հայտնված պատահական մարդիկ են, որոնք գյուղատնտեսությունից ընդհանրապես գլուխ չեն հանում. «Պատահական մարդիկ մեր բնագավառում տեղ չունեն: Բնագավառից չհասկացող, անգրագետ մարդկանց, որոնց խցկում են մեր ոլորտ, տարբեր քաղաքական ուժերի տանիքի տակ, կամ հարեւան-բարեկամ, անձնական ճանապարհներով: Այս մարդիկ հերթով գալիս անց են կենում, գյուղատնտեսության վիճակը գնալով վատանում է»:
Հրաչ Բերբերյանի տվյալներով՝ 6500 հեկտար ցանքատարածություն ենք կորցրել, որից 3200 հեկտարը՝ կարտոֆիլը: 175 հեկտար էլ լոլիկինը. «Չինովնիկները հերիք չի անգրագետ են, փորձում են ղեկավարությանը համոզել, որ դա շոգի հետեւանք է: Անցյալ տարի էլ ենք շոգ ունեցել, բայց անցյալ տարի պոմիդոր ունեինք»:
Ըստ Հրաչ Բերբերյանի, լոլիկի ցանքատարածությունները պակասել են մորմազգի ցեցի պատճառով, ոչ թե շոգի:
Մանրամասները՝ տեսանյութում
Գյուղոլորտի մասնագետը գտնում է, որ գյուղատնտեսությունում խնդիրները չեն լուծվի, քանի դեռ գյուղմթերք արտադրողի մասին օրենք չունենք. «Այդ ով որ կասի գյուղացուն վարկ եմ տալիս, գրանտ եմ տալիս, միլիոններ եմ բերում հանրապետություն, միայն եւ միայն Գյուլնազ տատու հեքիաթներն են: Մինչեւ գյուղմթերք արտադրողը պաշտպանված չլինի, սուբսիդավորված չլինի պետության կողմից, այսինքն՝ որպես գործընկեր պետությունը նրան չընդունի, մենք առաջ չենք գնա:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում անասնապահությունն էլ լուրջ վնասներ է կրել. «5-7 տարի է պետք, որպեսզի խոշոր եղջերավորները վերականգնենք, որովհետեւ լուրջ քանակ ենք կորցրել: 80 հազար գլուխ խոշորից 40 հազարը կթու կովեր են: Իսկ այդ 40 հազարի նվազումը կաթնամթերքի վրա ազդել է, թանկացել է: Չկա կթու կով չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ