Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Իմ թիվ 1 խորհուրդը հարգելի Հրաչին՝ մի՛ կրկնիր իմ, Շարմազանովի եւ այլոց սխալները, գոռոզամտությունը լավ բանի չի բերում»

Նոյեմբեր 12,2018 16:28

Այսօր լրագրողները ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին փոխանցեցին ՔՊ անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքերը, որ ընդդիմության կարգավիճակում տեսնում են նաեւ «Լուսավոր Հայաստանին», «Մենք» դաշինքին, Աշոտյանը պատասխանեց, որ Հրաչյա Հակոբյանը չունի քաղաքական կյանքի մեծ փորձ, երիտասարդ տարիքում տարբեր գործընթացների շնորհիվ դարձել է պատգամավոր, դեռ «եփվելու» շանս ունի. «Իմ թիվ 1 խորհուրդը հարգելի Հրաչին՝ մի՛ կրկնիր իմ, Շարմազանովի եւ այլոց սխալները: Թույլ մի՛ տուր, որ ուրիշները այդ սխալները կրկնեն: Չափից ավելի մեծ գոռոզամտությունը, մեծամտությունը, ամբարտավանությունը, որը երբեմն շփոթում եք հպարտության եւ արժանապատվության հետ, որեւէ լավ բանի չի բերում»:

Ըստ Աշոտյանի, գուցե ՔՊ-ն արջի ծառայություն է փորձում մատուցել ԼՀ-ին՝ գովելով, բայց հասարակությունն էլ է հասկանում՝ «Լուսավոր Հայաստանն» ի՞նչ ընդդիմություն, եթե Նիկոլ Փաշինյանի բարեկամը նրան գովում է:

Նա ասաց, որ ՀՀԿ-ն փորձելու է տանել բովանդակային քարոզարշավ, չեն պիտակավորելու մյուսներին, ՀՀԿ-ն միակն է, որ կարող է բովանդակային օրակարգ առաջարկել, որը կլինի այլընտրանք:

Մեր հարցին՝ դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը շռնդալից աճ էր խոստանում, այս 6 ամսում աճ չենք նկատել, բայց ՔՊ-ից ասում են, որ մենք դեռ ՀՀԿ-ի 20 տարվա աղբն ենք մաքրում, դեռ փորձում են տարանջատել՝ ատամի խոզանակն ինչու է դրված կոշիկի խոզանակի մոտ, տնտեսական խնդիրներին դեռ կանդրադառնան՝ Աշոտյանն արձագանքեց. «Եթե իրենք քաղաքական հիգիենայի պրոբլեմներ ունեն, ապա վստահ պետք է լինեն, որ ՀՀԿ-ն, ի դեմս ինձ եւ իմ գործընկերների, հիգիենայի պրոբլեմներ ընդհանրապես չունենք: Երկրորդ՝ եթե իրենք պետք է ասեին, ժողովուրդ, մենք դեռ 20 տարի պետք է մաքրենք այսպես կոչված ախոռը, ապա թող չխոստանային ոսկե սարեր, բարձր թոշակ, աշխատավարձ, իրենք եկել են իշխանության այլ խոստումով: Իրենք բոլոր բարդ խնդիրներին խոստանում էին հեշտ լուծումներ, ասում էին՝ Սաշիկը 50-50 է, կարմիր գծերը հանելու ենք, տեսախցիկները պետք է վերացնենք, բյուջեն 800 մլն-ով կավելացնենք, ձեր կենսամակարդակը կբարձրանա: Ժողովուրդ, մենք գիտենք, որ իրենք սուտ են ասում, էս մեր խեղճ ժողովուրդը չգիտեր: Ժողովուրդը, հոգնած լինելով եւ իշխանություններից, ե՛ւ ամեն ինչից՝ մտածում էր, որ կա փրկիչ: Փրկիչ չկա եւ չի կարող լինել, որովհետեւ փրկիչը մի անգամ եկել է, շանսը տվել է փրկելու, գնացել է»: Ըստ Աշոտյանի, մնացածը խորամանկություն է, Փաշինյանը հիմա տեսնում է շաբաթ-շաբաթ գահավիժող իր վարկանիշը, դրա համար ընտրությունները բերեց դեկտեմբեր, հիմա անգամ Փաշինյանի մոլի երկրպագուներն են քննադատում նրա մտքերը, մասնավորապես, վերջին արտահայտությունը, որ երկրում կա «800 հազար պորտաբույծ»:

Աշոտյանի խոսքով՝ Փաշինյանը նզովքի կենթարկվի, եթե ժողովրդի հույսերը չարդարացնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930