ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իհարկե, գիտեն, որ դժվարություններ լինելու են, այդ դժվարություններին առնչվել են վերջին 6 ամսում. «Այսօր շարունակում են տեղերում պետական ապարատի գործադրմամբ ՀՀԿ պոտենցիալ թեկնածուների դեմ գործողություններ, համոզումներ, թե բա քեզ պետք է, ախր ինչի համար, երեխուդ մասին մտածիր, սրա մասին մտածիր, բազմաթիվ այսպիսի դեպքեր կան… Պետական ապարատը տեղերում թիրախավորում է ՀՀԿ-ի հնարավոր թեկնածուներին՝ տարբեր ձեւերով համոզելով, մեղմ սպառնալով՝ անդարդ գլուխը ցավի մեջ չդնելու: Կան նաեւ դրանց որոշակի ապացույցներ: Կան մարդիկ, ովքեր դրա մասին խոսում են, կան մարդիկ, ովքեր դրա համար հրաժարվել են»:
Աշոտյանն ասաց, որ երբ իրենց ռեյտինգային ցուցակը բացահայտվի, կտեսնենք այնտեղ տարբեր երիտասարդ դեմքեր, որոնք կուսակցության արդիականացման արդյունք են. «Կտեսնեք նաեւ մարդկանց, ովքեր երկարաժամկետ կուսակցական աշխատանքի փորձ ունեն, ՀՀԿ-ի նվիրյալներ են, կտեսնեք մարդկանց, ովքեր վայելում են բնակչության վստահությունը այդ ընտրատարածքների, կտեսնեք մարդկանց, որոնց չէի մտածել, որ կտեսնեք»: Նա ասաց, որ իրենց ցուցակում չենք տեսնի այն մարդկանց, որոնք, ըստ մամուլի վերլուծականների, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում պետք է լինեին:
Աշոտյանը վերահաստատեց իրենց հայտարարությունները՝ առ այն, որ իրենք չեն հավակնում իշխանություն լինել, ակնհայտ է, որ ՔՊ-ն է ձեւավորելու իշխանություն, Նիկոլ Փաշինյանն էլ լինելու է վարչապետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ