Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Իմ քայլը դաշինք» խմբակցության անդամ Հրաչյա Սարգսյանն «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման ժամանակ ասել էր՝ գովազդային վահանակ կա, որն ամսական 1 մլն դրամ արժի, այն ընդհանրապես գրանցված չի եղել, հեղափոխությունից հետո դարձել է 250 հազար դրամ, այսինքն՝ դրանք ապօրինի են տեղադրված եղել, ու գումարները բյուջե չեն գնացել:
Հաշվի առնելով, որ այս հայտարարությունը ըստ էության կոռուպցիոն հանցավոր գործարքի մասին է, մենք Երեւանի քաղաքապետարանից գրավոր հարցում արեցինք՝ եթե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ո՞ր ընկերությանը կամ ընկերություններին են պատկանում այդ գովազդային վահանակները, որքա՞ն գումարի յուրացում է եղել: Նաեւ Հրաչյա Սարգսյանն ասել էր, որ որոշ սրճարանների տարածքներ, որոնք պատկանում են Երեւանի քաղաքապետարանին, տրամադրվել են որոշ ձեռնարկատերերի՝ չնչին գումարներով, ուստի մենք քաղաքապետարանից նաեւ հարցրինք՝ ո՞ր տարածքների մասին է խոսքը, ո՞ւմ են տրամադրվել, եւ որքա՞ն գումարով են տրամադրվել այդ տարածքները, շուկայական գնից այն ինչքանո՞վ է արհեստականորեն իջեցվել:
Երեւանի քաղաքապետարանը պատասխան գրության մեջ միայն նշել է, որ մայրաքաղաքում ընդհանուր առմամբ գրանցված են 1671 տարբեր չափերի գովազդային վահանակներ. «Ձեզ հետաքրքրող մյուս հարցերի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանը նմանատիպ տեղեկություններ չունի»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»