Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանը պատրաստ չէ դիմակայել անձրևներին». Կարինե Դանիելյան

Նոյեմբեր 12,2018 15:36

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը ողջունում է Արթուր Մեսչյանին Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակումը:

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Կարինե Դանիելյանը մանրամասնեց. «Ինքն այն ճարտարապետն է, որը էկոլոգիական մշակույթ ունի: Հույս ունեմ՝ այն խնդիրները, որ կբարձրացնենք՝ ինչ որ հնարավոր է, կշտկվեն»:

Դառնալով Երևանի՝ բնական աղետներին դիմակայելու պատրաստվածությանը, Կարինե Դանիելյանն ասաց, որ Երևանը պատրաստ չէ դիմակայել անձրևներին. «Արդեն գետեր էին հոսում քաղաքի մեջ: Մենք ունենք մի քանի սելավատար՝ Հրազդան, Գետառ, Ջրվեժ գետակ: Հրազդանի ափին ռեստորաններն են շարված, բայց պետք է հիշել, որ դա քաղաքի սելավատարն է, և քանի անգամ այդ նույն ռեստորանները տուժեցին հեղեղումների, սելավների պատճառով»:

Կարինե Դանիելյանը նշեց, որ Երևանի հեղեղատար համակարգը կառուցվել է 1940-ականների վերջին: Բայց երբ նոր շենքեր են կառուցվում, դրանք փակում են ջրի ճանապարհը. «Ինձ տարբեր տեղերից զանգում, ասում են՝ ջուրը գժի նման պտտվում, տեղը չի գտնում, թե ուր գնա: Հաճախ հեղեղատար համակարգն աղտոտվում է. մարդիկ իրենց տան ու գրասենյակների աղբը լցնում են հեղեղատար համակարգի մեջ: Քաղաքի հյուսիսային մասում սելավընդունիչները կիսով չափ կառուցապատված են, կիսով չափ շինարարարական աղբով լցված. իրենց ֆունկցիան կատարել չեն կարող»:

Դառնալով Գետառի փակմանը՝ Կարինե Դանիելյանն ասաց. «Հիմա, երբ փակ է Գետառը, լրիվ խցանված է, այն մաքրելը լուրջ խնդիր է, իսկ դա պետք է մաքրվի: Հենց փակեցինք Գետառը, հիմա, երբ անձրևներ են գալիս, Գետառի կողքից գետ է հոսում: Ջուրն իր օրինական տեղը փնտրում է ու չի գտնում»:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով՝ պետք է այնպես արգելափակել, որ քաղաքին զերծ պահենք այդ ջրերից. «Այսօր ժամանակն է, որ գույքագրվի ամեն ինչ: Այստեղ խնդիրը ոչ թե Գետառի փակ լինելն է, այլ այնտեղ ջրատար չի դրված, որ ջուրը հավաքի ու մտցնի Գետառ»:

Ըստ Գուրգեն Մուշեղյանի՝ պետք է մտածված և ուսումնասիրված գործողություններ կատարվեն. «Չգիտեմ՝ հիմա այդ տնտեսությունն ով է ղեկավարում, առաջ դա քաղաքապետարանի հսկողության տակ էր: Պետք է ինչքան հնարավոր է մեկուսացնել ջրի հոսքերը դեպի քաղաք»:

Կարինե Դանիելյանի կարծիքով`խնդիրը լուծելու համար պետք է ստեղծել մասնագետներից և պատասխանատու մարմիններից կազմված աշխատանքային խումբ, որը կկատարի ուսումնասիրություններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930