Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Կաթողիկոսի նվերը Բեյրութ այցելած Գյումրու թատրոնին (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 12,2018 15:05

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը նոյեմբերի 6-13-ը հյուրախաղերով գտնվում է Լիբանանում։ Նշենք, որ հյուրախաղերը կազմակերպվել են համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հետ համատեղ։ Արցախյան պատերազմի մասին պատմող, մեծ աղմուկ հանած «Հարսանիք թիկունքում» ներկայացումից բացի (պիեսի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է ), լիբանանահայ հանդիսատեսին ներկայացվել է նաև ռուս դրամատուրգ և գրող Վալենտին Կրասնոգորովի «Սիրո CASTING» կատակերգությունը և Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը»։

Aravot.am-ի հետ զրույցում թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանն ասաց, որ Գյումրու թատրոնի ներկայացումներն այնպիսի մեծ աղմուկ են բարձրացրել, որ այս օրերին «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում նստելու տեղ չկա, երբեմնի քիչ հանդիսատես ունեցող թատերասրահը վերածնվել է, նորից հայերով լցվել։

«Ի սկզբանե նախատեսված էր 5 ելույթ՝ 3 անգամ «Հարսանիք թիկունքում», մեկ անգամ «Սիրո քաստինգը» և «Երկնագույն շան աչքերը», բայց երեկ հայտարարեցինք, որ մեկ անգամ ևս ավելացնելու ենք «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, քանի որ այս օրերին դահլիճում ոչ մի ազատ տեղ չի մնում ու հնարավորություն պիտի տալ մեր բոլոր հայրենակիցներին դիտելու։ Մարդիկ կան, որոնք արդեն երկու անգամ եկել են դիտելու, հուզվում են, արտասվում… Երեկ դահլիճում ոչ միայն նստելու, այլ կանգնելու տեղ չկար։ Ներկայացումը դիտելու էր եկել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը։ Վեհափառի հետ հանդիպում ունեցանք մի քանի օր առաջ, հրավիրեցինք, ինքն էլ եկավ, չնայած որ հաճախ չի գալիս թատրոն։ Շատ էր հավանել ներկայացումը, և ավարտին՝ որպես գնահատական և հավանություն, հայտարարվեց, որ Վեհափառը թատրոնի անձնակազմին նվիրում է 5000 ԱՄՆ դոլար», -ասաց Նվարդ Ղազարյանը։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ ֆանտաստիկ մթնոլորտ է ստեղծվել Բեյրութի հայկական թաղամասերում, օրինակ՝ հայկական «Բուրջ Համուդ» թաղամասում ամենուր Գյումրու թատրոնից են խոսում, իսկ խանութներում՝ բարբառից զգալով, որ տեղացիներ չեն ու իմանալով, որ Գյումրու թատրոնից են, պարտադիր հյուրասիրություն են կազմակերպում, շնորհակալության ու գովասանքի խոսքեր հնչեցնում։

«Պատահաբար մտանք մի պատկերասրահ, այն հայերից մեկի խանութն էր. ռեկվիզիտի համար նկար էինք փնտրում՝ ներկայացման մեջ օգտագործելու, որ իմացան Գյումրու թատրոնից ենք, հյուրախաղերով եկել ենք Բեյրութ, նկարը նվիրեցին, չթողեցին վճարենք»,- պատմեց Նվարդ Ղազարյանը։

Ի դեպ, պատկերասրահից իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել թատրոնի երիտասարդ դերասաններից մեկը՝ Արսեն Սաղաթելյանը՝ գրելով. «Երբ քայլում էս Բեյրութի փողոցներով ու պատկերասրահներից մեկի տնօրենը հրավիրում է ներս և նկարներից մեկը նվիրում։
Հ. Գ. Սա Գյումրու դրամատիկականն է
Լիբանանում, ընկերներ…
Եվ սա դեռ սկիզբն է»։ (Տես լուսանկարը)

Թատրոնի մենեջերը տեղեկացրեց նաև, որ երեկ ներկայացումից հետո Գյումրու թատրոնն ու համազգային «Գասպար Իփեկյան» թատերախումբը միմյանց հուշանվերներն են հանձնել։ Ավելին, Գյումրու թատրոնի տնօրենի ժ/պ, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն ու «Գասպար Իփեկյան» թատերախմբի ատենապետ Մարտիկ Դեմիրճյանը նշել են, որ այս հյուրախաղերով սկիզբ է դրվում երկարատև համագործակցության։

«Այս շաբաթն այնքան լի է էմոցիաներով ու տպավորություններով, որ այն մեզ մի քանի տարի բավարար կլինի էլ ավելի եռանդով ստեղծագործելու», -ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները մեզ տրամադրել է Նվարդ Ղազարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930