Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել ՀՀ Հարկային օրենսգրքում, եւ սա ենթադրում է հարկային արտոնություն տրամադրել դայակներին: Նախագիծն արդեն շրջանառության է դրված եւ տեղադրված է արդարադատության նախարարության e-draft.am կայքում:
Այս նախագիծը վերաբերում է այն դայակներին, որոնք ընդգրկված են «դայակների ծրագրում», ըստ որի՝ սահմանված է «մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչեւ երեխայի 2 տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում»:
Այս ծրագրով դայակների վարձատրության մի մասը վճարում է պետությունը, մյուս մասը՝ ծնողները:
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է՝ «2018 թվականի հուլիսի 7-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտված անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձի (դայակի) կողմից կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից, որպես պետական հարկ, ՀՀ պետական բյուջե գանձված գումարները ենթակա են վերադարձման՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում»:
«Առավոտի» հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն ասաց, սա ինքնազբաղվածների համակարգ է, դայակներն ինքնազբաղված անձինք են. «Եվ մենք կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցումը եւ եկամուտը պետք է հանգեցնի ինքնազբաղվածների հարկման դաշտ, եւ հետեւաբար պետք է կարողանանք այս ձեւով կարգավորել ոլորտը: Եկամտային հարկի վճարը պետք է կարգավորվի ինքնազբաղվածների դաշտում, որն այս պարագայում նշանակում է հարկերից ազատում: Սա նպաստելու է ոչ միայն դայակների ինստիտուտի կայացմանը, այլեւ աջակցություն է երեխա ունեցող եւ աշխատել ցանկացող կանանց»:
Թանդիլյանի խոսքով՝ երեխաների խնամքը լրջագույն ծառայությունների մատուցման ոլորտ է, եւ ինչպես մանկապարտեզներն են դիտարկում կամ առանձին վերցրած խնամքի հաստատությունները, այս դեպքում էլ ցանկություն կա, որպեսզի դայակների ինստիտուտը կայանա. «Որովհետեւ մենք հստակ գիտակցում ենք՝ բազմաթիվ մայրեր չեն կարողանում դուրս գալ աշխատանքի որակյալ դայակների բացակայության պատճառով: Հիմա մենք հնարավորություն ենք տալիս՝ ում իրենք վստահում են, որովհետեւ այստեղ նաեւ վստահության լուրջ բաղադրիչ կա, ներգրավել այս աշխատանքի մեջ: Պետությունը աջակցում է մայրերին, որպեսզի նրանք կարողանան օր առաջ գնալ աշխատանքի, որովհետեւ իրենց ռեսուրսն ու տված արտադրանքը, որպես ավելացված արժեք, մեր պետության համար անհրաժեշտ է, եւ մեր կանայք կարող են ավելի վաղ, ավելի օպերատիվ անցնել աշխատանքի»:
Նախագծում նշված է՝ «ՀՀ ժողովրդագրության ոլորտում արդեն իսկ իրականացվող միջոցառումների շարունակական ընթացքի ապահովման հետ մեկտեղ, առկա իրավիճակը պահանջում էր թիրախավորված նոր միջոցառումներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարող են որակական փոփոխություններ մտցնել երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների եւ սոցիալական այլ խնդիրների լուծումներում, որոնք լուրջ խոչընդոտ են ինչպես բնակչության վերարտադրողական նպատակադրումների իրագործման, այնպես էլ միգրացիոն անբարենպաստ գործընթացների մեղմացման տեսանկյունից»:
Բացի այս, նախարարությունը նկատել է՝ դայակի գումարը փոխհատուցելիս որոշակի «անարդար» իրավիճակ է ստեղծվում եկամտահարկի պահման դեպքում: Նախագծում նշված է՝ «Հիմք ընդունելով դայակին վճարվող, օրինակ, 110.000 դրամ աշխատավարձը՝ ստացվում է, որ ծրագրի շրջանակներում 55.000 դրամը սահմանված կարգով ծնողին կփոխհատուցի պետությունը: Մինչդեռ Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչեւ 150.000 դրամի դեպքում 23 տոկոս սահմանված է որպես եկամտային հարկ (արդյունքում դայակի աշխատավարձից կհարկվի 25.300 դրամ): Արդյունքում, հաշվի առնելով նաեւ նպատակային սոցիալական վճարն ու դրոշմանիշային վճարը, պարզ է դառնում, որ պետությունն իրականում ավելի քիչ գումար է փաստացի հատկացնում անձին որպես աջակցություն»:
Ուստի նախարարությունը ծրագրի շրջանակներում տրվող աջակցությանը զուգահեռ առաջարկում է որոշակի հարկային արտոնություններ՝ երեխայի խնամքի աշխատանքին զուգահեռ առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տալու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձի (դայակի) կողմից կատարվող աշխատանքները կամ մատուցվող ծառայությունները համարել նվազեցվող եկամուտներ»:
Այսինքն՝ առաջարկվում է ծրագրի շրջանակներում պետբյուջե գանձված տվյալ հարկատեսակով սահմանված գումարները վերադարձնել շահառուներին: Վերադարձման կարգն ու ժամկետները հաստատվելու են կառավարության որոշմամբ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա հուլիսի 7-ից մինչեւ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դայակները պետական բյուջե են վճարել 2 875 931 դրամի չափով եկամտային հարկ:
Նախագծով առաջարկվում է դայակների վճարած հարկերի վերադարձ եւ հետագայում նրանց ազատել այդ հարկերից: Այս նախագիծը դեռ պետք է հաստատի խորհրդարանը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»