Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կալանավորները օժանդակել էին պաշտոնատար անձին կաշառք տալուն

Նոյեմբեր 12,2018 15:30

Անցյալ տարվա հունիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունն իր մեղադրական եզրակացությունն ու քրեական գործն ուղարկեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Էրեբունու նստավայր: Քրեական գործն առավել հայտնի է «Նուբարաշենի գործ» անվամբ: Ամբաստանվում էր վեց անձ, որոնց մեջ էր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Կարեն Սարգսյանը, ցմահ դատապարտյալ, կալանավորներ:

Մասնավորապես, Կարեն Սարգսյանին մեղադրանք էին առաջադրել այն բանի համար, որ նա ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 2006թ. օգոստոսի 3-ի որոշման համաձայն, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, 2016թ. հուլիսի 29-ից սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ տարբեր օրերի, ինն անգամ մեկ այլ անձից նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի միջնորդությամբ ստացել է կաշառք, ինչպես նաև մեկ անգամ օժանդակել է ՔԿՀ կալանավորների կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելուն:

Ցմահ դատապարտյալ Գևորգ Բադալյանն, ըստ գործի նյութերի, իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար միջնորդի միջոցով հինգ անգամ կաշառք է տվել պաշտոնատար անձին, երեք անգամ օժանդակել է պաշտոնատար անձին կաշառք տալուն, ինչպես նաև օժանդակել է անձնական օգտագործման համար խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին:

Օժանդակելու համար մեղադրանք էր առաջադրվել Ֆեդյա Նաջարյանին, կալանավոր Մհեր Մանուկյանին, դատապարտյալ Էրիկ Ավագյանին: Վերջինս միջնորդի միջոցով 2016թ. սեպտեմբերի 6-ին կաշառք էր տվել, եւ ըստ գործի նյութերի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրացնելու նպատակով անհայտ անձից ձեռք է բերել ընդհանուր՝ խոշոր չափերով՝ 27,19 գրամ «մարիխուանա» տեսակի և զգալի չափերով՝ 0,008 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ, որոնք թաքցրել է բջջային հեռախոսների 3 լիցքավորիչ սարքերում։

Նկատենք, որ Ֆեդյա Նաջարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

Գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ֆ. Նաջարյանի պաշտպան Կ. Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ֆ.Նաջարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու մասին:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017թ. նոյեմբերի 7-ի որոշմամբ ամբաստանյալ Ֆ.Նաջարյանի պաշտպան Կ.Գրիգորյանի միջնորդությունը մերժել էր եւ որոշման դեմ պաշտպան Կ.Գրիգորյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ դատարանի 2017թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել էր վարույթ:

Դրվագներից մեկով, Կարեն Սարգսյանը Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում ստացել է բջջային հեռախոսն ու լիցքավորիչները, ինչպես նաև 30.000 դրամը՝ որպես կաշառք։ Եվ երբ հաջորդ առավոտ Կարեն Սարգսյանը փորձել է նշված իրերը մտցնել «Նուբարաշեն» ՔԿՀ և փոխանցել կալանավորներ Ռադիկ Ավետիսյանին և Մհեր Մանուկյանին, այն կանխվել է նույն ՔԿՀ օպերատիվ աշխատակիցների կողմից։

Ըստ բողոքաբերի՝ Ֆեդյա Նաջարյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և ապօրինի, որովհետև մեղադրյալը որևէ հանցավոր արարք չի կատարել, իսկ նրա կողմից իրականացված գործողությունները հանցակազմ չեն պարունակում։

Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված ոչ միայն բավարար ապացույցների ամբողջությամբ, այլև որևէ ապացույցով չի հիմնավորվել, որ Ռադիկ Ավետիսյանն ու Մհեր Մանուկյանը խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նպատակով դիմել են իրենց ծանոթ Ֆեդյա Նաջարյանին, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրացնելու նպատակով անհայտ հանգամանքներում ձեռք է բերել ընդհանուր խոշոր չափերով՝ 27,19 գրամ «մարիխուանա» տեսակի և զգալի չափերով՝ 0,008 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ, և այդ ձեռք բերված թմրամիջոցները թաքցրել է բջջային հեռախոսների 3 լիցքավորիչ սարքերում, որ մշակված սխեմայի համաձայն՝ Ֆեդյա Նաջարյանը նշված թմրամիջոցները Ռադիկ Ավետիսյանին և Մհեր Մանուկյանին առաքելու նպատակով, նրանց խնդրանքով գնացել է Երևան քաղաքի իքս-հասցե, փոխանցել է գործով անցնող անձին՝ դատակոչվելիք վկային, հիշյալ լիցքավորիչները, ինչպես նաև Կարեն Աարգսյանի համար նախատեսված 40.000 դրամ կաշառքի գումարը՝ ամբողջը մեկ տոպրակում։

Պաշտպանության կողմն առաջարկել էր, որպես գրավի գումար սահմանել 500.000 դրամ։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ն.Հովակիմյանը նույնպես մերժել էր գրավ կիրառել երբեւէ չարատավորված անձի նկատմամբ, հանգելով հետեւյալին. «Ֆեդյա Նաջարյանի անձը հայտնի է, նա Հայաստանի Հանրապետությունում ունի մշտական բնակության վայր, սակայն դատարանի համոզմամբ կան հիմնավոր կասկածներ, որ գրավը որպես խափանման միջոց կիրառելու և Ֆ. Նաջարյանը ազատության մեջ մնալու դեպքում, վերջինս կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, խուսափել հնարավոր քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժ կրելուց՝ դրանով իսկ խոչընդոտելով հնարավոր դատարանի դատավճռի կատարմանը»։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ «վերը նշված կալանավորման հիմքերի առկայության պայմաններում դրանք չեն կարող որոշիչ նշանակություն ունենալ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը գրավով փոխարինելու և հատկապես նրա կողմից քննությանը խոչընդոտելու վտանգը չեզոքացնելու համար, մանավանդ այն դեպքում, երբ գործի դատաքննությունը ըստ էության դեռ չի սկսվել, դատակոչի ենթակա անձինք դեռևս չեն հարցաքննվել»:

Նոյեմբերի 13-ին նշանակվել է դատական հաջորդ նիստը:

Գործով անցնող կալանավոր Մհեր Մանուկյանը մեղադրվում է մեկ այլ կալանավորի հետ «խմբի կազմում», «նախնական համաձայնությամբ», իրենց օգտին պաշտոնատար անձի կողմից լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, միջնորդի միջոցով 2016թ. սեպտեմբերի 23-ին կաշառք տալու եւ խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու համար: Ուշադրության արժանի է այն, որ «խմբի կազմում» մեղադրական բառակապակցությունը նախաքննությունն իրականացրած մարմինը կիրառել է նույն գործով վեց ամբաստանյալներից միայն մեկի՝ կալանավոր Մհեր Մանուկյանի դեպքում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930