Նոյեմբերի 6-8-ը Ստրասբուրգում անցկացվեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը:
Կոնգրեսի 35-րդ նստաշրջանն անցկացվեց Տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեխղճությունը և էթիկական վարքագիծը խորագրով:
Նստաշրջանի առաջին օրը տեղի ունեցավ Կոնգրեսի նախագահի ընտրություն: Նախագահի պաշտոնում ընտրվեց Անդերս Կնապեն:
Կոնգրեսի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին հարցազրույցի ընթացքում «Առավոտի» հետ զրույցում Անդերս Կնապեն խոսեց Կոնգրեսի առաջնահերթությունների, մարտահրավերների, տեղական ժողովրդավարության զարգացման գործիքների և այլ խնդիրների մասին:
– Պարոն Կնապե, ի՞նչ հիմնական առաջնահերթություններ և մարտահրավերներ կան Ձեզ համար՝ որպես ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ:
– Կոնգրեսի համար առաջին առաջնահերթությունը մոնիտորինգային առաքելություններն են: Կոնգրեսը միակ կառույցն է, որ կարող է մոնիտորինգ իրականացնել Խարտիային համապատասխան: Դա շատ կարևոր է բոլոր անդամ երկրների տեղական և տարածքային իշխանությունների համար: Մեզ համար կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ այն թունավորում է հասարակությունը և բազում խնդիրներ ստեղծում: Մեզ համար առաջնային խնդիր է նաև այն, որ տեղական իշխանության մի շարք ընտրված ներկայացուցիչներ նշում են, որ իրենց նկատմամբ սպառնալիքներ կան կառավարության, այլ քաղաքացիների, քրեական խմբերի, նաև՝ հասարակության կողմից: Այսօր բավականին կոշտ ձևով է այդ քննադատությունը տեղի ունենում, երբ օգտագործվում են սոցիալական մեդիան ու այլ գործիքներ: Դա արվում է նաև կեղծ լուրերի միջոցով: Ընտրություններին դիտորդական առաքելության իրականացումը ևս մեզ համար առաջնահերթություն է: Մենք պետք է ապագայում ավելի շատ կենտրոնանանք այս խնդիրների վրա: Ներկայումս Կոնգրեսն ունի ֆինանսական խնդիրներ, ուստի պետք է ուշադիր լինենք, որպեսզի այն որակը, որն ունենք, պահպանենք՝ միևնույն ժամանակ նվազեցնելով ծախսերը:
– Հայաստանյան պատվիրակության հետ աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:
– Կոնգրեսում տարիների ընթացքում մենք աշխատել ենք բազում պատվիրակությունների հետ: Ինքս եղել եմ Հայաստանում՝ Երևանում: Իմ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում պատրաստակամ են աշխատել: Կոնգրեսում, ինչպես մյուս պատվիրակություններից շատերի դեպքում, հայկական պատվիրակությունը ևս իրապես հետաքրքրված է Կոնգրեսում քննարկվող խնդիրներով: Ինչ վերաբերում է հայկական պատվիրակությանը, ընդհանուր առմամբ հայկական պատվիրակությունն առանձնանում է նրանով, որ բավականին հայտնի է գործընկերների շրջանում:
– Ո՞րն է Կոնգրեսի ներդրումը ՀՀ-ի նման երկրներում տեղական ժողովրդավարության զարգացման համար:
– Կոնգրեսի հիմնական սկզբունքներն են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը: Այս սկզբունքների ապահովման համար մեր հիմնական գործիքներից է մոնիտորինգային առաքելությունը, ընտրություններին դիտորդական առաքելությունը, բայց մենք կարող ենք նաև աշխատել տարատեսակ քաղաքական նախագծերի շրջանակներում: Դա նշանակում է, որ Կոնգրեսն աշխատում է տեղական իշխանությունների, ասոցիացիաների, ինչպես նաև կառավարությունների հետ: Փորձում ենք փնտրել ուղիներ բարելավելու տեղական իշխանությունների աշխատանքը: Հայաստանի հետ ունենք, այսպես կոչված, քաղաքական համագործակցություն: Հայաստանը մշտապես եղել և այժմ էլ ակտիվ է համագործակցության առումով: Հայաստանը Եվրոպայի խորհրդի քարտեզում է, և ես տպավորություն ունեմ, որ հայկական կողմից բավականին հետաքրքրված են Կոնգրեսի հետ համագործակցությամբ:
– Հայաստանում գարնանը տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Ի՞նչ եք կարծում՝ հեղափոխությունը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ համայնքներում տեղական ժողովրդավարության կայացման հարցում: Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստանից հեղափոխությունից հետո:
– Անդամ երկրներում միշտ տարբեր իրադարձություններ են տեղի ունենում: Դրանք անհատական են: Մեզ համար կարևոր է այն, որ ընտրված մարդիկ հնարավորություն ունենան ավարտելու իրենց պարտավորությունը: Ժողովրդավարությունը հենց ընտրված ներկայացուցիչներն են: Բայց տարբեր երկրներում կարող են լինել տարբեր դրսևորումներ: Մենք փորձում ենք պաշտպանել այն քաղաքական գործիչներին, որոնք ընտրվել են և լավ են աշխատում: Բայց իհարկե, միշտ կարող են լինել իրավիճակներ, երբ ցանկություն է առաջանում հրաժարական տալ, քանի որ նրանք չեն կարող իրականացնել այն խնդիրները, որոնք իրենց առաջ դրված են: Ի վերջո, տեղական իշխանության ներկայացուցչի որոշումն է: Ինչ վերաբերում է հայաստանյան զարգացումներին, ապա տեղյակ եմ՝ Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, և դա շատ բան կարող է որոշել:
– Կոնգրեսի համար ընտրված տեղական իշխանության ինքնուրույնության պահպանման հարցն առաջնահերթ է: Հետխորհրդային երկրներում դեռ այդ խնդիրը կա. մենք հանդիպում ենք իրավիճակների, երբ քաղաքական փոփոխությունների արդյունքւմ հրաժարականներ են լինում: Կոնգրեսի տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այդ ամենը, Կոնգրեսն այդ ամենին միջամտելու գործիքներ ունի՞:
– Եթե տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներն ուզում են, որպեսզի իրենց հետ կատարվածը քննարկվի Կոնգրեսում, նրանք սովորաբար գրում են Կոնգրեսին: Դա հաստատվում է Մոնիտորինգային հանձնաժողովի կողմից, և հետաքննություն է իրականացվում պարզելու՝ արդյոք պե՞տք է ավելի խորքային ուսումնասիրություն:
Այս հարցի պատասխանը տալու համար պետք է յուրաքանչյուր գործ անհատական նայել: Չենք կարող ընդհանուր պատասխան տալ: Մենք տարբեր երկրներից լսում ենք նման դեպքեր և մենք նայում ենք՝ արդյոք Կոնգրեսը կարո՞ղ է ինչ-որ բան անել, արդյոք այդ դեպքի ուսումնասիրությունը Կոնգրեսի լիազորությունների շրջանակո՞ւմ է:
– Ո՞րն է Ձեր անձնական կարծիքն այս հարցում:
– Ես նախկինում էլ հայտարարեցի, որ ճնշումը իրավական հարթությունում չէ և համապատասխան չէ այն չափանիշներին, որոնց մենք դավանում ենք: Իհարկե, մյուս կողմից էլ գոյություն ունի խոսքի և կարծիքի ազատություն: Միշտ այս սկզբունքները կշեռքի երկու նժարին են, և երբ փորձում ես դատել տարբեր դեպքեր, պետք է հավասարակշռել կշեռքի երկու նժարները:
– Կոնգրեսի 35-րդ նստաշրջանի խորագիրը Տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեխղճությունը և էթիկական վարքագիծն է: Արդյոք դա առաջնահե՞րթ մարտահրավեր է:
– Վստահությունն է ժողովրդավարության հիմքը: Վստահություն քաղաքացիների և տեղական իշխանության ներկայացուցիչների միջև: Մեր գործունեությունն ուղղված է հենց այդ վստահության հաստատմանը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»