Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն այսօր առավոտյան Աշգաբադից, որտեղ անցկացվում էր աշխարհի առաջնությունը, վերադարձավ Երեւան: Նրանց դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, պաշտոնական այլ անձինք եւ մարզասերներ:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասաց. «Աշխարհի, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում Հայաստանի մարզիկների ոսկե մեդալներ նվաճելը սովորական երեւույթ է մեր առաջատար մարզաձեւերի ներկայացուցիչների համար: Բայց Սիմոն Մարտիրոսյանի արածը, երբ ի պատիվ նրա հզոր հաղթանակի եւ սահմանած համաշխարհային ռեկորդների Հայոց Եռագույնը ամենից բարձր ծածանվեց եւ ամբողջ աշխարհը հոտնկայս լսեց Հայաստանի օրհներգը, հայ լինելու եւս մի հպարտություն պարգեւեց մեր ամբողջ ազգին: Գոռ Մինասյանն էլ իր կայուն երկրորդ տեղը պահպանեց աշխարհում: Եվ դա այն դեպքում, երբ հաղթող դարձած վրացին անձնական քաշով 20-25 կիլոգրամով ծանր էր Գոռից: Ծանրամարտից հասկացողները լավ են պատկերացնում, թե դա ինչ է նշանակում՝ անձնական ամեն մի կիլոգրամ ավելի քաշը ծանրաձողի պլյուս երեք կիլոգրամ է: Եթե Գոռ Մինասյանը կարողանա անձնական քաշն ավելացնել, վստահ եմ՝ կհաղթի Լաշա Տալախաձեին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ