Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը վերլուծում է 2019-ի պետբյուջեի նախագիծն ու մեր երկրի տնտեսական իրավիճակը:
Հռիփսիմե Ջեբեջյան.- ՀՀԿ իշխանության ժամանակ պետական բյուջեներին տրվում էին ինչ-որ անուններ՝ աղքատի բյուջե, անատամ բյուջե, գոտիները ձգելու բյուջե, եղավ նաեւ «քրքաշ քաշ գալու բյուջե» անունը, այս բյուջեն Նիկոլ Փաշինյանն անվանեց իներցիոն բյուջե, Դուք ի՞նչ անուն կտաք այս բյուջեին:
Կառլեն Խաչատրյան.-Դժվար է ածականով բնութագրել, բայց եթե փորձենք բյուջեի համար ածական օգտագործել, իներցիոնից զատ՝ երեւի կասենք զուսպ ու հաստատ ոչ հեղափոխական: Բյուջեի նախագծից հասարակությունը, այդ թվում նաեւ մասնագիտական շրջանակները շատ ավելի մեծ սպասելիքներ ունեին: Մտածում էինք, որ պետք է ավելի հավակնոտ թվեր տեսնեինք այստեղ, հավակնոտ ծրագրեր: Սակայն համեմատելով այն նախորդ տարվա՝ 2018-ի բյուջեի ցուցանիշների հետ՝ մենք արձանագրում ենք ըստ էության եկամուտների ու ծախսերի մոտավորապես նույնքան՝ 150 մլրդ դրամի չափով ավելացում, բյուջեի դեֆիցիտն առանձնապես չի փոխվելու, եւ եկամուտների ու ծախսերի կառուցվածքը գրեթե նույնն է: Մեծ իմաստով, էական շրջադարձային փոփոխություն բյուջեով մենք չենք տեսնում: Ավելին, եթե 2019-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2019-ի համար նախորդ կառավարությունը 5.3 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսում, ապա այս տարվա բյուջեի հիմքում դրված է 4.9 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Կարող ենք միարժեքորեն ֆիքսել, որ 2019-ի բյուջեն 2018-ի բյուջեի տրամաբանական շարունակությունն է, որեւիցե շրջադարձի, բեկումնային փոփոխության մասին, ցավոք, չենք կարող խոսել:
Հ. Ջ.- Այսինքն՝ հեղափոխականները հեղափոխական բյուջե չեն ներկայացրել:
Կ. Խ.- Փաստացի, այո: Մենք՝ տնտեսագետներս, նոր իշխանությունից 4-5 ամսում տնտեսական հրաշք չէինք էլ ակնկալում: Եթե մենք այս տարվա երկրորդ կեսի տնտեսական ցուցանիշների անկումը, ոչ հավակնոտ աճը մեկնաբանում ենք կառավարության փոփոխության, քաղաքական պրոցեսների, տնտեսական գործընթացները երկրորդային պլան մղելու հանգամանքով, ապա 2019-ին այդ հանգամանքը չի կարող աշխատել, իսկ 2019-ի հիմքը մենք այսօր ենք դնում, ու բնական է, որ բյուջեի փաստաթղթով ինչ եկամուտներ, ծախսերի ինչ մակարդակ ֆիքսեցինք, կառավարությունը դա է իրականացնելու: Վերջիվերջ, պետբյուջեն օրենքի ուժ ունի եւ պետք է կատարվի:
Հ. Ջ.- Խոսելով ՀՀԿ-ի կառավարության ներկայացրած բյուջեի նախագծի մասին՝ այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք գործ ունենք անողնաշար բյուջեի հետ»: Նրա խոսքով՝ բյուջեի նախագծում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին: Ոչ ոք չի ասում, թե այսօր աղքատությունն ինչքան է եւ ինչքան է դառնալու, ավելանալո՞ւ է բյուջեի արդյունքում, թե՞ պակասելու է: Հիմա իր կառավարության ներկայացրած բյուջեում էլ չկան այդ ցուցանիշները, կարո՞ղ ենք ասել, որ սա էլ է անողնաշար բյուջե:
Կ. Խ.- Իրականում որակումների առումով մենք պետք է տարանջատենք ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, այդ ժամանակ իր հայտարարություններն ու պնդումները եւ արդեն կառավարություն ղեկավարող Նիկոլ Փաշինյանին ու իր հայտարարությունները կամ ելույթները: Բնական է, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչը պետք է ամեն ինչ բացասական երանգով ներկայացնի, քննադատի: Իսկ իշխանության ղեկին գտնվող մարդն արդեն հասկանում է իրողությունները, իրավիճակը, պատասխանատվությունն է գիտակցում, հուսախաբ չանելու խնդիրը կա: Այս կոնտեքստում է պետք դիտել, որ այն ժամանակվա հայտարարությունները չեն համընկնում ներկայիս վարվող քաղաքականության տրամաբանության հետ: Ինչ վերաբերում է աղքատության եւ այլ ցուցանիշներին, այստեղ, այո, էլի որեւէ կտրուկ փոփոխություն չունենք: Բյուջեի մասով դրականն այն է, որ այս տարի անցնում ենք ծրագրային բյուջետավորման: Մյուս կողմից՝ դրական է նաեւ այն, որ մենք այս տարի 150 մլրդ դրամի դեֆիցիտ ունենք, որը արտաքին պարտքի հաշվին ենք ֆինանսավորելու: Նախորդ տարիների դինամիկան հակառակ պատկերն էր, բյուջեի դեֆիցիտը մենք ավելի շատ ներքին ռեսուրսների հաշվին էինք ֆինանսավորում: Ֆինանսների նախարարը հուսադրող հայտարարություն արեց՝ պնդելով, որ մեր վարկերը ոչ թե ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանն են ուղղվելու, այլ կապիտալ ծախսեր ենք փոխառու միջոցներով իրականացնելու: Երբ պարտք ես վերցնում ու կենցաղային խնդիրներ լուծում, պարտքի բեռը ծանրանում է, մեկ այլ բան է, երբ պարտքով փորձում ես հավելյալ արժեք ստեղծել, դնել գործի մեջ: Ինքը շրջանառվում է, ու պարտքը վերադարձնելու ծանրությունը համեմատաբար թեթեւ է լինում:
Հ. Ջ.– Մոտ 1 տարի առաջ՝ 2018-ի հունվարին, երբ գազի սակագինը բարձրացավ, Նիկոլ Փաշինյանը «Ելքի» անդամների հետ բողոքի ցույցեր սկսեցին իրականացնել: Հիմնական դժգոհությունն այն էր, որ այդ ժամանակվա իշխանությունները այլընտրանք չէին առաջարկում, բենզինը թանկացնում էին, ասում էին՝ գազով քշեք, գազը թանկացնում էին, ասում էին՝ ձեր մեքենաները բրթեք, ու եթե հիշում եք, կանաչ «ջորի» էին բերել՝ որպես մեր տնտեսության խորհրդանիշ ու ցույցերի ժամանակ բրթել էին տալիս ցուցարարներին: Հիմա այս տարվա մեջ, ինչ ձեւավորվել է նոր կառավարությունը, այդ «ջորին» «Մերսեդե՞ս» է դարձել, թե՞ նույն «ջորին» էլ մնացել է:
Կ. Խ.– Մենք ունենք այն տնտեսությունը, ինչ ունեցել ենք, 6 ամսվա ընթացքում «ջորին» ոչ միայն չի դարձել, այլեւ չէր էլ կարող դառնալ «Մերսեդես», պետք էր դրա վրա մեծ ներդրումներ անել կամ գոնե պետք էր վաճառել, վրան գումար դնել, «Մերսեդես» առնել: Անգամ 1,5 տարում չենք կարող տնտեսության մեջ շրջադարձ ակնկալել: Երբ ասում ենք՝ պետբյուջեից, վարվող տնտեսական քաղաքականությունից ավելի մեծ սպասելիքներ ունեինք, նկատի ունենք այն, որ տարբեր գնահատականներ կան, թե մեր երկրի տնտեսության մեջ ստվերը որքան է կազմում, 40-50 տոկոս են հրապարակում: Եթե ֆիքսենք 50-տոկոսանոց ստվեր, դա բավականին մեծ ռեզերվ է՝ պետբյուջեն ավելացնելու, եկամուտներ ավելացնելու, դրանով թե՛ թոշակ կբարձրանա, թե՛ պետական ծառայողների աշխատավարձ: Այն ժամանակ քաղաքական կամքի բացակայությունն է եղել, որ ստվերը բացահայտվի, հիմա գոնե այդ քաղաքական կամքը թվում է, թե կա, բայց, ի վերջո, հաջորդ տարի այդ քաղաքականության միջոցով հարկային մուտքերը ոնց որ թե չեն ավելանում, ու այստեղ հարցեր են առաջանում, թե ինչու:
Հ. Ջ.– ԱԺ-ում Փաշինյանը 10 փաստ բերեց՝ ապացուցելու, որ մեր տնտեսությունը «պոզիտիվ տրանսֆորմացիայի» է ենթարկվում: Նա ասաց, որ «ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող ու խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի, արդյունաբերական եւ արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի»: Դուք նման տրանսֆորմացիաների հիմք տեսնո՞ւմ եք:
Կ. Խ.– Դեռեւս նման շրջադարձային փոփոխությունների նշմարում էլ անգամ չկա: Այո, հանքարդյունաբերությունը նվազում է, այդ ոլորտում աշխատատեղերը կրճատվում են, բայց այդ գործազուրկ մարդկանց այլընտրանք որեւիցե կերպ չի առաջարկվում: Ինչ վերաբերում է տնտեսությունը տեխնոլոգիական ուղիով տանելուն ու արտահանումը խթանելուն, Տիգրան Սարգսյանի կառավարությունից սկսած՝ մոտ 10 տարի մեր բոլոր կառավարությունները խոսում են գիտելիքահեն տնտեսություն կառուցելու, մարդկային կապիտալը լրջորեն օգտագործելու կարեւորության մասին, անգամ եթե հիշեք՝ 2010-2011-ին արտահանմանը միտված քաղաքականություն մշակվեց, ոլորտներ առանձնացվեցին, ինչ-որ ծրագրեր մշակեցին: Այսինքն՝ եթե մենք խոսում ենք զուտ վարչապետի ցանկության մասին, ապա նախորդ վարչապետները եւս, գոնե հայտարարությունների մակարդակով, նման ցանկություն ունեցել են: Ինձ ավելի հետաքրքիր է ոչ այնքան հայտարարությունը, որքան կոնկրետ ծրագրերը… Մենք չենք տեսնում ՀՀ-ում մի տնտեսական ճյուղի աճ, մենք տեսնում ենք տնտեսության անկում, ի հաշիվ նրա, որ հանքարդյունաբերության ոլորտում որոշակի փոփոխություններ կան: Օգոստոս-սեպտեմբերին մեր երկիր եկող տրանսֆերտների ծավալը փոքրացել է, երկրից դուրս եկող կապիտալի ծավալը՝ մեծացել, սա էլի միարժեքորեն տնտեսության դրական միտումների մասին չի խոսում:
Զրույցը վարեց Հռիփսիմե Ջեբեջյանը
Ամբողջական զրույցը՝
«Առավոտ»