Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դաշտ ենք մաքրում, մենք դեռ իրենց 20 տարվա աղբը փորձում ենք հասկանալ՝ սա ինչ է». Հրաչյա Հակոբյանը՝ ՀՀԿ-ի քննադատության մասին

Նոյեմբեր 12,2018 14:24

ՔՊ անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե Նիկոլ Փաշինյանը ազնիվ է, քվեախցում մենակ մնալով՝ իր ձայնը կտա ՀՀԿ-ին: Հրաչյա Հակոբյանն ասաց. «Իսկ լրագրող եղե՞լ է, որ հարցրել է պարոն Սարգսյանին, թե արդյոք նա, կամ նրա քաղաքական հայր Սերժ Սարգսյանը 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ մենակ գտնվելով քվեախցում՝ քվեարկել է «Ելք» դաշինքի օգտին: Պետք է տայիք այդ հարցը, էլի»:

Խոսելով իրենց ընդդիմադիր ուժերի մասին՝ Հրաչյա Հակոբյանն ասաց՝ ոչ ՀՀԿ-ն է որոշելու, թե ով է ընդդիմություն, ոչ ՔՊ-ն, դա որոշելու է ժողովուրդը. «Եթե ժողովուրդը որոշի, որ ՀՀԿ-ն է լինելու ընդդիմություն, ՀՀԿ-ն կլինի, եթե ժողովուրդը որոշի, որ ՀՅԴ-ն է լինելու ընդդիմություն, ուրեմն կլինի ՀՅԴ-ն»:

Դիտարկմանը, որ իրենք ասում են՝ այս 6 ամսում իրենցից բացի ՔՊ-ին որեւէ մեկը չի քննադատել՝ նա պատասխանեց, որ այս 6 ամսում լրիվ այլ իրավիճակ է եղել, երբ ԱԺ-ն ձեւավորվի, այլ իրավիճակ կլինի:

Հարցին՝ դաշտում դուք բացի ՀՀԿ-ից, այլ ընդդիմադիր ուժ տեսնո՞ւմ եք՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ այո. «Անուններ չեմ տա, Լուսավոր Հայաստանն էլ կարող է լինել ընդդիմություն, կարող է լինել նաեւ «Մենք» դաշինքը»: Դիտարկմանը, որ այդ ուժերը, որոնք համագործակցել են ձեզ հետ, կարո՞ղ են լինել ձեզ ընդդիմադիր՝ նա պատասխանեց, որ այո, հիմա կարող են հանդես գալ ընդդիմադիր հայացքներից. «Այդ համագործակցության ժամանակահատվածում գիտեք՝ ինչքան տարաձայնություններ են ունեցել այդ 3 ուժերը՝ գտնվելով մի դաշինքի մեջ»:

Հրաչյա Հակոբյանն ասաց. «Դեռ ՀՀԿ-ն պետք է հայտնվի խորհրդարանում, որ մի հատ էլ հարց առաջանա՝ կոալիցիա կկազմեն, թե՞ ոչ, ոչ էլ կկազմեն ընտրություններից առաջ, դա պարզապես ծիծաղելի է»:

Ըստ Հրաչյա Հակոբյանի, ՀՀԿ- անցողիկ շեմն անգամ չի հաղթահարի. «Եթե ռեբրենդինգ անեին, իրենց վրա որ դաջված չլիներ ՀՀԿ-ն, այնտեղ կան պատգամավորներ, ովքեր արժե, որ լինեին խորհրդարանում, բայց ՀՀԿ անվան տակ դա բացառվում է»:

Հրաչյա Հակոբյանին փոխանցեցին ՀՀԿ-ի քննադատությունները՝ ուղղված ՀՀԿ-ին՝ տնտեսական թռիչք էիք խոստանում, բայց գնաճ է արձանագրվել, կրճատվել են արտասահմանյան ներդրումներ, գործարաները դիտվում են որպես հանցագործներ եւ այլն: Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Մենք դաշտ ենք մաքրում: Մենք դեռ իրենց 20 տարվա աղբը փորձում ենք հասկանալ՝ սա ինչ է: Փորձում ենք հասկանալ՝ ատամի խոզանակն ինչու է ՀՀԿ-ն դրել կոշիկի խոզանակի հետ եւ այլն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930