Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում միաձայն դրական եզրակացություն ստացավ 2019 թվականի բյուջեի նախագիծը: Նախ նիստը սկսվեց կես ժամ ուշ. քվորում չկար: Նիստը կես ժամ հետաձգելուց հետո քննարկմանը ներկայացավ «Ելք» խմբակցության պատգամավոր Կոնջորյանը եւ քվորումն ապահովվեց: Նիստին մասնակցում էին նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ՝ տվյալ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ անդամ Սամվել Նիկոյանը:
Հարցը զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը բյուջեի ֆինանսական ցուցանիշներին չանդրադարձավ՝ խնայելով ներկաների ժամանակ, քանի որ նախորդ տասը օրերի ընթացքում դրանք մանրամասնորեն քննարկվել էին հանձնաժողովների համատեղ նիստերում: Պարոն Ջանջուղազյանը արձանագրեց միայն, որ այսպիսով մտնում ենք բյուջեի ծրագրերի գնահատման նոր փուլ, այն է՝ ծրագրային բյուջետավորումը: Հիշեց, որ դրա սկիզբը դրվել է մեկուկես տասնամյակ առաջ. «Ունենք մեկնարկային շատ լավ պայմաններ, ներդրված փողի դիմաց լավագույն արդյունք ստանալու համար: Սակայն այս նախաձեռնության ակնկալիքներն ամբողջությամբ ստանալու համար դեռ անելիքներ կան»:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նույնպես չանդրադարձավ թվերին. դա կանի խորհրդարանի լիագումար նիստում: Հիշեց, որ խորհրդարանը 6-7 տարի առաջ է միացել Հայաստանում ծրագրային բյուջետավորումը ներդնելու գործընթացին: Արձանագրեց, որ պատգամավորները, որոնց մասին, ըստ նրա՝ «լրագրողները հազար ու մի բան են ասում», որեւէ իրավական պարտավորվածություն չունենալով եւ առանց հավելյալ վարձատրության լծվել են այս գործընթացին՝ աննախադեպ գործ կատարելով:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Գագիկ Մինասյանը նշեց նաեւ, որ կառավարությունը գործընթաց էր սկսել ոլորտային ռազմավարության հետ կապված, որի շրջանառության մեջ դնելուց հետո միայն կարող ենք փաստել, որ Հայաստանում ծրագրային բյուջետավորումը լիարժեք ներդրված է: Բայց, ըստ նրա՝ սա հնարավոր է այն պարագայում, երբ Հայաստանի հաջորդ խորհրդարանը իր մեջ նույնպես ուժ գտնի այդ ծավալի աշխատանք կատարելու, ինչ որ գործողը եւ նախկինը: Ծրագրային բյուջետավորման ներդրմամբ, ըստ Գագիկ Մինասյանի՝ Հայաստանում բավականին լավ հիմք է ստեղծվում կոռուպցիայի դեմ պայքարի եւ բյուջեի փոշիացման դեմն առնելու համար: Գագիկ Մինասյանը փաստեց, որ 2019-ի բյուջեի նախագիծը շատ հեռու է այն հեղափոխական նպատակներից, որով գարնանը հաստատվեց կառավարության ծրագիրը. ոլորտային կարեւորագույն մի շարք ուղղություններով հետընթացներ են արձանագրված: Բայց Գագիկ Մինասյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին, քանի որ հաջորդ խորհրդարանին եւ կառավարությանը պետք է հաստատված բյուջե թողնել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Սամվել Նիկոյանն էլ առաջարկեց, որպեսզի Գագիկ Մինասյանը լիագումար նիստում իր ելույթում մանրամասնորեն անդրադառնա բուն բյուջեի նախագծին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ