ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու եւ չի լինելու ՀՀԿ ցուցակում:
Նա լրագրողներին ասաց, որ առայժմ չի ուզում պատճառներն ասել, դրա մասին կխոսի ընտրություններից հետո՝ դեկտեմբերի 10-ին:
Մենք հետաքրքրվեցինք՝ պատճառները, այնուամենայնիվ, քաղաքակա՞ն են, թե՞ անձնական: Նա ժպտալով պատասխանեց. «Ես կասեի երկրաբանական»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Ֆարմանյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը եւ Արման Սաղաթելյանը տարածել էին հայտարարություն, որում մասնավորապես ասված էր. «Մի՛ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա՛յք, պարզապես մի՛ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետևում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ