Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես արեք, որ ջրի հետ երեխային էլ վաննայից դուրս չշպրտենք». Խոսրով Հարությունյանը՝ Ալեն Սիմոնյանին

Նոյեմբեր 12,2018 12:40

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում «Ընդերքի մասին» օրենքի քննարկման ժամանակ քննարկվեց Ալեն Սիմոնյանի, Սպարտակ Սեյրանյանի, Նաիրա Զոհրաբյանի համահեղինակությամբ ներկայացված «Վիճակախաղերի եւ շահումով խաղերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին նախագիծը:

Բուքմեյքերական գրասենյակները, ըստ նախագծի, պարտավոր են մուտքի մոտ ստուգել՝ անձը, որ մտնում է, 21 տարին լրացա՞ծ է, թե՞ ոչ:

Մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով ընտանիքին ծանր դրության մեջ դնելու համար սահմանափակ գործունակ ճանաչված մարդուն կարող են արգելել մտնել բուքմեյքերական գրասենյակներ, կազինոներ եւ այլն:

Ընտանիքի անդամը, օրինակ, կինը կարող է դատական կարգով սահմանափակել ամուսնու գործունեությունը, որ չգնա ու խաղա, ընտանիքի ունեցվածքը կորցնի:

Վիճակախաղերի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները ամենաշատ քննարկված ու աղմուկ հանած դրույթն է, սրանից հետո Երեւանում չեն լինելու բուքմեյքերական գրասենյակներ,: Չի սահմանափակվելու միայն Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկում եւ Մեղրիում, որտեղ կազինոների գործունեությունն է նաեւ թույլատրված օրենքով: Գազալցակայաններում ապարատները նույնպես հանելու են, մարդը գալիս է գազալցակայան, ավելի շատ խաղում է, քան գազ լցնում:

Խախտման պարագայում տվյալ կազմակերպությունների լիցենզիան կասեցվելու է:

Ալեն Սիմոնյանը հորդորեց հնարավորինս արագ այս օրենքն ընդունել՝ 24 ժամվա ռեժիմով, որովհետեւ համ մեր անվտանգությանն է վերաբերվում, որովհետեւ այդ գումարները հաճախ դուրս են բերվում, համ էլ մեր ընտանիքներին: Ընդ որում, տնտեսությանը այդ գումարները մեծ գումարներ չեն բերում, օգուտ, ըստ էության, չեն տալիս:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ այդ նախագծի վրա հանձնաժողովում աշխատել են, կառավարության հետ համաձայնություն ձեռք բերել: Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենք ուզում են այս նախագիծը սիրո եւ համերաշխության մթնոլորտում քննարկել: Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Հասկանալի է, ուղղակի այնպես արեք, որ ջրի հետ երեխային էլ վաննայից դուրս չշպրտենք»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀ-ում խաղում է մոտավորապես 60-62 հազար մարդ, որոնցից 2 հազարը համարվում է խաղամոլ եւ խոցելի խմբի մեջ է:

ՀՀԿ պատգամավոր Վահան Հարությունյանն ասաց, որ այդ ոլորտում մոտ 1000 աշխատատեղ կա, ուստի հանելով՝ մտահոգություններ չունե՞ն: Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ մտահոգությունը կիսում է եւ այդ մարդկանց պետք է ժամանակ տալ այլ ոլորտներում իրենց զբաղվածությունն ապահովել:

Պատգամավորները հետաքրքրվեցին արտասահմանյան միջամտությունները կանխարգելելու դրույթով, ինչո՞ւ ու ինչպե՞ս պետք է դա անեն: Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ կայքեր կան, որ խաբում են մարդուն. «Գիրք գնելու կայք է ներկայացնում մարդուն, մտնում ես, քեզ ներկայանում է, ասենք «Վուլկան» կազինոն, կանոնակարգում ասելով՝ դա նկատի ունեն: Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ կանոնակարգել, ֆեյսբուքի մեսինջերը փակել եւ այլն»:

Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ դրա տեխնիկական հնարավորությունները կուսումնասիրեն ու կասեն ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930