Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի արձագանքը՝ Քոքոբելյանին ու Արամ Սարգսյանին. Նա զգուշացնում է՝ իրենց դեմ կեղտոտ տեխնոլոգիա կիրառողներին ծանր հակահարված են տալու

Նոյեմբեր 12,2018 12:27

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Մենք» դաշինքի անդամների՝ իրենց հասցեին արված որոշ դիտարկումներին: Մասնավորապես, «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասել էր, որ գրպանային ընդդիմությունը այն ուժն է, որը մի բան հայտարարում է, բայց քվեարկությամբ այլ բան է ցույց տալիս: Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ընդդիմություն կամ իշխանություն լինելը հայտարարությունով չի, ընտրությունների արդյունքով է, ժողովրդի տված քվեով: Դեկտեմբերի 9-ին ում քվե կտա ժողովուրդը, այդ արդյունքներով էլ կորոշվի: Եթե քաղաքական ռեալ պոլիտիկը ձեւավորվեր հայտարարություններով, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք բացարձակապես այլ իրականություն կունենայինք: Ես չգիտեմ իրենք ում են ակնարկում, ինչ են ակնարկում, բայց ես չեմ սիրում քաղաքականության մեջ առաջնորդվել կոֆեի բաժակի մրուրով, թե կոֆեի բաժակի հետագիծն ինչ ցույց կտա, կամ ով իր մտքում ինչ ունի պահած: Քաղաքականությունը, ինչքան էլ շատերը տարբեր եզրույթներով համեմատում են այլ արվեստների հետ, ինձ համար առաջին հերթին ազնվությունն է: Քաղաքական գործիչը պետք է ասի այն, ինչ մտածում է, ոչ թե մտածի մի բան, ասի մեկ այլ բան: Եթե ինչ-որ մարդիկ իրենց մտքում ինչ-որբան ունի պահած եւ այլ բան է ասում, դա ոչ թե մեր, իրենց պրոբլեմն է»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց զրուցակիցը ՀՀ ընտրողն է լինելու, ներկայացնելու են իրենց լուրջ ծրագիրը ու քաղաքացին տեսնելու է, որ իրենց ծրագրով գնալու են լուրջ տնտեսական բարեփոխումների. «Մենք չենք գնում որեւէ մեկին վիրավորելու, որեւէ մեկին ոչնչացնելու, մենք չենք գնում որեւէ մեկ այլ քաղաքական ուժի հաշվին դիվիդենտներ շահելու: Մենք քաղաքական կոռեկտության կոչ ենք անում, ով կխախտի՝ համարժեք պատասխան կստանա»:

Հարցին՝ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀԿ-ն կարող են դաշինք կազմել, որովհետեւ երկուսն էլ ԵԱՏՄ-ի մասով նույն քաղաքականությունն են վարում, ուստի իրենք են լինելու միակ ընդդիմադիր ուժը, դուք քննադատելո՞ւ եք այսօրվա իշխանություններին, թե՞ գնալու եք դաշինք կազմելու ճանապարհով՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես կողմ եմ, որ մենք հիմա ոչ թե փորձենք միմյանց հետ մրցենք, թե ով է ավելի ընդդիմադիր, ով ավելի կգնա մյուսին ոչնչացնելու ճանապարհով: Մենք ունենք եզակի հնարավորություն առաջին անգամ գնալու ընտրության, որտեղ օրակարգը կլինի սեփական ծրագիրը հանրությանը ներկայացնելը: Մինչ այս ընտրությունները խեղաթյուրվել են վարչական ռեսուրսի կիրառմամբ, ընտրական կաշառքով, ընտրողին խաբելով, մոլորեցնելով, կուսակցությունների ծրագիրը, գաղափարական, տնտեսական օրակարգը մղվել է երկրորդ պլան: Առաջին անգամ մենք ունենք հնարավորություն ընտրողին ասելու՝ սա մեր առաջարկն է քեզ, ինչքան վստահության քվե կտա յուրաքանչյուրիս, դա կլինի մեր քվեն: Մենք չենք մտնելու մենամարտի՝ որեւէ քաղաքական ուժի հետ, բայց եթե խախտեցին կոռեկտության սահմանը, արժանի եւ մի բան է ավելի հակահարված ստանալու է»:

Մեր հարցին՝ չե՞ք ընդունում այն քննադատությունը ձեր քաղաքական ուժի հասցեին, որ անսկզբունքային ուժ է, մեկ Սերժ Սարգսյանի օգտին է կողմ քվեարկում, մեկ հեղափոխության ջատագով է, մեկ չգիտես որ դաշտում է խաղում՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ դա ընտրությունների այս նախաշեմին սեւ PR է. «Փորձելու են կեղտոտ տեխնոլոգիաների ձեռք մեկնել, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս՝ չանել, որովհետեւ շատ-շատ ծանր հակահարվածի են արժանանալու»:

Նա ասաց, որ իրենք այս հեղափոխության մաս են ու ամեն ինչ անելու են, որ հեղափոխությունը մեր երկրում դառնա անշրջելի ու անցնենք նաեւ տնտեսական հեղափոխության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930