Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդի անվտանգության հիմնահարցը

Նոյեմբեր 12,2018 10:35

Սննդամթերքի անվտանգությունը մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովումն է:

Սննդամթերքի անվտանգության պահպանման գործում կան խախտումներ, որոնց հետ անմիջականորեն առնչվում են սպառողները: Խախտումներից խուսափելու համար պետք է ուշադրություն դարձնել ապրանքի մակնշմանը, պիտանելիության ժամկետին, սննդամթերքի կեղծմանը, սանիտարահիգիենիկ պայմաններին: Սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի և սննդային հավելումների փաթեթավորումը և մակնշումը չպետք է վնասված լինեն: Հում մսեղիքի վաճառք կարող է իրականացվել միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնի առկայության դեպքում:

Սոցիալական հարցումների արդյունքում պարզվել է, որ գնորդների 54%-ը մթերք է գնում փողոցային առևտրի պայմաններում: Փողոցային առևտրի վայրերից գնումներ կատարելուն ավելի քիչ են հակված Երևանում (33%), իսկ ավելի շատ` մարզերի քաղաքներում (61%) ու գյուղերում (72%):

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ կարևորում են երեք գործոններ`պիտանելիության ժամկետ (մարդկանց 68%-ը), մթերքի թարմություն (39%), որակ (36%):

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը զրույցում նշեց հաճախ հանդիպող խախտումները, որոնք վնասակար ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա և կարող են առաջացնել բազմաթիվ հիվանդություններ.

– Մարդկանցից քչերն են լվանում ձուն գնելուց հետո: Սա հիգիենայի կանոնների խախտում է, ձուն պետք է լվանալ օճառով, այնուհետև պահել սառնարանում: Հաջորդ խախտումը, որը շատ է հանդիպում առօրյայում, նույն տախտակի վրա տարբեր սննդամթերք կտրատելն է. առաջանում են մանրէներ, որոնք սննդի միջոցով անցնում են մարդու օրգանիզմ: Յուրաքանչյուր մթերք կտրատելուց հետո անհրաժեշտ է լվանալ տախտակը, այնուհետև կտրատել հաջորդ սնունդը: Կանոնները պետք է պահպանել հատկապես հում միս կտրատելուց հետո,- մեզ հետ զրույցում նշեց Լուսինե Դավթյանը:

Այս խորհուրդներին գումարվեց նաև հաց ուտելուց առաջ ձեռքերը պարտադիր օճառով լվանալը, քանի որ մանրէները տարածվում են ամենաշատը կեղտոտ ձեռքերի միջոցով:

Այժմ հանրապետության տարբեր տարածքներում կարելի է հանդիպել փողոցում առևտուր անողների: Սպառողները պետք է իմանան, որ փողոցային առևտուրը արգելված է: Այդ շղթայում շրջանառվող և իրացվող սննդամթերքի ծագման աղբյուրը հասկանալը կամ բացահայտելը գրեթե անհնար է:
 Շահանե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930