Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրտուալ կյանքը՝ հոգեբանական ու առողջական խնդիրների պատճառ

Նոյեմբեր 11,2018 12:21

Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաներն ավելի շատ մաքուր օդ շնչեն, ապա համակարգիչները տեղափոխեք բակ:

Արմենը հաճախ խաղում է շատերին հայտնի Grand Theft Auto (GTA) համակարգչային խաղը, որում նա գողություն է անում, մարդկանց է ծեծի ենթարկում կամ սպանում: Նրա ծնողները մտահոգված են երեխայի վարքով. «Նա խաղում հնչող ոչ պարկեշտ արտահայտությունները կիրառում է առօրյայում և ագրեսիվ է տրամադրված մարդկանց նկատմամբ, կրկնօրինակում է խաղի հերոսի վարքն ու անզուսպ շարժումները: Մենք արգելում են նրան խաղալ այդ խաղը, բայց նա լացում է, գոռում ու նյարդային ցնցումների գնով շարունակում է խաղալ: Այդ խաղը երեխային կախվածության մեջ է գցել: Մենք մտադիր ենք նրան հոգեբանի մոտ տանել»,- պատմեց Արմենի մայրը:

Երեխաները նախընտրում են բակո՞ւմ խաղալ, թե՞ համակարգչի առաջ անցկացնել ազատ ժամանակը: Այս հարցի պատասխանը ստանալու համար 8-10 տարեկան երեխաների շրջանում կատարված հարցման արդյունքում պարզվեց, որ երեխաների 60%-ը նախընտրում է համակարգչի առաջ անցկացնել ազատ ժամանակը: Այն հարցին, թե ի՞նչն է նրանց գրավում համացանցում, երեխաները մեծ մասամբ պատասխանեցին, որ մտնում են սոց ցանցեր և, որ ամենատխուրն է, նրանցին մի քանիսն ասացին, որ odnoklassniki.ru կայքում խաղում են «Целуй и Знакомься» խաղը: Այն հարցին, թե  ինչ ազդեցություն պետք է ունենա այս խաղը 8-10 տարեկան երեխաների հոգեբանության վրա, հոգեբան Աննա Բադալյանը պատասխանեց. «Երեխան դառնում է անուշադիր, եսակենտրոն, նրա արժեհամակարգը փոխվում է: Երբ նա տարվում է համակարգչային խաղերով, մեկուսանում է շրջապատից, կարող ես իր կողքով գնալ-գալ ու նա չնկատի քեզ: Դրանից պակասում են էմոցիաները, հույզերը: Այդ երևակայական աշխարհում նա ինքն իրեն կորցնում է: Համակարգչի բացասական ազդեցությունը միայն համակարգչային խաղերով չի սահմանափակվում։ Անձի ձևավորման համար համացանցը ոչ պակաս վտանգավոր երևույթ է։ Հատկապես սոցիալական կայքերն ունակ են կլանելու և կախման մեջ գցելու նույնիսկ ամենավառ անհատականություն ունեցող մարդկանց»:

Մենք հարցում կատարեցինք 18-20 տարեկան երիտասարդների շրջանում պարզելու համար, թե որքան հաճախ են նրանք այցելում սոց. կայքեր: Արդյունքը սպասվածից ավելին էր. շատերը խոստովանեցին, որ ողջ օրվա մեծ մասը սոցիալական կայքերում են անցկացնում, մյուսները պարզապես խուսափեցին պատասխանելուց կամ թռուցիկ ժամաքանակ նշեցին:

«Այո, ես ողջ օրը Facebook սոցիալական կայքում եմ լինում ու չեմ կարծում, որ վտանգավոր բան կա դրանում: Ես ազատորեն շփվում եմ մարդկանց հետ, նոր ծանոթություններ եմ հաստատում»,- մեզ հետ զրույցում նշեց Մանեն:

Համացանցի կախվածություն առաջացնելու վերաբերյալ կարծիքները տարբեր են, սակայն մեզ շրջապատող իրականությունը փաստում է, որ սոցիալական կայքերը ավելի մեծ տեղ են զբաղեցնում մարդկանց մեծամասնության մոտ, քան իրական կյանքը: Բացի հոգեբանական խնդիրներից, համակարգչի առաջ երկար նստելը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների: Գիտնականները պարզել են, որ նստակյաց կյանք վարելը հանգեցնում է երիկամների հիվանդության, որը բնորոշվում է դրանց գործառույթների շարունակական նվազմամբ, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդությունների զարգացման` այդ թվում շաքարախտի, սրտամկանի ինֆարկտի և քաղցկեղի:

«Համակարգչային խաղերով տարված մարդու մոտ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ և ճարպակալում: Պարբերաբար համակարգչից օգտվելը մարդու մոտ առաջացնում է կեցվածքի փոփոխություն` ողնաշարի ծռումներ, կուզ և, իհարկե, տեսողության վատացում»,- պատմեց բժիշկ Հ. Շմավոնյանը:

Ի վերջո՝ ինչպե՞ս օգնել մարդկանց, հատկապես երեխաներին, ազատվել կախվածությունից այնպես, որ վերջիններս չդառնան ագրեսիվ ու դիմադրողական ռեակցիա ցույց չտան:

«Իհարկե ավելի հեշտ է կանխարգելել, քան հետո ազատվել կախվածությունից: Բայց եթե առկա են կախվածության նշաններ, պետք է մեծացնել երեխաների հետաքրքրության շրջանակները, ուղղորդել նրան կենդանի շփման, բակում ընկերների հետ խաղեր խաղալու, նկարելու, ինչ-որ նոր բաներ բացահայտելու: Ե’վ երեխաների, և’ հասուն մարդկանց ներաշխարհը պետք է լցնել դրական հույզերով ու զգացմունքներով, որպեսզի նրանք տեղ չտան վնասակարին: Սերը, ջերմությունը ընտանիքում եթե ստանան, ծնողներն ու ընկերները եթե լինեն հոգատար ու ուշադիր, նրանք գիտակցաբար չեն ձգտի կախվել համակարգչից»,- նշեց հոգեբան Աննա Բադալյանը:

Շահանե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ           

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930