Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովն առանց ընդդիմությա՞ն

Նոյեմբեր 11,2018 12:00

Հայաստանում բոլորն անհամբեր սպասում են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Եթե այդ ընտրություններն իսկապես անցնեն ազատ ու արդար, առանց կեղծիքների, չափազանց հետաքրքիր արդյունքներ կլինեն: Եթե ընտրություններն անցկացվեն հենց այսօր, ընտրակեղծիքների անհրաժեշտություն կլինի, որովհետև եթե ընտրակեղծիքներ չլինեն, հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը տիրանա Ազգային ժողովի բոլոր մանդատներին:

Կարճ ասած՝ եթե ընտրակեղծիքներ չլինեն, և ազատ ու արդար ընտրություններ լինեն, շատ հնարավոր է, որ ունենանք բացարձակապես միադեմ և միակուսակցական Ազգային ժողով, որտեղ ընդհանրապես ընդդիմություն չլինի, և որպեսզի մեր Ազգային ժողովում ընդդիմություն լինի, ու մեր նոր Հայաստանն էլ իսկական ժողովրդավարական երկրի տպավորություն թողնի, Նիկոլն ու Նիկոլականներն իրենցից կախված ամեն ինչ պիտի անեն, որպեսզի գալիք Ազգային ժողովում իրենցից բացի՝ քաղաքական այլ ուժեր էլ լինեն, և որպեսզի այդպես լինի, հեղափոխականները պիտի շատ չարչարվեն և իրենց կաշվից դուրս գան, որպեսզի իրենցից բացի՝ այլ քաղաքական ուժեր էլ ձայներ հավաքեն ու գալիք Ազգային ժողովում հայտնվեն, և որպեսզի այդպես լինի, նրանք կամ պիտի իրենց հակառակորդների հետ դաշինքով հանդես գան, կամ էլ, որ ավելի զավեշտալի է, պիտի իրենց հակառակորդների օգտին ընտրակեղծիքներ թույլ տան, այլապես Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները կլինեն այնպիսին, ինչպիսին էին Երևանի քաղաքապետի ընտրության արդյունքները, և չնայած այսօրվա դրությամբ ընտրողների մեծ մասը կողմ է, որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները լինեն Նիկոլի կուսակցության անդամ, ընտրություններից հետո առաջինը հենց իրենք՝ ընտրողները, կդժգոհեն միաձայն ու միակարծիք Ազգային ժողովից, որովհետև այնտեղ, որտեղ չկա բազմակարծություն, ճշմարտություն ու արդարություն չի կարող լինել՝ անկախ նրանից, թե ովքեր են իրադրության ու իրավիճակի տերերը, բայց, մյուս կողմից էլ, ծիծաղելի կլինի, եթե մենք՝ ընտրողներս, Նիկոլ Փաշինյանից պահանջենք, որ ինքն ու իր թիմն իրենց հակառակորդների օգտին ընտրակեղծիքներ հանդուրժեն կամ իրենք կազմակերպեն, ինչ է թե՝ ապագա Ազգային ժողովում ընդդիմություն ու բազմակարծություն լինի, և չնայած Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունից

հետո արդեն սովոր ենք, որ Հայաստանում տեղի ունենան աշխարհում երբևէ չեղած ու չտեսնված բաներ, բայց որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական որևէ ուժ իր քաղաքական հակառակորդների օգտին ընտրակեղծիքներ կազմակերպի, դեռևս երևակայությամբ էդքան չենք առաջացել ու հասունացել, և երևակայական էդպիսի հասունացում հարկավոր էլ չէ, և պարտադիր չէ, որ քաղաքական ամեն մի նորություն կամ նորարարություն սկսվի ու սկիզբ առնի Հայաստանից, մանավանդ՝ այդպիսի տարօրինակ ու արտասովոր նորություն ու նորարարություն, բայց, մյուս կողմից էլ, պակաս տարօրինակ ու արտասովոր չէ ունենալ հարյուր տոկոսանոց իշխանամետ խորհրդարան, և չնայած մենք սովոր ենք, որ խորհրդարանի ճնշող ու իշխող մեծամասնությունն իշխանական ու իշխանամետ լինի, այդուհանդերձ, մենք սովոր ենք նաև, որ նույնիսկ մեր ամենաիշխանամետ խորհրդարանում ընդդիմություն լինի, և մեր երեք նախագահների օրոք էլ, չնայած մեր Ազգային ժողովի ճնշող մեծամասնությունն իշխանամետներ են եղել, այդուհանդերձ, երեքի օրոք էլ ընդդիմադիրներ եղել են՝ Արշակ Սադոյանից սկսած և Նիկոլ Փաշինյանով վերջացրած:

Եթե Ազգային ժողովի արտահերթ ընտրության արդյունքները նմանվեն Երևանի քաղաքապետի ընտրության արդյունքներին, ամենայն հավանականությամբ մենք կունենանք Ազգային ժողով՝ առանց ընդդիմության:

Սա իրոք մտածելու բան է: Մտածելու ու անհանգստանալու բան:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930