Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ՀՀ-ում նվազեցնել գործազրկությունը՝ լրացուցիչ փող տպելով ու առանց գնաճի

Նոյեմբեր 10,2018 22:41

Տնտեսագիտության՝ քեյնսյան տեսության մեջ (և նույնիսկ նորդասական տնտեսագիտությունում) հայտնի բան է՝ երբ գործազրկության մակարդակը շատ բարձր է (ինչպես Հայաստանի դեպքում է), պետությու՛նը պետք է զբաղվի գործազրկության կրճատմամբ։ Շուկան չի՛ կարող լուծել բարձր գործազրկության հարցը։

Տարբերակներից մեկը հետևյալն է։ Պետությունը ստեղծում է պետական ընկերություններ ու աշխատանքի վերցնում գործազուրկներին՝ կառուցելու համար բնակարաններ, ենթակառուցվածքներ կամ որևէ այլ բան։ Նրանց, ում պետությունը աշխատանքի է վերցնում, աշխատավարձ է տալիս՝ նոր տպված փողով (դրամով)։ Սովորաբար, երբ պետությունը մեծ ծավալով լրացուցիչ փող է տպում ու մտցնում տնտեսություն, դա առաջացնում է մեծ գնաճ։ Բայց երբ որ գործազրկության մակարդակը շատ մեծ է (ինչպես Հայաստանի դեպքում է), փող տպելով գնաճից կարելի է խուսափել, հատկապես՝ երկարաժամկետում։ Գնաճից խուսափելու տրամաբանությունը այն է, որ այդ նոր տպված փողով աշխատավարձ ստացողները ապրանք են արտադրում ու բաց թողնում շուկա։ Եվ երբ և՛ փողի քանակն է տնտեսությունում շատանում, և՛ ապրանքների ծավալը՝ գնաճ չի լինում։ Այդ մեխանիզմը ավելի պարզ ու մոտավոր գծերով կարելի է տեսնել  բնակարանաշինության օրինակով։

Բնակարանաշինության օրինակը

Ենթադրենք՝ պետությունը սկսում է մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ, ներգրավում է դրանում գործազուրկ քաղաքացիներին և նրանց աշխատավարձ է տալիս՝ նոր տպված փողով՝ դրամով։ Երբ որ այդ աշխատավարձը ստանալուց հետո բանվորները սկսեն ապրանքներ գնել (ավելի շատ կամ որակյալ սնունդ, հեռուստացույց, սառնարան և այլն), այդ ապրանքների գինը երկրում մի պահ կաճի։ Դրանից հետո, գնաճ արձանագրած ապրանքների վաճառողները (լինեն դրանք ներմուծողներ թե արտահանողներ) ավելի շատ շահույթ ստանալու համար կսկսեն ավելի շատ արտադրել (եթե ապրանքը տեղում է արտադրվում) կամ ներմուծել: Բայց տեղում արտադրվող ապրանքների դեպքում մի քիչ այլ մեխանիզմ է գործում, ներմուծման դեպքում՝ այլ։

1Տեղում արտադրվող ապրանքների դեպքում  (ասենք՝ սննդամթերք, տեքստիլ․․․) արտադրողը կսկսի ավելի շատ մարդ վարձել (իր հերթին կրճատելով գործազրկությունը), ավելի շատ ապրանք արտադրել, որից հետո (մի որոշ ժամանակ անց) այդ ապրանքի գինը կնվազի։ Այսինքն՝ երկարաժամկետում մենք կունենանք Հայաստանում ավելի շատ բնակարաններ, ավելի շատ փող (դրամ), ավելի շատ աշխատողներ (քիչ գործազուրկներ) և ավելի շատ ապրանքներ (բնակարանները չհաշված)։ Սա էլ հենց կոչվում է տնտեսական աճ կամ զարգացում։ Ինչքան շատ լինի լրացուցիչ տպված փողով տեղական արտադրության (ոչ թե ներմուծվող) ապրանքների գնումը, այդքան շատ կնվազի գործազրկությունը և այդքան շատ կաճի տնտեսությունը։ Ընդ որում՝ այդ նոր տպված փողը, որ սկզբում որպես աշխատավարձ էր գնացել բանվորին ու հետո՝ ներսի մի արտադրողի աշխատողներին, կշարունակի տնտեսությունում իր շրջանառությունը՝ հանգեցնելով իր նախնական ծավալից մի քանի անգամ շատ ապրանքների արտադրության (տնտեսագիտությունում սա կոչվում է բազմապատկիչի էֆեկտ)։

Հայաստանի դեպքում, սակայն, լրացուցիչ տպված փողը հիմնականում կծախսվի ներմուծվող ապրանքների գնման վրա՝ հեռուստացույց, սառնարան և այլն։ Այդ դեպքում կգործի մի քիչ այլ մեխանիզմ, թեև միևնույնն է, երկարաժամկետում գնաճից կարելի է խուսափել։

2Ներմուծման դեպքում (այսինքն՝ երբ որ լրացուցիչ տպված ու որպես աշխատավարձ բաժանված փողով բանվորները ներմուծվող ապրանքներ են առնում), սկզբում, ինչպես նշվեց, ներմուծվող ապրանքների գինը կաճի։ Հետո ներմուծողները կորոշեն ավելի շատ ապրանք ներմուծել, որ ավելի շատ շահույթ ստանան։ Ավելի շատ ապրանք ներմուծելը նշանակում է ավելի շատ ապրանք գնել արտասահմանում։ Իսկ որպեսզի ներմուծողները կարողանան ավելի շատ ապրանք գնել արտասահմանում, նրանց հարկավոր կլինի ավելի շատ դոլար։ Արդյունքում արտարժույթի շուկայից նրանք կգնեն ավելի շատ դոլար, հետո այդ լրացուցիչ դոլարով լրացուցիչ քանակի ապրանքներ կգնեն դրսում ու կբերեն Հայաստան։ Այստեղ իրադարձությունների մի քանի սցենար է հնարավոր՝ երկարաժամկետ կտրվածքով՝ կախված նրանից, թե նոր կառուցված բնակարանները ովքեր են գնում։

Սցենար առաջին՝ գործազուրկներին ներառող այս պետական բնակարանաշինության ծրագրով կառուցված բնակարանները կգնվեն հիմնականում արտասահմանցի հայերի կողմից։ Այս տարբերակը շատ հնարավոր է, որովհետև սփյուռքահայերի մոտ մեծ աշխուժություն ու հետաքրքրություն է նկատվում հեղափոխությունից հետո և շատերը ցանկանում են Հայաստանում բնակարան գնել։ Այս սցենարի դեպքում երկարաժամկետում դրամի փոխարժեքը նույնը կմնա։ Որովհետև՝ մի կողմից կա դրամի արժեզրկման ուղղությամբ ազդող գործոն, երբ որ ներմուծողները սկսում են ավելի շատ արտարժույթ գնել՝ ավելի շատ ներմուծելու համար։ Բայց մյուս կողմից էլ կա դրամի արժևորման ուղղությամբ ազդող գործոն, երբ արտասահմանցիները Հայաստանում սկսում են նոր բնակարաններ գնել՝ իրենց արտարժույթը դրամ դարձնելով։ Այդ երկու գործոնը միմյանց հիմնականում կչեզոքացնեն՝ անփոփոխ թողնելով դրամի փոխարժեքը։ Արդյունքում կստացվի, որ երկարաժամկետում Հայաստանի տնտեսություն «կմտնի» ավելի շատ բնակարան, ավելի շատ ներմուծվող ապրանք, ավելի շատ դրամ և ավելի շատ դոլար (կամ արտարժույթ)։ Սա ևս տնտեսական աճ է ապահովում։

Սցենար երկրորդ՝ նոր կառուցված բնակարանները կգնվեն հիմնականում կամ գերազանցապես հայաստանցիների կողմից։ Թվում է, թե այս դեպքում դրամը երկարաժամկետում արժեզրկված կմնա, քանի որ նոր կառուցված բնակարանները լրացուցիչ դոլար չեն բերի Հայաստան։ Եվ թվում է, թե ներմուծվող ապրանքների բարձր գներն էլ կպահպանվեն, որովհետև թանկացած դոլար ձեռք բերելու համար ներմուծողներին ավելի շատ դրամ պետք կլինի, ուստի նրանք չեն էժանացնի ներմուծված ապրանքը։ Այնուամենայնիվ՝ այս դեպքում ևս ներմուծված ապրանքների էական երկարաժամկետ գնաճ չի լինի։ Պատճառն այն է, որ երբ որ նոր կառուցված բնակարանները գնվում են տեղացիների կողմից, այդ դրամը (որով գնվում են բնակարանները) գալիս է պետությանը՝ կառուցված բնակարանների սեփականատիրոջը։ Եվ եթե բնակարանների վաճառքից պետությունը իր ստացած դրամը այլ ձևերով չմտցնի տնտեսություն, ապա դրամի քանակը ինչպես որ շատացել էր (երբ պետությունը տպված փողով աշխատավարձ էր բաժանել) այդպես էլ կնվազի (երբ վաճառված բնակարանների դրամը հետ գա պետությանը)։ Եվ երբ դրամը քչանում է տնտեսությունում, դա դրամի արժևորման ուղղությամբ աշխատող գործոն է։ Արդյունքում՝ կստացվի, որ այս ծրագրի իրագործմամբ՝ Հայաստանում կշատանա բնակարանների քանակը, գործազուրկների մի մասը բանվորական աշխատանք կկատարի (թեկուզ՝ ժամանակավոր), իսկ դրամի փոխարժեքը չի փոխվի երկարաժամկետում։ Այլ կերպ ասած՝ պետությունը մի ձեռքով փող-դրամ է ներարկում տնտեսություն՝ բանվորներին աշխատավարձ տալու ու բնակարաններ կառուցելու միջոցով, մյուս ձեռքով էլ այդ նույն փող-դրամը (ավելի ճիշտ՝ դրա մեծ մասը) քաշում է տնտեսությունից՝ վաճառված բնակարաններից ստացված եկամտի տեսքով։ Արդյունքում, երկարաժամկետում, փոխարժեքի փոփոխություն չի լինում, բայց տնտեսությունում լինում են ավելի շատ բանվորներ և ավելի շատ բնակարաններ։

Որոշ պարզաբանումներ և դժվարություններ

Նկարագրված օրինակը և սցենարները միակը չեն և ամեն ինչ չէ, որ մնան հարթ ձևով կընթանա։ Օրինակ՝ բացի բնակարանաշինությունից պետությունը կարող է և պետք է ներգրավվի նաև այլ ոլորտներում, որտեղ փոքր-ինչ այլ մեխանիզմներ կգործեն։  Գլխավոր դժվարությունը այն է, որ պետությունը ճիշտ գնահատի, թե հատկապես ինչ ապրանքի կարիք կա տնտեսությունում և քիչ-թե շատ որակով կարողանա կազմակերպել այդ արտադրանքի արտադրությունը։ Հայաստանի նախորդ իշխանությունների ժամանակ նման ծրագիր հաջողությամբ իրականացնելն անհնար էր, քանի որ նախորդ կառավարությունում չկային համապատասխան մասնագիտական ունակությունները, պետական համակարգը ամբողջությամբ կոռումպացված էր և անհնար էր նորմալ կազմակերպել որևէ պետական ընկերության որևէ գործունեություն։ Լրացուցիչ տպված փողը ընդամենը այս կամ այն ձևով կմտներ այս կամ այն բարձրաստիճանի գրպանը, կհանգեցներ գնաճի, կարտահանվեր երկրից և ոչ մի բնակարան էլ չէր կառուցվի։ Այս կառավարությունը ունի և՛ համապատասխան պրոֆեսիոնալներ (կամ առնվազն՝ նրանց ներգրավելու հնարավորություն), և՛ քաղաքական կամք ու ազնվություն՝ կոռուպցիոն սխեմաների մեջ չներգրավվելու ու պետական ծրագրերը որակյալ իրականացնելու համար։ Հիմնական դժվարությունը այն է, որ, եթե խոսում ենք բնակարանաշինության ծրագրի օրինակով, այդ բնակարանները կառուցվեն որակյալ, որ հնարավոր լինի դրանք վաճառել ինքնարժեքին համապատասխան կամ գերազանցող գներով։ Շատ կարևոր է նաև ճիշտ գնահատելը, թե կոնկրետ որ ժամկետում ինչ քանակի շինարարություն պետք է իրականացվի։ Մեկ այլ դժվարություն է, օրինակ, գնահատելը, թե բանվոր դարձած գործազուրկներին տրված աշխատավարձը ինչքանո՞վ կգնա սպառման վրա և ինչքանով կպահվի որպես խնայողություն։ Կամ՝ արժե՞ արդյոք դոլար ներարկել տնտեսություն (եթե այո՝ ապա ե՞րբ ու ինչքա՞ն)՝ կտրուկ տատանումներից խուսափելու համար և այլն։

Գլխավոր սկզբունքը, սակայն, բոլոր դեպքերում մեկն է՝ երբ հասարակությունում մարդկանց մի մեծ խումբ գործազուրկ է, նրանց պետք է «զբաղեցնել»՝ պետության միջոցով ճիշտ կոորդինացնելով։ Ազատ շուկան միայնակ չի կարող նման կոորդինացնող աշխատանքով լուծել գործազրկության հարցը և հետևաբար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը ուղղված գործազուրկներին տեղին չէ։ Իր քաղաքացիներին ծառայող դեմոկրատական պետության համար (հատկապես այնպիսի ոգևորության մթնոլորտում, ինչն այսօր տիրում է Հայաստանում) գործազրկությունը նվազեցնելն ու բարձր տնտեսական աճ ապահովելը ընդամենը մասնագիտական որոշ հաշվարկների ու համակարգված աշխատանքի հարց է։

Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հեղինակը տնտեսագիտություն է սովորել ՀՊՏՀ-ում, աշխատել տնտեսական մեկնաբան հայկական մեդիայում և այժմ քաղաքական փիլիսոփայություն է ուսումնասիրում Ամստերդամի Համալսարանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930