Շրջանավարտներ, որոնք եկել են մարզերից և ունեն տարբեր նպատակներ,երազանքներ և պատկերացումներ Երևանի մասին:
Մայրաքաղաք, որը ունի որոշակի թերություններ, բայց որը ստեղծում է այնպիսի հնարավորություններ, որտեղ ուսանողները սովորում են, ապրում և արարում:
Աննան, որը սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում,Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: Աննան միշտ երազել է գալ և սովորել այն Երևանում, որի մասին երազել է, բայց գալով մայրաքաղաք բախվել է իրականությանը:
«Գիտակցական տարիքից սկսած միշտ երազել եմ գալ և ապրել Երևանում, այստեղ սովորել և ժամանակ անցկացնել: Իհարկե, երբ չգիտես, թե որտեղ ես սովորելու և ապրելու պատկերացումներդ միշտ վառ են, բայց երբ դու գալիս ես այստեղ 1-ին շրջանը հիասթափություն է, քանի որ դու պատկերացնում ես մի քաղաք և մի համալսարան, որը պատկերված է լինում ֆիլմերում: Երևանը ինձ բացասական էմոցիաներ է պարգևում այն ժամանակ, երբ տեսնում եմ նրա աղտոտված փողոցները, մայրաքաղաքը մաքուր չի, մարդիկ հենց իրենց ձեռքով աղտոտում են քաղաքը, բայց այն ունի մի կարևոր հատկություն, դա լայն հնարավորություններն են, որոնք տալիս է քեզ իմ Երևանը, այն մայրաքաղաքը և իրավիճակը,որտեղ ես ապրում եմ»,-ասում է Աննան:
Դավիթը սովորում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի 1-ին կուրսում: Ծնվել և մեծացել է Արթիկում, բայց իր նպատակները իրականացնելու համար եկել է Երևան.
«Սկզբում կար վախ, որովհետև մինչև հիմնական Երևան տեղափոխվելը մի քանի անգամ եկել էի այստեղ և միանգամից զգում էի ակնհայտ տարբերությունը մարզի և մայրաքաղաքի միջև: Ես շատ քիչ բան էի տեսել իմ տարեկիցների համեմատությամբ, որոնք ծվել և մեծացել էին Երևանում, որոնք ժամանակ էին անցկացնում սրճարաններում, որոնք Արթիկում չկան: Սկզբնական շրջանում ես ինձ խաբված էի զգում, երբ շփվում էի երևանցիների հետ, ինձ թվում էր, որ նրանք իրենց ակտիվությամբ ինձանից մի քանի քայլ առաջ են, ու ցանկացած իրավիճակում, ինձ թվում էր, որ ինձ մոտ կա գավառական մտածելակերպ, բայց դա իրականում սխալ էր ու ձևավորվել էր թյուր կարծիք, որովհետև ամեն բան պարզ ու հասարակ էր, չկար որևէ ենթատեքստ: Բնականաբար կարճ ժամանակահատվածում ինտեգրվեցի Երևանին ու երևանցիներին: Երևանը մեծամասամբ ինձ տվել է դրական տպավորություններ, որովհետև Երևանը գերդրական մայրաքաղաք է. ես եղել եմ տարբեր քաղաքներում և Երևանի նման դրական մթնոլորտի դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել: Երևանը ունի դրական անդրադարձ մարդկանց վրա,որովհետև անսահման ջերմ է, այստեղ կա սեր ու դրական տրամադրություն, որը ծածկում է ամեն բացասական երևույթ, որը իհարկե կա»,-նշեց Դավիթը:
2800-ամյա Երևան, որը շատերի համար կյանքով լի է ու հավերժ կլինի երիտասարդ:
Անահիտ Բրուտյանը,որը սովորում է Քիմիայի ֆակուլտետում, երբեք ցանկություն չի ունեցել գալ և սովորել Երևանում, քանի որ անսահման սիրել է և կապված է եղել Վանաձորի հետ, բայց գալով այստեղ՝ նա անսահման է սիրել է Երևանը, որը ըստ Անահիտի՝ ամենաերիտասարդ և կյանքով լի մայրաքաղաքներից մեկն է.
«Երբեք ցանկություն չեմ ունեցել գալ և սովորել Երևանում, երբեք չէի պատկարցնում, որ պետք է թողնեմ իմ ընկերներին, շրջապատը և մթնոլորտը, և գամ մի օտար քաղաք այստեղ սովորեմ և ապրեմ, բայց հանգամանքները դասավորվեցին այնպես, որ պետք է Վանաձորից տեղափոխվեի Երևան: Սկզբում պատկերացումները բացասական էի, վստահ էի, որ ամեն բան վատ է լինելու, նոր շրջապատ, նոր քաղաք:
Կարծում էի, որ Երևանը դա Նյու Յորքն է, շատ շուտ կկորեմ, փողոցները երբեք չեմ հիշի, բայց ընդամենը մի քանի ամիսների ընթացքում: Բացասականը դա օտար մթնոլորտն է, և կարոտը, բայց համալսարանի շրջանակներում այնքան դրական տպավորություններ եմ ստացել, որ չեղարկել են բացասականը: Բայց հիմա ես ունեմ իմ Երևանը, անսահման երիտասարդ և կյանքով լի»,-ասաց Անահիտը:
Երևանը, իսկապես, տուն ու շենք չէ: Երևանը տաքուկ մթնոլորտն է, գունավոր փողոցները, և այն ուսանողները, ովքեր եկել են մարզերից, որպեսզի էլ ավելի երիտասարդ դարձնեն մայրաքաղաքը:
Թերեզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ