Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի հետ համատեղ «ՀՀ առողջապահության համակարգի մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ, ինչպես ներկայացվեց՝ ժողովրդագրության եւ առողջապահության քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունները Գարդասիլ պատվաստուկի մասին: Նա ասաց, որ գտել է «Մերկ» ընկերության ներդիր թերթիկները, դրանք 2-ն են, մեկը՝ հիվանդների, մյուսը՝ բուժաշխատողների. «Ես դեմ չեմ պատվաստումներին, բայց խոհանոցին այս ծանոթությունը, շատ մտահոգություններ է առաջացնում: Ներդիրում հստակ գրված է՝ իմունային պատասխանի մեխանիզմը հայտնի չէ: Պատվաստուկը կա, թե ինչպես է այն աշխատում, հայտնի չէ: Քաղցկեղածնության եւ մուտագենության հետազոտություններ ընդհանրապես չեն արվել: Վերարտադրողական առողջության վրա ազդեցությունը ստուգված չէ: Ավելին՝ երկարաժամկետ ազդեցություն ընդհանարապես ստուգված չէ»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=zZuyuJpGdhU&feature=youtu.be
Ջրբաշյանի ներկայացմամբ՝ գրականության մեջ նշվում է, որ Գարդասիլով պատվաստումից հետո ձվարանի ֆունկցիայի խնդիրներ կարող են առաջանալ:
Մանրամասն՝ տեսանյութում
Տիկին Ջրբաշյանն ինչ-որ թուղթ ցուցադրեց, որտեղ, ըստ իրեն, այն ցանկն է, որը պատվաստուկի՝ բուժաշխատողների համար նախատեսված ներդիրն է. «Սրանք հետպատվաստումային անբարեհաջող դեպքերն են: «Մերկ» ընկերությունն այդպես էլ ընդունում է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ապա Ջրբաշյանը կրկին ինչ-որ թղթեր ցուցադրեց, նշելով, որ Անգլիայի, Ավստրալիայի, Ֆինլանդիայի պաշտոնական կայքերից վերցրած ցուցանիշներ են, ըստ որոնց, մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներից հետո այս երկրներում քաղցկեղով հիվանդացության մակարդակը չի նվազել:
Մանրամասն՝ տեսանյութում
Aravot.am-ն այս պնդումների առնչությամբ պարզաբանում խնդրեց առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից:
Տիկին Ջրբաշյանի հայտարարությունների վերաբերյալ Գայանե Սահակյանի առաջին արձագանքն է՝ «Նմանաբովանդակ մեկնաբանություններից հետո տեղին է հիշել Գերմանիայի մի շարք բուժհաստատություններում փակցված վահանակի բովանդակությունը. «Եթե Դուք արդեն google-ի միջոցով դրել եք Ձեր դիագնոզը, ապա երկրորդ կարծիքի համար դիմեք yahoo-ին, մեզ դիմեք ոչ թե երկրորդ կարծիքի, այլ դիագնոզի համար»:
Սահակյանի խոսքերով՝ «Խոսվում է միջազգային փորձի եւ գիտական հետազոտությունների մասին, հարց՝ այդ ո՞ր պետությունն է այդ նույն գիտնականների կարծիքից ելնելով արգելել պատվաստումը, միանգամից պատասխանեմ՝ ոչ մի: Հայաստանը կիրառում է առաջադեմ երկրների փորձը: Ինչ վերաբերում է նշվող աղբյուրներին, ապա չնայած՝ այդպես էլ չի նշվում կոնկրետ որեւէ աղբյուր, բայց բազմիցս առիթ ենք ունեցել ծանոթանալու տարբեր հղումների եւ առանձին-առանձին ցույց է տրվել, որ դրանք կամ վաղուց արդեն գիտականորեն մերժված են, կամ կատարվել է 2 իրար հետ կապ չունեցող ուսումնասիրությունների սինթեզ, ինչն անթույլատրելի է, բայց կիրառված միտումնավոր՝ փաստերը խեղաթյուրելու նպատակով: Բազմիցս ենք նշել, որ պատրաստ ենք հարցը քննարկել բոլորի հետ՝ այդ թվում մասնագիտական առումով առողջապահության հետ կապ չունեցող հարգարժան տիկին Գոհար Ջրբաշյանի հետ, որն ի դեպ առ այսօր չի արձագանքել, նույնիսկ 2017 թվականի նոյեմբերին Ազգային ժողովում կազմակերպված քննարկմանը չի մասնակցել: Առողջապահության նախարարությունը չի կարող եւ չունի ցանկություն առաջնորդվել սիրողական վերլուծություններով: Առաջնորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմամբ, որն արդյունք է պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովի բազմաթիվ հետազոտությունների, ինչպես նաեւ առաջատար երկրների փորձով՝ հիմնված ապացուցողական բժշկության թեզերի վրա»:
Սահակյանը վստահեցրեց՝ «Մեջբերված գիտնականներից որեւէ մեկի հայրենիքում եւ փաստացի բնակության վայրերում պատվաստանյութի կիրառումն արգելված չէ: Ներկայումս մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրառվում են ավելի քան 90 երկրում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Յատկապէս այս պատուաստի մասին ձեր այդտեղի այդ վիճաբանութիւնները շփոթալի են…
Պատուաստը, ինքնին, վնասակար չէ: Այդ ուղղութեամ առարկութիւնները ափսոսալի են, տգիտութեան արդիւնք:
Սակայն ամէն անձ լաւապէս հասկցա՞ծ է թէ այս պատուաստը ճիշդ ինչի՞ դէմ է…
Այս պատուաստին թիրախը առողջական խնդիր մըն է որ կը գոյանայ օրիորդներու եւ տիկիններու մօտ, ուղղակի ու միայն սեռային յարաբերութիւններու պատճառով: Human papillomavirus-ը STD է, sexually transmitted disease. Ինչպէս որ սիֆիլիսը, կոնորիյան, հըրփիսը, եւայլն.
Ուրեմն, երեխաներու կամ պատանիներու պարագային, այս պատուաստով կանխուելիք առողջական խախտումի հաւանականութիւնը կախեալ է այն թուաբանական տուեալէն թէ՝ քանի՞ տարբեր անձերու հետ սեռային յարաբերութիւններու պիտի ունենայ աղջնակը:
Անցած են այն ժամանակները երբ պատրանքներ ունէի Հայաստանում աւանդական բարոյական արժէքներու պահպանման մասին, եւ պարզ է թէ այդտեղ շատ աւելի կեղծիք եւ կեղծաւորութիւն կայ, դատարկ ձեւակերպութիւններ կան, քան թէ իսկական պահպանողականութիւն:
Այնուհանդերձ, նաեւ վերեւ պարզուած բացատրութեան հիման վրայ է որ ամէն ծնողք պէտք է չափէ թէ իր դուստրը որքա՞ն կարիքը ունի այդպիսի պատուաստի մը, եւ ըստ այնմ որոշում առնէ:
Աւելի յստակ՝ եթէ հաւանական է որ անդադար ու աջ-ձախ… բաներ պիտի ընէ աղջնակը, անհրաժեշտ է որ ստանայ այս պատուաստը: Սակայն եթէ կեանքում միայն իր ամուսնոյն հետ պիտի ունենայ մարմնային մտերիմ յարաբերութիւնները, աւելորդ է պատուաստը: Իսկ եթէ մտահոգութիւն կայ թէ այդ ամուսինը ինչ տեսակ կենցաղ ունեցած է ամուսնութենէն առաջ, ըստ պարագայի, օրիորդը կարող է պատուաստը ստանայ ամուսնութեան շեմին:
Այլապէս, երբ որ ծնողք մը պատանի երեխային այդ պատուաստը կու տայ, վերջինս կարող է այս քայլը մեկնաբանել որպէս «կանաչ լոյս», կանուխ տարիքէն սեռային յարաբերութիւններ ունենալու, եւ այդ ուղղութեամբ բազմաթիւ անձերու հետ փորձառութիւններ ձեռք բերելու…
Մի խօսքով, այդ նիւթի միայն առողջական չէ, այլ ընկերային/բարոյական երանգներ ունի, եւ կը վերաբերի նաեւ ծնողական դաստիարակութեան: