Նոյեմբերի 10-ին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում նշվել է Հետախույզի օրը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան սպաներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ:
Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմական հետախուզության դերն ու նշանակությունը թե Արցախյան հերոսամարտի օրերին, թե ժամանակակից մարտի վարման պայմաններում: «Վաղ ազդարարման համակարգի եզակի առաքելություն, հրամանատարությանը և մյուս զորատեսակներին ճշգրիտ տեղեկություններ ոչ միայն հակառակորդի ուժերի, միջոցների ու դրանց տեղաբաշխման, այլև մտադրությունների ու պլանների մասին, պատժիչ կամ կանխարգելիչ գործողություններ հակառակորդի թիկունքում՝ այսպիսի անելիքներ ունի հետախույզը: Վերջին տարիները հայկական բանակի համար առանձնանում են մեծ ծավալներով ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձր տեխնոլոգիական սպառազինության համալրմամբ: Բնական է, որ նման միջոցները առաջին հերթին հատկացվում են հետախուզական ստորաբաժանումներին: Եվ հպարտության մեծ առիթ է, որ այդ միջոցներից շատերը մշակվել կամ արտադրվել են Հայաստանում»,-ընդգծել է Դավիթ Տոնոյանը:
Միջոցառման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին է հանձնել հետախուզության վարչության ռազմադրոշը: Տարբեր զորամասերի մի խումբ հետախույզներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, խրախուսվել շնորհակալագրերով, պատվոգրերով և նվերներով։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն