«Ես ավելի շատ իմ քաղաքի հոգսերով եմ ծանրաբեռնված: Իհարկե, չեմ առաջադրվելու, բայց ամեն ինչ անելու եմ, որ մեր համայնքում տեղի ունենան ազատ ընտրություններ»,- Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համատեղ կազմակերպված «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:
Նա հավաստիացրեց՝ Սևանի ժողովուրդն իրեն վստահել է, ուստի անելու է ամեն ինչ, որպեսզի Սևանում առաջընթացը մոտակա տարիների ընթացքում ավելի տեսանելի դառնա:
Դիտարկմանը՝ Դուք ՀՀԿ-ի հովանավորյալն էինք համարվում, Սևանի քաղաքապետն արձագանքեց. «Ես որևէ մեկի հովանավորյալը չեմ, ես ժողովրդի հովանավորյալն եմ: Ժողովուրդն ինձ ձայն է տվել և նա իր գնահատականը տվել է արդեն իմ աշխատանքի վերաբերյալ: Ավելի լավ է ինձ շնորհավորեք, Սևանը լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ