Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Չախալյան. «Հորդորում ենք չտրվել ցանկացած լոբբիսական խմբի ֆինանսական գայթակղություններին»

Նոյեմբեր 10,2018 17:31

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հանրային հավաք, ինչպես կազմակերպիչներն են վստահեցնում՝ հանուն Հայ ավանդական ընտանիքի եւ ազգային-հոգեւոր արժեքների։ Միջոցառման կազմակերպիչն է Հայկական արժեքների պահպանության «Կամք» կամ «Մեր կամքի ուխտը» նախաձեռնությունը:

Մինչ ելույթներին անցնելը, միջոցառման մասնակիցները «Հայր մեր» աղոթքն ասացին, հիշեցին համաշխարհային ջրհեղեղը, Վարդան Մամիկոնյանին եւ այլն:

Ակցիայի խորագիրն էր՝ «Թույլ չենք տալու»: «Կամք»-ի հիմնադիր Վահագն Չախալյանը ելույթ ունեցավ. «Սիրելի հայրենակիցներ, այսօր այստեղ հավաքվել ենք հանուն մեր հայկական արժեքների, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի մեր հայկական, ավանդական ընտանիքը, որի միջոցով է հայ ազգը, հայի տեսակը կա, գոյություն ունի: Այսօր այստեղ հավաքվել ենք հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին եւ խոստանանք, որ թույլ չենք տալու որեւիցե մեկին խռովելու ձեր հանգիստը: Զերծ լինելով որեւէ քաղաքական ուղղվածությունից, հայտարարում ենք՝ բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք հայկական ավանդական արժեքների նկատմամբ ոտնձգությունների դեմ: Խոստանում ենք պայքարել հետեւյալ երեւույթների դեմ՝ քրիստոնեական արժեքների ոտնահարում, աղանդների քարոզչություն, օտարազգի սովորույթների քարոզչություն, հայոց լեզվի աղավաղում, պատմամշակութային գանձերի եւ ռեսուրսների ոչնչացում, հայկական բնաշխարհի ոչնչացում, արտագաղթի դրդապատճառներ, թմրանյութերի օրինականացում, հայկական հակապետական արժեքների քարոզչություն, կոռուպցիայի եւ պաշտոնական դիրքի չարաշահում»:

Չախալյանը նախաձեռնության անունից դիմեց իշխանություններին՝ պետական հիմքերին սպառնացող այս բացասական երեւույթներին չօժանդակելու եւ մեզ սատարելու կոչով:

«Կոչ ենք անում հատկապես հայ երիտասարդներին՝ չընկնել հայ տեսակին ոչ հարիր երեւույթների ազդեցության տակ, քանի որ հենց երիտասարդներն են թիրախավորվում ապազգային ուժերի կողմից»,-իր ելույթում ասաց Չախալյանը: Նա իշխանություններին հորդորեց անսալ իրենց կոչերին. «Եվ տուրք չտալ օտար երկրների կողմից մեզ պարտադրվող կեղծ արժեքներին…առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, որը հզոր երաշխիք է մեր ժողովրդի շարունակականությունն ապահովող հայկական եկեղեցու եւ հայկական ավանդական ընտանիքի անձեռնմխելիությանը… իշխանություններին, իրավապաշտպաններին եւ քաղաքական կուսակցություններին հորդորում ենք առաջնորդվել բացառապես հայ ժողովրդի շահերով եւ չտրվել ցանկացած մի լոբբիստական խմբի ֆինանսական գայթակղություններին»: Այս խոսքերից հետո Չախալյանն անդրադարձավ ՀՀ-ի ժողովրդագրական խնդիրներին, մասնավորապես՝ ծնելիության ցածր մակարդակին, արտագաղթին:

Միջոցառման ժամանակ այլ անձինք էլ ելույթներ ունեցան, շեշտելով՝ պետք է պահպանել հայկական արժեքներն ու ավանդական ընտանիքը:

Վերջում Շուշան Պետրոսյանը կարճ ելույթ ունեցավ. «Ինձ համար այնքան տարօրինակ է այս ամեն ինչը, որովհետեւ ծննդյանս առաջին իսկ օրվանից ես գիտեմ, որ հայ եմ, որ լեզուս հայերենն է, եկեղեցիս՝ առաքելականը: Եվ ինչ-որ նոր, ինձ համար անհասկանալի կեղծ արժեքների մասին քննարկելն անգամ ինձ համար անընդունելի է, ուր մնաց հայ ընտանիքի, դասական, փայլուն խորհուրդը՝ ինչ-որ քայքայիչ երևույթների հայտնվելը: Էս տղերքն (ցույց է տալիս Եռաբլուրի շիրիմները) էսօր մեր կողքին չեն, որովհետեւ այդ ընտանիքներն էին պահպանում: Պահում էին այդ ընտանիքի անդորրը, հողը: Ոնց որ իմ հետախույզ ընկերներն են ասում՝ լյավա ըլնիլու, լյավ կիլինի: Էս էլ ենք անցնելու: Որ հարցնում են՝ ոնց ես, ասում եմ՝ մարտական: Էսօր այլ կերպ լինել չի կարող», ու երգեց Շուշան Պետրոսյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930