Տնտեսագետ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ ՊԵԿ-ի նախաձեռնած՝ ID քարտերով հարկման մեթոդը լավ գործիք չէ եւ ռիսկեր է պարունակում: Հիշեցնենք՝ օրերս ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ 2020 թվականից ՀՀ 18-ից 65 տարեկան բոլոր քաղաքացիները կդառնան հարկ վճարող. ID քարտերը կդառնան կուտակային, եւ դրանցով առեւտուր անելու դեպքում առաջին տարվա համար առեւտրի դիմաց քաղաքացուն կվերադարձվի առեւտրի ծավալի 1, երկրորդ տարում՝ 2, եւ 3-րդ տարում՝ 3%-ը: «Դեռ պարզ չէ՝ ի՞նչ տեխնիկական միջոցներ են կիրառվելու: Խանութները պետք է զինված լինեն համապատասխան գործիքներով, որոնք պետք է կապված լինեն այն սերվերի հետ, որում ներդրված են ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները: Որքանո՞վ է անվտանգ սա»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր նշեց Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ առեւտրի ծավալը փաստաթղթավորելու, այսինքն՝ տնտեսությունում ստվերը կրճատելու ՊԵԿ-ի նմանօրինակ պատրաստակամությունը ողջունելի է, բայց հարկման մեխանիզմները պարզ չեն. «Օրինակ, գուցե ընտանիքի բոլոր ադամներն ունեն ID քարտեր, բայց առեւտուր անում են մեկը կամ երկուսը: «Քեշբեքը» հատկացնելու են ծախսերից, բայց կարող է՝ ծախսն ավելին է, քան եկամուտները: Ասենք, մարդը տարեկան ստանում է մեկ միլիոն դրամ աշխատավարձ, բայց ծախսում է մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ, որովհետեւ ընտանիքի մեկ այլ անդամի քարտով էլ է առեւտուր անում: Տվյալ մարդուն կհարցնեն՝ որտեղի՞ց քեզ հավելյալ 200 հազար դրամը: Ուստի պարզ չէ՝ ի՞նչ մեխանիզմներով են այդ հաշվարկն անելու»:
Ըստ տնտեսագետի, ID քարտերով առեւտուր անելու դեպքում շատ եկամուտ ունեցողը շատ կկուտակի, քիչ եկամուտ ունեցողը՝ քիչ. «Բեւեռացում կառաջանա: Կարծում եմ՝ շատ ստացողից պետք է հարկել շատ, իսկ քիչ ստացողից՝ քիչ: Մեկ այլ դեպքում, օրինակ, կինը չի աշխատում, բայց առեւտուր է անում ամուսնու քարտով, ինչպե՞ս են այս դեպքում հարցը մեկնաբանելու: Հուսամ՝ առաջիկայում այս խնդիրների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ կմշակվեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/2266623040078138/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ