Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում ո՞ւմ ձախողումն է Խաչատուրովը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 10,2018 13:25

Թեեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը վերջնականապես լուծվելու է դեկտեմբերի սկզբին, այնուհանդերձ արդեն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում մեծ աղմուկ է բարձրացել, որ մենք ամենայն հավանականությամբ կկորցնենք այդ պաշտոնը, եւ դա նոր իշխանությունների լրջագույն ձախողումն է:

Հնարավոր է՝ Հայաստանն իսկապես էլ կորցնի այդ պաշտոնը: Եւ իսկապես էլ՝ շատ ավելի լավ կլիներ, եթե մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը: Այստեղ վիճելու բան չկա: Բայց կարծում ենք՝ այստեղ արժե ուշադրություն դարձնել երեք հանգամանքների վրա:

Առաջին: Իսկապե՞ս պատճառը Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործն էր, թե՞ դա ընդամենը պատրվակ էր: Ի վերջո՝ այդ պաշտոնը 3 տարով տրվել էր Հայաստանին, եւ ոչ թե անձամբ Խաչատուրովին, հետեւաբար՝ նոր թեկնածությունն էլ պիտի առաջադրի Հայաստանը: Անկախ իրավական նրբություններից՝ սա այնքան ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում անգամ քննարկման առարկա չպետք է դառնար, ու եթե այդ հարցն այնուամենայնիվ քննարկվում է՝ նշանակում է, պատճառը Խաչատուրովի նկատմամբ «անհարգալից վերաբերմունքը» չէր:

Երկրորդ: Իսկապե՞ս այդքան կարեւոր էր Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում: Դա, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց փաստն այն է, որ նույն Խաչատուրվի «նախագահության» ժամանակահատվածում է, օրինակ, ՀԱՊԿ անդամ Բելառուսը մեծ ծավալի ժամանակակից սպառազինություն վաճառել Ադրբեջանին, նույն ժամանակահատվածում է ՀԱՊԿ անդամ Ղազախստանն, օրինակ, հանդես եկել մեղմ ասած՝ ոչ հայանպաստ դիրքորոշումներով, եւ այլն: Սա, ի դեպ, ամենեւին էլ անձամբ Խաչատուրովի թերացումը չէ, համակարգն ու մեխանիզմներն են այդպիսին: Ճիշտ այդպես էլ, օրինակ, ԵԱՏՄ-ում Տիգրան Սարգսյանի «վարչապետությունը» որեւէ կոնկրետ օգուտ չի տվել Հայաստանին, ու մեծ հաշվով՝ չէր էլ կարող տալ:

Երրորդ: Ենթադրենք՝ ՀԱՊԿ-ում նախագահությունը կորցնելն իսկապես Հայաստանի լրջագույն արտաքին քաղաքական ձախողումն է: Բայց արդյո՞ք դա Նիկոլ Փաշինյանի՛ կառավարության ձախողումն է (ինչպես հանրապետականներն են պնդում): Իսկ ո՞վ էր որոշել, որ հենց Խաչատուրովը պիտի զբաղեցնի այդ պաշտոնը: Հայաստանի զինված ուժերում պակաս կասկածելի անցյալով որեւէ գեներալ չկա՞ր: Թե՞ Սերժ Սարգսյանը ոչինչ չգիտեր մարտի 1-ի դեպքերին նրա հնարավոր մասնակցության մասին (կամ առնվազն՝ այն մասին, որ երբեւէ նման կասկածներ կարող են լինել): Իսկ գուցե հատկապես նրան Մոսկվա գործուղելը հենց վարձատրությո՞ւն էր մարտի 1-ին նրա մատուցած ծառայությունների դիմաց:

Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930