Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագետի համար լռությունը… ոսկի՞. «Ազգ»

Նոյեմբեր 10,2018 13:15

Նոյեմբերի 2- ին գերմանացի հետաքննող լրագրողներ Մայք Բաումգերթները, Յորգ Դիհլը, Աքսել Հեմմերլինգը, Լուդվիգ Քենդցիան եւ Մարտին Քնոբբեն ( Maik BaumgՊrtner, JՓrg Diehl, Axel Hemmerling, Ludwig Kendzia, Martin Knobbe) առցանց «Շպիգել»-ում, Կենտրոնական Գերմանիայի երեք երկրամասերի՝ Սաքսոնիայի, Սաքսոնիա-Անհալթի, Թյուրինգիայի տեղական MDR ռադիոհեռուստաընկերության կայքէջում, գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի «Օրվա համայնապատկեր» լրատվականի կայքէջում տեղադրեցին նույն հետաքննությունը, որ վերջին լրատվամիջոցի վերնագրմամբ այսպես է ձեւակերպված՝ « Հայկական մաֆիան՝ տեսադաշտում»:

Գերուշագրավը սակայն նոր ենթաէջն է, որ բաց է անում հետաքննությունը՝ մաֆիայի գործունեության պարագիծը ենթադրաբար հասցնելով ՀՀ դիվանագիտական շրջանակներ՝ թիրախավորելով Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին: Նոյեմբերի 3- ին գերմանական առցանց լրատվահոսքին, որ «հայկական մաֆայի» մասին հետաքննությունը տարածել էր ոչ ամբողջական, ավելացավ նույն օրը լույս տեսնող տպագիր «Շպիգելը»: Այստեղ հետաքննությունն այնքան բառաշատ էր, դեսպանին վերաբերող պարբերություններում այնքան ծանր գույն կար, թեկուզ կասկածի ու ենթադրությունների մակարդակում, որ դժվար էր կարդալ ու լուռ նստել: Այն տպավորությունն ունեցանք, թե հայաստանյան լրատվամիջոցներին հասու դարձավ հետաքննության միայն ամփոփ տարբերակը: Եթե տպագիր «Շպիգելում» մեծ լրատվություն կա, ուրեմն «հոսելու» է… Այդ էր պատճառը, որ լրագրողական մեր խիստ մանրամասն հարցաշարը կազմեցինք տպագիր «Շպիգելը», այսպես ասած, խոշորացույցով կարդալուն զուգահեռ, մի նպատակ հետապնդելով՝ այն, ինչի մասին հաղորդում է պարբերականը, կփոխանցենք ձեւակերպված հարցի տեսքով, կզետեղենք դեսպանի պատասխանը, ու հնարավոր ապատեղեկատվությունը, մանավանդ սոցցանցերում շրջանառվող որոշ մեկնաբանություններ ու ենթադրություններ բամբասանքի թեւերով գետնից չեն կտրվի: Առաջին ձեռքից ստացված տեղեկատվությունը կեղծիքն ու շահարկումը չեզոքացնող բանաձեւ է:

Դեսպան Սմբատյանը , որ ինչպես միշտ պատրաստակամ էր պատասխանել մեր գրավոր հարցերին, բանավոր զրույցում դրանց կարճառոտ համոզիչ ձեւակերպումներ տվեց, այդուհանդերձ հուշեց կարգը՝ դրանք վերադասի՝ արտգործնախարարության ուշադրությանը պիտի ներկայացվեն, նրա արտոնությունից հետո հարցազրույց կլինի: Երկուշաբթի օրվանից ի վեր ԱԳՆ- ի պատասխանին սպասելով, դրանք չստանալով, որոշեցինք մեր հարցերը վերաշարադրել ստորեւ՝ թեկուզ առանց պատասխանների: Մեր հարցերի մեջ «պատմություն» կա.

– Գերմանական լրատվամիջոցները տարիներ շարունակ իրազեկում են «հայկական ճյուղավորված մաֆիայի», տարբեր կլանների միջեւ պայքարի մասին՝ նշելով հստակ դեպքեր, դրվագներ, փաստեր: Դուք Գերմանիայում եք վաղուց՝ 1999- ից ՀՀ դեսպանության աշխատակից եք, ճանաչո՞ւմ եք այդ կլաններին, նրանց անդամների հետ ծանո՞թ եք :

– Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում դաշնային իրավապահ մարմիններին, քրեական վարչության աշխատակիցներին սատարել է Եվրոպոլը, 42 անձանց ֆինանսներ են ստուգվելՙ փողերի լվացման կասկածանքով, վերծանվել են հեռախոսային խոսակցություններ, էլեկտրոնային փոստի նամակագրությունը, սակայն տարբեր պատճառներով իրավապահներին չի հաջողվել բավարար ապացույցներ ձեռք բերել, ինչը վկայում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում պետության անզորության մասին, գրված է «Շպիգելի» հոդվածում: Բավարար ապացույցներ ուրեմն չկան, բայց՝ «Շպիգելի» եւ MDR- ի հրապարակած հոդվածի համաձայն, Ձեզ արդեն 10 տարի կասկածում են մարդկանց ապօրեն տեղափոխող միջազգային ցանցում ընդգրկված լինելու մեջ: Իրավապահ մարմինները Ձեզ հետ երբեւէ հանդիպե՞լ, ակնարկե՞լ են սրա մասին:

– 2008-ից արդեն, ինչպես գրված է հոդվածում, Գերմանիայի դաշնային հետախուզական վարչությունում Ձեր անունով գաղտնի թղթապանակ կա, որում նշված է, թե Դուք, մեջբերում ենք տառացի՝ «օրենքով գող» եք: Բայց դաշնային քրեական վարչության, ինչպես նաեւ Ինտերպոլի գրագրության մեջ Ձեր հասցեին այդ բնորոշումը չկա: Ինչպես նույն հոդվածից ենք տեղեկանում, Ձեր փաստաբանը «անհեթեթ» է որակել այդ բնորոշումը: Այդպիսի ծանր պիտակավորումն, անկեղծ ասած, ընկալելի չէ: Հոդվածում իհարկե մեկնաբանված է՝ ինչ է նշանակում «օրենքով գող»՝ պետության համար չեն աշխատում, բանակում չեն ծառայում…Ձեր պարագայում կարծես նաեւ թվարկածն այնքան էլ չի համընկնում: Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Ըստ հոդվածի, 2005- ին Դուք Բեռլինի դատախազության ուշադրության կենտրոնում եք հայտնվել, նախաքննություն է իրականացվել, քանի որ գերմանական բանկին հաճախ եք կանխիկ գումար փոխանցել, ինչը հիմք է տվել կասկածելու, թե փողերի լվացմամբ եք զբաղվել: Իսկ դեսպանատան նախկին աշխատակիցներից մեկն էլ գերմանացի պաշտոնյաներին տեղեկացրել է, թե «արտերկրյա դրամական փոխանցումները Հայաստանի դեսպանատան սովորական պրակտիկան են»: Հոդվածում այնուհետ նշվում է Ձեր հերքումը, թե նախաքննություն է եղել: Կմեկնաբանե՞ք:

– «Դեսպան Սմբատյանը վերջին տարիներին շատ բան է արել Գերմանիայում իր երկրի եւ սեփական կերպարի բարելավման համար: Ներքին գործերի դաշնային, ինչպես նաեւ երկրամասային նախարարություններում նախորդ տարեվերջին նա գերմանացի պաշտոնատարներին խոստացավ օժանդակել մաֆիայի դեմ պայքարի հարցում: («Ազգ»-ը ժամանակին՝ 9. 03. 2018- ին փոխանցել է այդ լուրը՝ հղում անելով գերմանական մամուլին- Ա.Հ.): Նախարարությունները ձեռնպահ մնացին, իսկ դաշնային քրեական վարչությունը մարտ ամսին առաքված նամակում «խորհուրդ չի տվել» Հայաստանի հետ համագործակցել, քանզի կասկածել է, թե հայկական իշխանությունները կապված են «օրենքով գողերի» հետ»,- գրված է հոդվածում: Ինչո՞ւ Հայաստանն ավելի վաղ չէր առաջարկում իր աջակցությունն այս հարցում:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ազգ» շաբաթաթերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930