«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը, անդրադառնալով հրապարակմանը, թե «Լուսավոր Հայաստանը» ու ևս մի քանի այլ կուսակցություններ փորձում են համագործակցել նախկինում ՀՀԿ–ի համար ռեյտինգայինով ձայն բերողների հետ, նշեց, որ ինչպես ավելի վաղ հայտարարել է կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, իրենց նախընտրական ցուցակներում չպետք է ներգրավված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր կարող են ստվերել կուսակցության անունը: «Փաստի» հետ զրույցում նա նաև հավելեց, որ ովքեր այցելում են կուսակցության գրասենյակ և ցանկություն են հայտնում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, բոլորի կենսագրությանը, անցած ճանապարհին ծանոթանում են և հավաստիանում, որ նախկինում երբևէ չեն զբաղվել երկրի թալանով, կոռուպցիայով, ընտրակեղծարարությամբ:
«Նման ուսումնասիրությունից հետո ենք միայն մեր համաձայնությունը տալիս, որ նրանք ընդգրկվեն մեր նախընտրական ցուցակում: Եվ երբեք չի եղել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության որևէ անդամի խոսքը և կուսակցական վարքագիծն իրար հակասեն: Եվ այն լուրերը, թե մենք փորձում ենք Հանրապետականի ռեսուրսն օգտագործել «Լուսավոր Հայաստանի» օգտին ձայն հավաքելու համար, կարող եմ ասել, որ հնացած սև PR է կուսակցության դեմ, որովհետև այն նաև օգտագործվեց Երևանի ավագանու քարոզարշավի ժամանակ, բայց հետո տեսանք, թե իրականում ինչ կատարվեց»,– ասաց Ա. Սամսոնյանը:
Նա նաև նշեց, որ ովքեր ժամանակին աշխատել են ՀՀԿ–ի հետ՝ կուսակցության համար ձայներ հավաքել, դա չեն արել կուսակցության գաղափարախոսությունից ելնելով:
«Այդ մարդիկ ինչ–ինչ ակնկալիքով են նման գործունեություն ծավալել ՀՀԿ–ի համար: Ուստի նման մարդիկ այդպիսի ակնկալիք չեն կարող ունենալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից»,– ասաց Ա. Սամսոնյանը:
Նա նշեց նաև, որ ինքը տեղեկացված չէ, թե այլ կուսակցություններում ինչ անցուդարձ է այս օրերին տիրում, բայցև նշեց, որ նման «ծառայություններ» առաջարկող մարդիկ այս օրերին թակում են բոլոր կուսակցությունների դռները: Եվ ակնկալիքները՝ միայն գումար աշխատելը չէ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: