Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը
Հայաստանյան գերքաղաքականացված թոհուբոհի մեջ մշակույթին հերթ չի հասնում և «մշաճկույթիկը» միշտ հանդես է գալիս որպես մեքենայի հինգերորդ անիվ կամ, ֆուտբոլային լեզվով ասած՝ «խաղից դուրս» վիճակում է: Հանրությունը երկու օր է՝ քննարկում է 97-ամյա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի փոփոխությունը, թեեւ մինչ այդ էլ շշուկներ էին թափառում այդ մասին:
Երաժշտական ոլորտի մասնագիտական դարբնոցը մեր մշակույթի ամենաամուր սյուներից մեկն է ու թեև «կոնսը» կրթական համակարգ է, բայց այն մշտապես դիտարկվում է մշակույթի ոլորտում: Տասնամյակներ շարունակ վիճաբանությունների թեմա է եղել մշակութային երեք պետական բուհերի («կոնս», «գեղարվեստ», «թատերական») գերատեսչական պատկանելության հարցը. այն պետք է մնա կրթությա՞ն, թե՞ մշակույթի նախարարության իրավասության ներքո: Այդ հարցին չենք անդրադառնա, միայն փաստենք, որ կրթության նախարարությունը մշակույթի ոլորտում «քայլ արեց» եւ փորձում է հիմնավոր փոփոխություն իրականացնել կրթամշակութային դաշտում: Թվում է՝ էական ոչինչ չկա, ի՞նչ է եղել, ընդամենը «հիմնարկի» ղեկավարի փոփոխություն, որը մշտապես եղել է ու կլինի, բայց ի՞նչն է պատճառը, որ Սոնա Հովհաննիսյանի նշանակումը հասարակության մեջ ուրախության ալիք բարձրացրեց և շնորհավորանքների բուռն տարափ՝ ոչ միայն տիկին Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում, այլև արվեստագետների զրույցներում և, իհարկե, եզակի դեպքերից է, երբ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի իրականացրած գործնական այս քայլին բարձր գնահատանքների մեծ հոսք ուղղվեց:
Ակնհայտ է, որ ռեկտորի փոփոխության հետ կապված «տոնական տրամադրությունը» ուղիղ կապ ունի կոնսերվատորիայի կրթական համակարգում ակնկալվող փոփոխությունների հետ, որին սպասում է ամեն սերունդ և յուրաքանչյուր դիմորդ: Խնդիրն այն չէ, որ նախորդ ղեկավարությունը ոչինչ չի արել, ընդհակառակը՝ արվել է հնարավոր ամեն ինչ, ինչպես միշտ ասվել ու գրվել է՝ Երևանի կոնսերվատորիայի կրթական ցենզը բարձր պահելու համար, բայց արդեն երկար տարիներ այնպիսի տպավորություն է, որ աշխարհում շատ բաներ են փոխվում, բայց կոնսերվատորիայում կարծես ոչինչ չի փոխվում, կոպիտ ասած՝ ամբողջովին մնացել է խորհրդային համակարգում, ընդ որում՝ ոչ միայն կոնսերվատորիան, այլև հայկական ամբողջ կրթաերաժշտական «աշխարհը», որից էլ հենց «սերվում են» պրոֆեսիոնալ երաժիշտները:
Այո, ճիշտ են հանրության և կառավարության ակնկալիքները նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարի անձի հարցում: Առանց թերագնահատելու նախորդների արված գործը կոնսերվատորայում, այնուամենայնիվ, շատերը ուրախ են այն ղեկավարի համար, ով նորանկախ Հայաստանի մշակութային կյանքում հիմնադրեց «Հովեր» երգչախումբը, որը արդեն երկու տասնամյակ գտնվում է մասնագիտական միջազգային պահանջներին համապատասխան բարձրության վրա ՝ ի հեճուկս այն դժվարությունների, որոնց պատճառով նույն ոլորտի շատ կոլեկտիվներ չկայացան, որպես հիմնավորում բերելով «աշխատելու համար հանրապետությունում առկա անհնար վիճակը», բայց նույն այդ «անհնար վիճակը» երբեք չվերաբերեց Սոնա Հովհաննիսյանին, ով կարողացավ ստեղծել ոչ միայն բարձրակարգ երգչախումբ, այլև հայ մշակույթը ներկայացրեց աշխարհի տարբեր երկրներում և միշտ կարողացավ պահել երգչախմբի բարձր կարգը: Իր գործունեության շեշտված ինքնատիպությամբ նա կարողացավ կոլեկտիվին մասնակից դարձնել ժանրային տարբեր, ժամանակակից ու բարդ փոխակերպումների և արվեստի տարբեր տեսակների ու ժանրերի հետ համագործակցությունների, ու այս ամենը շատերի կողմից «անհնար» համարվող իրավիճակներում: Սա՛ է պատճառը:
«Առավոտը» ևս միանում է «ի սրտե շնորհավորանքների» հեղեղին և բարեմաղթում, որ բոլորս կարողանանք հնարավորինս արագ իրականացված տեսնել մեր ակնկալիքները: Շնորհավորում ենք Սոնա Հովհաննիսյանին, կոնսերվատորիայի ուսանողությանը և մշակույթի երկրպագուներին: Միանշանակ, դժվար կլինի, բայց հավատում ենք:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ