Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանկարծ», ընտրություններից առաջ որոշեցին, թե՝ «բա մենք ընդդիմություն ենք». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 10,2018 11:30
ynddimadir

Երեկ բավական հետաքրքիր զուգահեռումներ եղան, այսպես ասենք՝ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների՝ գրեթե նույն թեմայի վերաբերյալ հայտարարություններում:

Սկսենք ընդդիմությունից: ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մասնավորապես նշեց. «Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար: Խորհրդարանական դիվանագիտությունը նաեւ արտաքին քաղաքականության հզոր գործիք է: Իսկ անվտանգության եւ պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ եւ լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական եւ փորձառու թիմի հետ բանավեճի եւ փոխգործակցության միջոցով»:

Նկատենք, Վիգեն Սարգսյանը առանց որեւէ անուն տալու, նաեւ առանց կոնկրետ ուժ ակնարկելու է արել իր, ըստ էության, անվիճարկելի պնդումը: Հասկանալի է, իհարկե, որ ՀՀԿ-ն ներկայացնող գործիչն առաջին հերթին նկատի ունի իր կուսակցությունը՝ նշած ուժեղ ընդդիմության դիրքում: Առավել եւս, որ ընդգծել է կառուցողականության եւ փորձառության պահը: Այնուհանդերձ ձեւակերպումը քաղաքական կոռեկտության սահմաններում է՝ առավել քան:

Բայց արի ու տես, որ ամեն ինչին իրենց ներքին ծուռ հայելիների պրիզմայով նայող որոշ մեկնաբաններ շտապել էին երկար-բարակ դատողություններ անել՝ շեղվելով ասվածի բուն շեշտադրումից: Մենք չենք շեղվի:

Իսկ բուն շեշտադրման հետ անհնար է չհամաձայնել. իսկապես էլ, ամեն մի իշխանության անհրաժեշտ է, որ ունենա ուժեղ ընդդիմություն: Վիգեն Սարգսյանը միանգամայն տեղին ընդգծել է Արցախի հիմնախնդիրը, եւ էլի՝ դժվար է չհամաձայնել:

Ի դեպ, արդեն իսկ մի քանի դեպքում դրսեւորված իրողությունները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն Վիգեն Սարգսյանի նշած էական հանգամանքով է պետք ուժեղ ընդդիմություն, այլեւ կայծակնային արագությամբ ավտորիտարիզմի ու անձնիշխանության ոչնչացնող ճիրաններում չհայտնվելու համար:

Ասենք, դա ավելի շուտ բոլորիս է պետք, պետությանը, երկրին, հասարակությանը: Հակառակ դեպքում մեկ էլ տեսար մի լուսավոր կամ ձնառատ օր վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բանից նյարդայնացավ եւ իրեն հատուկ ոճով սկսեց՝ «պառկեցրեք սառույցներին, ծեփեք պատերին» կամ էլ որոշեց, որ նորից պետք է «գրոհել խորհրդարանը»՝ սխալ են քվեարկել…

Ինչ վերաբերում է իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ապա վարչապետի պաշտոնակատարը, Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Աստանայում ունեցած հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է. «Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետեւ ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն եւ ով` ընդդիմություն»:

Լիովին համամիտ ենք Փաշինյանի կոնկրետ այդ ձեւակերպմանը, որ ժողովուրդը, ավելի ճիշտ՝ ընտրողները կորոշեն եւ որ ընդդիմությունն ինքը պետք է իրեն ստեղծի: Արհեստական ընդդիմությունն իսկապես էլ քաղաքական գործընթացների «ձեռքի արգելակ» է:

Բայց իսկապե՞ս, օրինակ, Փաշինյանի թիմը կամ հենց ինքն առանց թիմի, չի փորձում ստեղծել կամ չի գայթակղվել «արհեստական ընդդիմություն» ստեղծելու հնարավորությամբ:

Այդ դեպքում ինչո՞վ են զբաղված դեռ երեկ չէ առաջին օրը իրեն, այսպես ասենք, ծափահարող, իր հետ դաշինք կազմած, կառավարության կազմում ընդգրկված ուժերն ու գործիչները, որ այսօր ու «հանկարծ», ընտրություններից առաջ որոշեցին, թե՝ «բա մենք ընդդիմություն ենք»: Ու սկսեցին ինտենսիվորեն հարվածներ տեղալ… միակ ընդգծված ընդդիմադիր քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ուղղությամբ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930