ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի Հայաստանի քվոտայի, այսպես ասած, չեղարկումը Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է: Ինչպես հայտնի է, ՀՀԿ մեկ այլ ներկայացուցիչ՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ըստ էության «ուժեղ ընդդիմության» առաջարկ էր արել Նիկոլ Փաշինյանին:
Ակնառու է, որ Շարմազանովի և Վիգեն Սարգսյանի դիրքորոշումները որոշակի հակասության մեջ են, որովհետև «ուժեղ ընդդիմությունը» ենթադրաբար պետք է ՀԱՊԿ-ին մեղադրի Հայաստանի քվոտան, այսպես ասած, անհիմն կերպով չեղարկելու մտադրության համար, ոչ թե դա հռչակի Նիկոլ Փաշինյանի հերթական բացահայտ ձախողում: Վերջին հաշվով, այդպիսի հռչակումով արդարացվում է Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ առնվազն որոշ անդամների քայլը: Եվ դա այն դեպքում, երբ նախօրեին Աստանայում տեղի ունեցած Վեհաժողովում Ղազախստանի նախագահ Նազարբաևը, ինչպես նշել էինք ավելի վաղ, գործնականում բացահայտեց այդ կազմակերպությունում Հայաստանի դեմ առնվազն որոշ անդամների և Ադրբեջանի սերտ գործակցությամբ հյուսվող դավադրությունը: Եվ առավել ևս, որ այդ դավադրության պատմությունը ամենևին նոր չէ, և այն իր մաշկի վրա տարբեր տարիների զգացել է նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ահա այս համատեքստում «ուժեղ ընդդիմությունը» պետք է ենթադրի ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանք, ինչը ըստ, այսպես ասած, մեխանիկայի՝ պետք է ուժեղացնի Նիկոլ Փաշինյանի դիրքերը ՀԱՊԿ-ում: Այդպիսով ակնառու է դառնում տրամաբանական հակասությունը Վիգեն Սարգսյանի «առաջարկի» և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ ՀԱՊԿ ԳՔ քվոտայի չեղարկմանը տված գնահատականի միջև:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: