Կարծում եմ՝ շատերը կարող են համաձայնել, որ արդեն բազում տարիներ մենք լուրջ ընդդիմություն, որպես այդպիսին, չունենք: Հանրահայտ է, որ ժողովրդավարություն կոչվածը պահանջում է առողջ ընդդիմության անհրաժեշտություն, որն էլ կարող է ապահովել հասարակության զարգացումը: Ընդդիմության բացակայությունը պայմանավորված է բազում պատճառներով, որոնցից մեկին ժամանակ առաջ անդրադարձել եմ («Սահմանադրությունը եւ ազգային համաձայնությունը», ՀՀՍԴ Տեղեկագիր, 2018թ. 3): Նշված հոդվածում արտահայտել եմ այն տեսակետը, որ քանի դեռ մեր խորհրդարանում չի գործում այնպիսի մեխանիզմ, որ ընդդիմությունը կարողանա մասնակցել որոշումներ ընդունելուն եւ ստանձնի որոշակի պարտավորություններ եւ պատասխանատվություն, ապա այդ ընդդիմությունն անելիք չունի՝ բացի դատարկ հռետորաբանությամբ զբաղվելուց:
Այժմ ցանկանում եմ անդրադառնալ մի այլ պատճառի, որը թաքնված է մեզանում գործող կուսակցական համակարգում: Բանն այն է, որ հայտնի մի քանի տասնյակ կուսակցություններից ոչ մեկը չունի ներքին ընդդիմություն: Իսկ ինչո՞ւ չունի: Մի պարզ պատճառով՝ քանզի կուսակցություններից յուրաքանչյուրը ստեղծել եւ ղեկավարում է մեկ անձ, որն էլ դարձել է լիդերը եւ աստիճանաբար վերածվել առաջնորդի («ՉՏՋՊՖ»-ի), իսկ կուսակցությունը դառնում է գրպանային, այսինքն՝ դադարում է լինել կուսակցություն: Հասկանալի է, որ այդպիսի կուսակցությունները չեն կարող գործել ժողովրդավարական սկզբունքներով, ինչը սահմանադրական պահանջ է: Հասկանալի է նաեւ, որ նման կուսակցություններից բաղկացած խորհրդարանը նույնպես չի կարող գործել ժողովրդավարական սկզբունքներով:
Գրպանային կուսակցությունը հասարակության համար դառնում է վտանգավոր, որովհետեւ արտաքուստ ստեղծում է այն պատրանքը, որ մեզանում գոյություն ունի կուսակցական համակարգ եւ նպաստում է ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանը, այնինչ իրականում այդ շինծու կուսակցություններն առաջնորդվում են ոչ թե հասարակական շահերով, այլ կուսակցական առաջնորդի եւ նրա շուրջը համախմբված խմբի շահերով: Իր հերթին առաջնորդը ղեկավարվում է իրեն նվիրվածության չափանիշով եւ իր շուրջն է համախմբում միայն իր վստահությունը վայելող անձանց: Գրպանային կուսակցությունները ստեղծվում են տարբեր նպատակներով. մասնավորապես առաջնորդը ցանկանում է հագուրդ տալ իր իշխանական նկրտումներին, ի ցույց դնել սեփական անձը հասարակությանն ու իշխանություններին, իր համար ապահովել որոշակի արտոնություններ եւ առաջին հերթին իր անվտանգությունը, որովհետեւ իր որոշակի անօրինական գործողությունները կարող է ներկայացնել իբրեւ քաղաքական հետապնդում: Իհարկե, մի շարք առաջնորդներ կարողանում են շահել հասարակական որոշակի շերտերի վստահությունը եւ հատկապես ընտրությունների ժամանակ ստանալ բավականին մեծ քանակությամբ քվեներ եւ այս դեպքում հնարավորություն են ստանում իրենք իրենց «վաճառել» ավելի թանկ գնով, նույնիսկ ստանալ բարձր պաշտոններ:
Գրպանային կուսակցության լավագույն օրինակ է լենինյան կոմունիստական կուսակցությունը, որը դեռեւս 1903-ին կուսակցության կազմակերպական հիմքը դարձրեց դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, որով վերացվեց որեւէ փոքրամասնության (ներքին ընդդիմության) հնարավորությունը, եւ կուսակցությունը վերածվեց ռազմական ջոկատի, որը կարող է գործել միայն հրամանատարի (կուսակցության առաջնորդի) եւ գլխավոր շտաբի (պոլիտբյուրոյի) հրամաններով: Ամենեւին պատահական չէր, որ Լենինը օգտագործում էր ոչ թե ընդդիմություն (օպոզիցիա), այլ օպորտունիզմ, այսինքն՝ իսկական (լենինյան) ճանապարհից խոտորվածությունը: Այդ ճանապարհով Լենինը կարողացավ իրականացնել անգամ հեղաշրջում (ոչ թե հեղափոխություն)՝ ամեն ինչ հարմարեցնելով իր քաղաքական կամքին:
Առհասարակ գրպանային կուսակցությունը գրպանային է ոչ միայն այն առումով, որ այդ կուսակցությունը գործում է միայն ու միայն առաջնորդի քմահաճույքներին համապատասխան, այլեւ այն պատճառով, որ հեշտությամբ կարող է դառնալ այլ քաղաքական ուժերի խաղալիքը, որքանով դյուրությամբ, այս կամ այն եղանակով, կարելի է ազդել առաջնորդի վրա: Մի դեպքում դա կարող է լինել որեւէ առարկայական խոստում կամ պարզապես կաշառք: Օրինակ՝ իշխանությունը քիչ թե շատ կշիռ ունեցող կուսակցությունների առաջնորդներին կամ նրանց մերձավորներին կարող է տալ պաշտոններ, որոշակի արտոնություններ եւ այլն, իսկ, այսպես կոչված, «համը հանողներին» հեշտությամբ «տեղը դնել»:
Կուսակցությունների գրպանային լինելը երեւում է անզեն աչքով: Այսպես, անհասկանալի է, թե ինչու շատ կուսակցություններ չեն մասնակցում ընտրություններին: Եթե կուսակցությունը քաղաքական կազմակերպություն է, եւ հիմնական խնդիրը իշխանության հասնելն է, ապա ինչո՞վ է բացատրվում ընտրությանը չմասնակցելը: Կամ այն կուսակցությունը, որ ընտրությունից ընտրություն մշտապես չի կարողանում հավաքել լուրջ ընտրազանգված, ինչո՞ւ առաջնորդը եւ ղեկավար կազմը հրաժարական չեն տալիս: Սովորաբար նրանք ընտրությունից հետո անմիջապես հայտարարում են, որ ընտրակեղծիքներն են պատճառը: Այս պատճառաբանությունը, կարծում եմ, անհիմն է, որովհետեւ հենց կուսակցությունները պետք է կարողանան ստեղծել ընտրակեղծիքները կանխող մեխանիզմներ: Եթե ընդունակ չեն այդ գործը կատարել, ուրեմն իրավունք չունեն կուսակցություն կոչվելու: Օրինակ՝ ընտրությունից ընտրություն, կուսակցության այն ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են ընտրական հանձնաժողովներում, դարձել են վստահված անձինք եւ այլն, չունեն բավարար իրավական պատրաստվածություն օրենքով նախատեսված հնարավորություններն օգտագործելու եւ դրանով իսկ նպաստում են ընտրությունների օրինականության պատրանք ստեղծելուն:
Առավել վտանգավոր է գրպանային կուսակցությունը, երբ այն դառնում է արտաքին՝ օտար ուժերի ձեռքի խաղալիքը, եւ դա հեշտությամբ հնարավոր է իրականացնել, օրինակ, ֆինանսական ներարկումներ կատարելու միջոցով:
Գրպանային կուսակցությունների բացասական ազդեցության շուրջ երկար կարելի է խոսել, բայց առայժմ բավարարվենք այսքանով: Խնդիրն այն է, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ արատավոր շրջանից:
Հասկանալի է, որ այս դեպքում բարոյական սկզբունքները չեն գործում, հետեւաբար անհրաժեշտ են այլ, օրինակ՝ իրավական լուծումներ: Այս տեսակետից մեր օրենսդրությունը բարեփոխման կարիք ունի: Խոսքը վերաբերում է առաջին հերթին կուսակցություններին, խորհրդարանի կանոնակարգին եւ մի շարք այլ օրենքների եւ անգամ Սահմանադրությանը:
Օրինակ՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո որոշակի քանակությամբ ձայներից պակաս հավաքելու դեպքում կուսակցության ղեկավար կազմը փոխել, որքանով առաջնորդը կամովին հրաժարական չի տալիս եւ փորձում է զանազան հնարովի պատճառներով արդարացնել իր պարտությունը: Կամ «Ընտրությունների մասին» օրենքով նախատեսված է բողոքները ներկայացնել գործադիր իշխանությանը ենթակա մարմիններին, ինչից անհրաժեշտ է ձերբազատվել եւ ապահովել ընտրական արդարադատություն եւ ապահովել քաղաքացիական վերահսկողություն: Նմանատիպ խնդիրները չափազանց շատ են, եւ նորընտիր խորհրդարանը պետք է կարողանա այդ խնդիրներին պատշաճ լուծում տալ՝ դրանով իսկ նպաստելով նոր մտածողության ձեւավորմանը:
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ